Տեսանկյուն

«Մարդիկ զրկվելու են իրենց սեփականություն հանդիսացող դրամական միջոցները տնօրինելու իրավունքից». փաստաբան

29.03.2014

Photo by irakan.info

Մարտի 28-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսեց քննել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության հարցը։

Այդ հարցով 2013թ. դեկտեմբերի 16-ին ՍԴ–ին են դիմել Ազգային ժողովի 36 պատգամավորներ։

ՍԴ–ում դիմող կողմի ներկայացուցիչներն են ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբան Մերի Խաչատրյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է անձի սեփականության իրավունքին

Դիմող կողմի փաստարկներով՝ «Կուտակային կենսաթոշակների մաիսին» օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածների որոշ կետեր հակասում են Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներին, քանի որ սահմանափակում են 1974թ. հունվարի մեկին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների սեփականության իրավունքը, սահմանափակում տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, քանի որ նվազում է նրանց եկամուտը և նրանք հայտնվում են խտրական և անհավասար պայմաններում 1974թ.-ից առաջ ծնված նույն գործունեությամբ զբաղվող անհատների հետ համեմատ։

Փաստաբան Մերի Խաչատրյանը, մեջբերելով օրենքի համապատասխան դրույթները, նշում է, որ աշխատավարձը քաղաքացու վաստական միջոցներն են և նրա սեփականությունը։

«Սահմանադրական իրավունքի տեսության մեջ «սեփականությունից զրկել» հասկացությունը մեկնաբանվում է ոչ միայն սեփականության իրավունքի դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որի դեպքում սեփականատերը զրկվում է այն ազատորեն տիրապետելու, իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից։

Մեր համոզմամբ՝ անձի սեփականությունը հանդիսացող դրամական միջոցների տնօրինման իրավունքի սահմանափակումը իրավաչափ չէ։ Մարդիկ տասնյակ տարիներ չեն կարողանալու ազատորեն տնօրինել իրենց սեփականություն հանդիսացող դրամական միջոցները»,– հիմնավորում է փաստաբանը։

Նա նաև ընդգծում է, որ պարտադիր կուտակային վճարները չեն կարող դիտվել պարտադիր վճարման ենթակա հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար, որը սահմանված է Սահմանադրության 45-րդ հոդվածով։

Օրենքը խտրականություն է սահմանում անձանց տարիքային և գույքային վիճակով պայմանավորված

Հղում անելով խտրականությունն արգելող ՀՀ և միջազգային իրավական ակտերին՝ փաստաբան Մերի Խաչատրյանը նշեց, որ օրենքը խտրական մոտեցում է ցուցաբերում 1974թ. առաջ և հետո ծնված անձանց, ինչպես նաև՝ 500.000 դրամից բարձր և ցածր եկամուտ ունեցող անձանց նկատմամբ.

«Պարզ չէ, թե ինչ չափորոշիչների, հաշվարկների, մասնագիտական վերլուծության և այլ որոշումների հիման վրա է որոշվել պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից համարել հենց 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց։ Արդյո՞ք ողջամիտ և իրավաչափ է այս խմբի անձանց վրա տարբերվող ֆինանսական բեռ դնելը։ Արդյո՞ք հետազոտվել և գնահատվել են դրանց հետևանքներն ու ռիսկերը, թե՞ ոչ»,– ՍԴ–ում ունեցած իր ելույթում նշեց փաստաբանը։

Դիմող կողմի համոզմամբ՝ պարտադիր կուտակային վճարներ կատարելու նորմի տարածումը նաև մինչև 2014թ. հունվարի 1-ը կնքված պայմանագրային աշխատողների վրա աշխատանքային հարաբերությունների անհարկի և ոչ իրավաչափ միջամտության դրսևորում է։

«Դա հանգեցնում է աշխատողների իրավական վիճակի վատթարացմանը. նորմի կիրառման հետևանքով նվազում է անձին պատկանող սեփականության՝ հարկված եկամտի ծավալը, և սահմանափակվում է այդ սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կուտակելու՝ անձի սահմանադրական իրավունքը, ինչն արգելված է նաև ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն՝ «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»,– մեկնաբանում է Մերի Խաչատրյանը։

Ըստ փաստաբանի՝ օրենքի պարտադրող նորմի գործադրումը կապելով տարիքի և գույքային վիճակի հետ՝ խախտվում է Սահմանադրության 14.1 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև և խտրականությունն արգելվում է։

1974թ. հունվարի 1-ից հետո ծնված մարդիկ, ունենալով նույն որակավորումը, զբաղեցնելով նույն պաշտոնը, աշխատանքային պայմանագրով ստանալով նույն դրույքաչափով աշխատավարձ, հայտնվելու են խտրական, անհավասար վիճակում այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են 1974թ.–ից առաջ։

Օրենքը խտրական մոտեցում է սահմանում կուտակված գումարը պետության կողմից ավելացնելու հարցում, ինչի հետևանքով փոփոխվում է մինչև 500.000 դրամ և դրանից ավելի եկամուտ ունեցող անձանցից պահվող գումարի տոկոսադրույքը։

«Օրենքով ինքնազբաղված անձինք չեն դիտվում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, այլ ընդգրկված են կամավոր մասնակիցների ցանկում՝ անկախ տարիքից։ Նրանց նկատմամբ նույնպես կա խտրական վերաբերմունքի դրսևորում, քանի որ նրանց օգտին պետբյուջեից հավելյալ վճար չի կարարվելու»,– հավելում է դիմող կողմի ներկայացուցիչը։

Եվս մեկ խնդիր, Մերի Խաչատրյանի խոսքերով՝ պարտադիրի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չեն համարվում զինվորական ծառայողները և նրանց հավասարեցված անձինք՝ ոստիկանները, վարժական հավաքների կանչված զինապարտները, պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, քրեակատարողական հիմնարկների ծառայողները, ԴԱՀԿ հարկադիր կատարողները։ Եվ պարզ չէ, թե ինչո՞ւ է նրանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերվել և այս խմբի անձանց կուտակային կենսաթոշակի հետ կապված հարցերը ո՞ր օրենքով է կարգավորվում։

Աղբյուրը՝ www.hra.am