Տեսանկյուն

Ինչո՞ւ են վկաները վախենում ցուցմունք տալ և ե՞րբ կբացահայտվի «Մարտի 1-ի» գործը

28.02.2014

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո:

«Գործող իշխանությունը մեղավոր է և երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Իշխանությունը ոչ միայն արել է [մարտի 1-ը], այլև կոծկելու, պարտակելու ամբողջ պարտականությունն իր վրա է»,- ասում է նա:

Արամ Մանուկյանի խոսքով, հազարավոր մարդիկ կան, ովքեր կարող են վկայություն տալ, սակայն այս իրավիճակում նրանք վախենում են խոսել, որովհետև գիտեն, որ ցուցմունք են տալու կազմակերպիչներին։

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ որքան հեռանում ենք մարտի 1-ից, այնքան դժվարանում է մարտի 1-ի բացահայտումը։

«Բայց նաև մեկ այլ տեսակետ ունեմ, որ մարտի 1-ն ի սկզբանե բացահայտված է: Փաստահավաք խումբը բազմաթիվ հարցերի գնահատականը տվել է, և այդ գնահատականով ամեն ինչ ասվել է»,– հավելում է նա:

Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ մարտի 1-ի համար պատասխանատվություն պետք է կրեն բոլոր մեղավորները՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ճամբարից են։

Իսկ ԱԺ-ում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետ փաստաբանը մեծ հույսեր չի կապում և կարծում է, որ պետք է գնալ այլ ճանապարհով։

Թե՛ Արամ Մանուկյանը, թե՛ Սեդա Սաֆարյանը կարծում են, որ թեև դժվարությամբ, բայց մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի։

Այս կարծիքները հնչել են փետրվարի 28-ին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ինչո՞ւ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը» թեմայով քննարկման ժամանակ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Մեդիա կենտրոնի» կայքում։

Աղբյուրը՝ www.hra.am