Տեսանկյուն

«Համակարգը նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կբերի». Արտեմ Ասատրյան

31.03.2014

Photo by hra.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շուրջ ստեղծված իրավիճակը ադեկվատ գնահատեց՝ մարտի 31-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների հակասահմանադրականության հարցի քննության ժամանակ պատասխանելով իրեն ուղղված հարցին։ 

Նրա կարծիքով՝ մարդիկ դեմ են արտահայտվում, քանի որ լիարժեք չեն պատկերացնում համակարգը, նրանց համար անորոշություններ կան, հետևաբար՝ չեն կարող կողմ լինել։ Սակայն, նախարարի համոզմամբ, երբ համակարգը սկսի գործել, և մարդիկ իրենց անհատական հաշիվների վրա տեսնեն կուտակված գումարները, վերաբերմունքը կփոխվի։

Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ կենսաթոշակային բարեփոխումների համակարգը բավական բարդ է և, Կառավարության կողմից քաջություն է այդ համակարգին անցնելը:

Նա հստակեցրեց, որ պարտադիր կուտակային վճարները մասնակցի սեփականությունն են՝ ըստ օրենքի, և գնում են նրանց անհատական հաշիվներին։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հատուկ մոտեցումը գործատուներին, երբ նրանց հարկային բեռը թեթևացվում է 10-12 տոկոսով, բայց նույնքանով ավելացվում է աշխատողի հարկային ծանրաբեռնվածությունը։ Կամ ինչո՞ւ պետությունը մասնակցում է մասնավոր սեկտորի վարձու աշխատողների կենսաթոշակների կուտակմանը, սակայն գործատուին չի պարտավորեցնում մաս կազմել սոցիալական ապահովության այդ համակարգին։

Նախարարը, ներկայացնելով 2013թ.–ից հարկերի միավորման պատմությունը, նշեց, որ դա զուտ տեխնիկական խնդիր էր. ընդունվեց «Եկամտային հարկի մասին օրենքը», որը պազեցրեց համակարգը, քանի որ դրանք միևնույն աղբյուրից կատարվող վճարներ էին, և հեշտացրեց հաշվետվությունների ներկայացումը էլեկտրոնային եղանակով։

Եվ, նրա խոսքերով, ի սկզբանե օրենքով ամրագրված էր, որ այդ փոփոխություներից չպետք է նվազեն գործատուի հարկերը, աշխատողների եկամուտները և պետբյուջե մուտքագրվող գումարը։ Փոփոխությունը մեխանիկական էր։

ՍԴ նախագահը ճշտեց, թե 45.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացող անձն ի՞նքը պետք է վճարի կուտակային վճարը, թե՞ գործատուն։

«Նվազագույն աշխատավարձը սահմանվում է մի չափ, որը զերծ է հարկերից։ Պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, բնականաբար, այլ անձի՝ հետաձգված աշխատավարձ։ Նախկինում, երբ գործում էր պարտադիր սոցիալական ապահովության վճար, այդ 3 տոկոսը նույնպես գանձվում էր նվազագույն աշխատավարձից»,– պատասխանեց նախարարը։

Գնաճով պայմանավորված վերահաշվարկը, Արտեմ Ասատրյանի խոսքերով, կարգավորվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով, որտեղ նշվում է, որ պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի՝ ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է։ Գնաճով պայմանավորված ճշգրտման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը ճշտեց, արդյո՞ք հնարավոր է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը մեկ-երկու տարով հետաձգել։

«Այս համակարգով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք սա, և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կբերի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10% վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կայանա, հակառակ դեպքում համակարգը չի աշխատի...

Ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորության պատուհան, որը պետք է օգտագործենք իրականացնելու այս լրջագույն բարեփոխումները»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 36 պատգամավորներ 2013թ. դեկտեմբերի 16-ին դիմել են ՍԴ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5–րդ, 7–րդ, 8–րդ, 37–րդ, 38–րդ, 45–րդ, 49–րդ և 86–րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Մարտի 28-ին կայացած ՍԴ նիստի ժամանակ դատարանն արդեն լսել էր դիմող կողմի ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, փաստաբան Մերի Խաչատրյանին և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, ինչպես նաև՝ որպես պատասխանող հանդես եկող ԱԺ ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին։

Իսկ մարտի 31-ին գործի քննությունը շարունակվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին ուղղված հարցադրումներով։

Աղբյուրը՝ www.hra.am