Տեսանկյուն

Իրավախախտ անչափահասների վերականգնողական կենտրոնների ճակատագիրն անորոշ է

17.03.2014

Photo by hra.am

Իրավախախտում կատարած անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014թ. հունվարից այլևս չեն գործում։ Տարիներ շարունակ միջազգային ֆինանսավորմամբ գործող այս կենտրոնները, պետական կառույցների գնահատմամբ, կարևոր և արդյունավետ աշխատանք են կատարել։ Սակայն պետությունը միջոցներ չի տրամադրում դրանց համար։ Հետաձգվել է նաև պրոբացիոն ծառայության գործարկումը, որը կարող էր լրացնել վերականգնողական կենտրոնների բացը։

Փրոջեքթ հարմոնի ինթերնեյշնլ կազմակերպության նախաձեռնությամբ 2006 թվականին Երևանում բացվեց առաջին վերականգնողական կենտրոնը: Հետագա տարիների ընթացքում կենտրոնների թիվը դարձավ 11՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, բացի Վայոց Ձորից։

Կենտրոններն աշխատում են ոչ ծանր իրավախախտում կատարած և ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված երեխաների հետ։ Ոստիկանությունը հայեցողական լիազորությամբ այդ անչափահասներին ուղղորդում է վերականգնողական կենտրոններ, որտեղ վերապատրաստված մասնագետները (մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող) երեխաների հետ առնվազն 3 ամիս իրականացնում են սոցիալ–հոգեբանական, դաստիարակչական աշխատանքներ՝ վնասի փոխհատուցման կամ վերականգնողական անհատական ծրագրի հիմա վրա:

Փրոջեքթ hարմոնի ինթերնեյշնլի հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի խոսքերով՝ վերականգնողական կենտրոնները գործել են 94 տոկոս արդյունավետությամբ։ Արդյունավետ չեն աշխատել միայն Արտաշատի և Թալինի կենտրոնները, որոնք իրենք փակել են դեռևս մինչև ֆինանսավորման ավարտը։ Բոլոր կենտրոններն, ընդհանուր առմամբ, վարել են 844 դեպք, որից 703-ը՝ հաջող ավարտ են ունեցել։

«Այս պահի դրությամբ այլևս ֆինանսավորում չկա և պետք է գտնել այլընտրանք,– ասում է Մարիամ Մարտիրոսյանը՝ հավելելով։ –Պետությունը, հասկանալով կենտրոնների կարևորությունը, պետք է աջակցի ոչ միայն դրանց պահպանմանը, այլ նաև հետագա զարգացմանը: Այս կենտրոններն արդեն կայացած են, կարելի է զարգացնել և ներդրվող պրոբացիոն ծառայության համակարգում էլ աշխատանքներ իրականացնել»։

Երևանում և Աբովյան քաղաքում Անչափահասների վերականգնողական երկու կենտրոններ են բացվել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնի», Քաղաքացիական հասարակության ինտիտուտ ՀԿ–ի և Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության նախաձեռնությամբ՝ 2011-2013թթ.–ին իրականացված՝ անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխմանը նվիրված ծրագրի շրջանակներում։

Այս վերականգնողական կենտրոնները աշխատում են ոչ միայն օրենքի հետ խնդիրներ ունեցող կամ հաշվառման ենթակա երեխաների համար, այլ նաև՝ դժվար իրավիճակում հայտնված կամ ռիսկային երեխաների հետ։

«Ծրագրի 3 տարիների ընթացքում մենք կենտրոնների ներսում աշխատել ենք մոտավորապես 250 երեխայի հետ, դրանից բացի, ավելի քան 700 երեխա կոնֆլիկտների լուծմանն ուղղված ուսուցման դասընթացներ անցավ անմիջապես դպրոցներում»,– ասում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

Նրա խոսքերով՝ կենտրոնները նույնպես արդյունավետության բարձր ցուցանիշ են ունեցել՝ 95 տոկոս:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ եթե մենք փորձում ենք, նախևառաջ, հասկանալ՝ ինչու է երեխան հակասոցիալական վարք դրսևորել, եթե մենք փորձում ենք հասկանալ երեխային, այլ ոչ թե կենտրնանալ նրա արարքի վրա, եթե աշխատում ենք նրա ներքինը փոխելու ուղղությամբ, շատ մեծ է հավանականությունը, որ նա այդ արարքը այլևս չի անի»,– նշում է Անտոնյանը։

Երևանի վերականգնողական կենտրոնը շարունակում է իր աշխատանքը ՀՕՖ–ի աջակցությամբ։ Իսկ Աբովյանի կենտրոնի ճակատագիրն այս պահին անորոշ է։ Միրա Անտոնյանի խոսքերով՝ իրենք բանակցություններ են վարում Աբովյանի քաղաքապետարանի հետ, որպեսզի ՀՕՖ–ի և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով կենտրոնը շարունակի գործել։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանիկարծիքով՝ վերականգնողական կենտրոններն այս տարիների ընթացքում արդյունավետ են գործել և հարյուրավոր ճակատագրեր են փրկել։

«Ժամանակն է, որ կենտրոնների ֆինանսավորումը պետությունը վերցնի իր վրա։ Մեկ կենտրոնը պահելու համար տարեկան ընդամենը 3 միլիոն դրամ է պետք։ Դա ավելի ձեռնտու է, քան քրեակատարողական հիմնարկում անչափահասին պահելը»,– նշում է Դանիելյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, անչափահասների արդարադատությունն ուղղված է վերականգնելուն, այլ ոչ թե պատժելուն, ինչի հնաավորությունը չունի քրեական արդարադատությունն ու քրեակատարողական հիմնարկները։

Ոստիկանությունն արդեն երկուսուկես ամիս է՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատում է առանց վերականգնողական կենտրոնների աջակցության:

«Ոստիկանությունն այսօր շարունակում է իր բնականոն շախատանքը։ Անկախ կենտրոններից՝ անչափահաս իրավախախտների հետ կանխարգելիչ աշխատանք տարվում է: Այլ բան է արդյունավետության հարցը»,- նշում է Արթուր Վարդանյանը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը։

Նրա կարծիքով՝ կենտրոնների աշխատանքը դրական արդյունք է տվել և դրանց վերաբացման և ֆինանսավորման խնդիրը լուծելու համար Ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը հանդիպումներ, քննարկումներ է ունենում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ։

Չնայած ֆինանսավորման դադարեցմանը՝ Կապանի և Ճամբարակի վերականգնողական կենտրոնները շարունակում են աշխատել կամավորական հիմունքներով՝ համայնքի աջակցությամբ։

Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի խոսքերով՝ վերջին երկու տարիներին ակտիվ քննարկումներ են ծավալվում կենտրոնների հետագա ֆինանսավորման տարբերակներ գտնելու ուղղությամբ։

«Ցավոք սրտի, բյուջետային ծախսերի շրջանակներում՝ կենտրոնների աշխատանքի ֆինանսավորումը նախարարության կողմից իրականացվող որևէ ծրագրի մեջ չի տեղավորվում, այդ թվում՝ պրոբացիոն ծառայության։ Թեև այս երկու ծառայությունները նման են առաջին հայացքից, բայց որոշակիորեն տարբեր ֆունկցիաների իրականացմանն են ուղղված։

Պրոբացիոն ծառայությունը վերաբերում է քրեական հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց, իսկ վերականգնողական կենտրոնների «հաճախորդները» տարբեր իրավախախտումներ կատարած երեխաներ են, որոնց կա՛մ տարիքը չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին, կա՛մ կատարածը քրեական հանցագործություն չէ, կա՛մ էլ, պարզապես, դժվարին վարք ունեցող անչափահասներ են»,- ասում է նա:

Այս պահին քննարկվում է այլ գերատեսչությունների (ոստիկանություն, համայնքներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) բյուջեի շրջանակներում կենտրոնները ֆինանսնավորելու հնարավորության հարցը, և, Օրբելյանի խոսքերով, կենտրոնների հետագա ֆինանսավորման խնդիրը վեջնականապես լուծված չէ։

ՀՕՖ «Երեխանքերի աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը համոզված է, որ Հայաստանի նման աղքատ երկրի համար, որտեղ անչափահասների հանցավորության մակարդակը բարձր չէ, մեծ ճոխություն է ստեղծել առանձին ծառայություններ։

«Ես ավելի ճիշտ եմ համարում ունենալ մասնագիտացված ծառայություն, որն ի վիճակի կլինի բավարարել բոլոր կարիքները՝ և՛ կատարել կանխարգելման աշխատանքներ, և՛ դատավարության փուլում աշխատել։ Լավ կլիներ, որ Արդարադատության նախարարությունը և Ոստիկանությունը գտնեին մի տարբերակ, ձևաչափ, որտեղ հնարավորություն կլիներ համատեղել կանխարգելման և հետագա ռեաբիլիտացիոն աշխատանքները։ Մեր կենտրոնների փորձը ցույց տվեց, որ դա հնարավոր է և այդպես ավելի պակաս ծախսատար է»,– իրենց փորձով կիսվեց նա։ Մյուս կողմից, Անտոնյանի ցավալի է համարում տարիների ընթացքում ստեղծածը ջուրը գցել և զրոյից սկսել։

Օրբելյանը կարծում է, որ պրոբացիոն ծառայությունը, որն աշխատելու է նաև մեծահասակների հետ, ի վիճակի չի լինի ներառել և մատուցել բոլոր այս ծառայությունները, և իրենք այլ կառույցների աջակցության կարիքը կունենան։

Փրոջեքթ hարմոնի ինթերնեյշնլի հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի կարծիքով՝ խնդիրը լուծում կստանա այն ժամանակ, երբ պետությունը կենտրոնների գոյության հարցը դիտարկի ոչ թե որպես «մեկ ՀԿ–ի ծրագիր», այլ անհրաժեշտություն հենց երկրի համար։

Հեղինակ՝ 

Մերի Ալեքսանյան

Թամարա Հայրապետյան

Աղբյուրը՝ www.hra.am