Տեսանկյուն

Մարո Գուլոյանի կասկածելի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցվում

05.03.2014

Մարո Գուլոյանը դստեր՝ Արևիկի հետ

Նախաքննական մարմինը պարզել է, որ 21-ամյա Մարո Գուլոյանն ինքնասպան է եղել իր խալաթի գոտիով կախվելու միջոցով, մինչդեռ խալաթը չի հայտնաբերվում: Գործում եղած հակասություններն ու կասկածելի հանգամանքները Մարոյի ծնողներին հիմք են տալիս եզրակացնելու, որ իրենց աղջիկն իրականում ինքնասպան չի եղել։

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը ահազանգում է, որ Մարո Գուլոյանի գործով նախաքննական մարմինը շարունակում է պարտակել հանցագործությունը:

2012 թվականին հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում Մարո Գուլոյանը, ոստիկանության ներկայացմամբ, ինքնասպան է եղել ամուսնու տանը՝ խալաթի գոտիով կախվելու միջոցով: Մինչդեռ Մարոյի ծնողները կասկածում են, որ աղջիկն ինքնասպան եղած լինի, քանի որ դեպքից մեկ ժամ առաջ Մարոն ծնողների հետ պայմանավորվել էր, որ իր 1 տարեկան դստեր հետ պետք է վերջնականապես լքեր ամուսնուն ու տեղափոխվեր ծնողների հետ ապրելու: Մարոն երկրորդ երեխային էր սպասում։

Աղջկա ծնողները կասկածներ ունեն, որ հենց Մարոյի ամուսինն է սպանել նրան, քանի որ չէր համաձայնում բաժանվել ու դստերը թողնել մոր հետ։ 

Մարոյի հայրը՝ Ռոման Թովմասյանը, ով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, արագ արձագանքման խմբի լրագրողին պատմել է, որ նախկին փեսան պարբերաբար բռնություն է գործադրել Մարոյի նկատմամբ. «Մի անգամ էլ մազերից նենց ա քարշ տվել, խփել, որ ուշքը գնացել ա Մարոյի: Անընդհատ բաժանվելու մասին էր խոսում աղջիկս: Էդ Գևորգն էլ ասում էր` էրեխուն թող, դու գնա: Էդ օրն էլ երևի էրեխու տանելու կռիվ ա եղել: Դա կազինոներից տուն չէր գալիս, սաղից փող էր վերցնում, տանում խաղում... Կազինոների համար Մարոյին էր ստիպում փող ճարեր, որ չէր ճարում, ծեծում էր աղջկաս... Նրանք միշտ էլ էրեխու համար կռվում էին. Մարոն ասում էր` էրեխուն հետս տանելու եմ, նա էլ սպառնում էր` եթե տանես, ես էլ ձերոնց էրեխեքից մեկին կտանեմ: Սպառնում էր, թե տղաներիս կսպանի, եթե Մարոն բաժանվելուց թոռանս էլ հետը մեր տուն բերեր»:

21-ամյա հղի կնոջ կասկածելի ինքնասպանության քրեական գործը վարույթ ընդունելը երկու անգամ մերժվել է: Առաջին անգամ Կոտայքի մարզի քննչական բաժնում կատարվեց նախաքննություն, և որոշում կայացվեց քրեական գործի հարուցումը մերժել։ Տուժողի իրավահաջորդի բողոքներից հետո, Գլխավոր դատախազի որոշմամբ Մարոյի գործը վերաբացվեց և քննությունը հանձնարարվեց Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնին, որն անցյալ տարի նույնպես որոշեց գործի վարույթը կարճել: Այս որոշումը տուժողի իրավահաջորդը բողոքարկում է դատական կարգով։

Տուժողի իրավահաջորդի փաստաբանը` Լուսինե Մինասյանը դատարանին է ներկայացրել մի շարք հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում նախաքննական մարմնի գործողությունները:

Փաստաբանի հավաստմամբ` դեպքի կապակցությամբ վկաների տված ցուցմունքները խիստ հակասական են, այդ թվում՝ Մարոյին կախված վիճակում գտնելու, օգնություն կանչելու, հիվանդանոց տանելու և այդ ամենի հետ կապված ժամանակային տվյալները չեն համապատասխանում իրար: Նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել պարզել այդ հակասությունների պատճառը։

Դատաբժշկական փորձաքննություն իրականացրած մարմինը գործին չի կցել դիակի լուսանկարները՝ պատճառաբանելով, թե դրանք վնասվել են։ Փաստաբանը կասկածելի է համարում, թե ինչո՞ւ փորձաքննություն իրականացնող նման լուրջ կառույցը 21-րդ դարում աշխատում է ոչ թե թվային ֆոտոխցիկով, այլ` ժապավենային։ Մյուս կողմից, ինչու որպես ապացույց չի պահպանում փչացած ժապավենը, այլ դեն է նետում։

Փաստաբանի խոսքերով՝ մյուս կասկածը հարուցում են բժիշկների գործողությունները. գործում նշված է, որ Մարո Գուլոյանին հիվանդանոց են ընդունել ժամը 19:20-ին: Բժիշկներն իրենց ցուցմունքներում նշել են, որ շատ կարճ ժամանակում պարզել են, որ Մարոն դիակ է, հնարավոր չէ ոչինչ անել։ Սակայն միայն 2 ժամ հետո են ահազանգել ոստիկանություն։ «Անհասկանալի է, թե 2 ժամ ի՞նչ օգնություն էին ցուցաբերում դիակին»,– ասում է փաստաբանը:

Մյուս աղմկահարույց հանգամանքն այն է, որ նախաքննությամբ պարզվել է, որ Մարո Գուլոյանը կախվել է իր խալաթի գոտիով, մինչդեռ այդ խալաթը չեն հայտնաբերում։ Մարոյի ամուսնու ծնողները ցուցմունքում նշել են, որ խալաթը նրա հետ թաղել են, սակայն արտաշիրիմում անելուց հետո խալաթը չեն գտել։ Ավելի ուշ նրանք ասել են, թե խալաթը հանգուցյալի բարձի մեջ են դրել ու թաղել:

«Բայց բարձն այնքան փոքր է, որ սրբիչից խալաթն ու այլ հագուստներն այդտեղ չէին տեղավորվի: Իսկ խալաթը գտնելը շատ կարեւոր էր, որպեսզի համադրվեր «ինքնասպանության գործիք» գոտու հետ»,- նշում է Լուսինե Մինասյանը:

Մարո Գուլոյանի մահվան գործով քննիչի որոշումը չեղյալ համարելու և քրեական գործ հարուցելու պահանջով փաստաբան Լուսինե Մինասյանի հերթական հայցը կքննվի մարտի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Վերը նշված ողջ տեղեկատվությունը տրամադրել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության Արագ արձագանքման խումբը:

Աղբյուրը՝ www.hra.am