Տեսանկյուն

ՍԴ հարցերին պատասխանեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը

31.03.2014

Մարտի 31-ին ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակեց քննել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության հարցը։

Դատարանը լսեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Ներսես Երիցյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 36 պատգամավորներ 2013թ. դեկտեմբերի 16-ին դիմել են ՍԴ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5–րդ, 7–րդ, 8–րդ, 37–րդ, 38–րդ, 45–րդ, 49–րդ և 86–րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր ելույթում նշեց, որ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կուտակային համակարգը ներդրնելիս սկզբնական փուլում ընտրողների քանակը լինում է սակավ, ինչը պայմանավորված է համակարգի բարդությամբ և հասարակության ֆինանսական գիտելիքների պակասով։ Դրա համար համակարգը նախատեսել է «լռելյայն ընտրության» տարբերակը։

Նա տեղեկացրեց, որ մարտի 27-ի դրությամբ կուտակային ֆոնդ և կառավարիչ ընտրել է 5337 մարդ։

«Մեր հաշվարկներով՝ մոտ 10.000 մարդ ընտրել է «լռելյայն ընտրության» տարբերակը, այսինքն՝ թողել է, որ համակարգն ընտրություն անի իր փոխարեն։ Մարտի 27-ի դրությամբ՝ 127 հազար մասնակցի օգտին գործատուների կողմից կատարվել են փոխանցումներ։ Մարտի առաջին շաբաթվա ընթացքում գումարները (ներառյալ պետական բյուջեից համավճարը) դրվել է անձնական հաշիվներին են և անմիջապես ռեեստրը վարողի կողմից օրենքով սահմանված կարգով հաղորդագրությամբ տեղեկացվել է, որ հաշիվները բացված են, գումարները դրված են հաշվին և մասնակիցը ունի ժամանակ կատարելու ֆոնդի և կառավարչի ընտրություն»,– նշեց ԿԲ նախագահի տեղակալը։

Ներսես Երիցյանը, անդրադառնալով օրենքի կիրառման մեխանիզմների ոչ հստակ լինելու վերաբերյալ հարցին, նշեց, որ օրենքում մոտ 20-ից ավելի կարգեր կան, որոնք պարտադիր են համակարգը գործի դնելու տեսանկյունից, դրանք ըստ ժամանակացույցի ներդրվել են և պատրաստ են եղել գործարկման։ Եվ կան մոտ 10-ից ավելի կարգեր, որ հայեցողական են, հրատապ չեն և կկարգավորվեն առաջիկայում։

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց՝ կա՞ն ֆինանսական ռիսկեր, որ այդ տարիների ընթացքում կուտակված գումարները կարող են փոշիանալ (ըստ հաշվարկների՝ տարեկան մոտ 40 մլրդ դրամ)։

Ներսես Երիցյանը չբացառեց ռիսկի գործոնը. «Բնականաբար ռիսկեր կան։ Մեր ցանկացած գործողության մեջ ռիսկեր կան, և մենք այդ ռիսկերը չենք թաքցրել։ Հակառակը, օրենքսդրությամբ սահմանել ենք, թե ինչպես ենք կառավարելու այդ ռիսկերը»։

Նա հավելեց, որ ռիսկեր կան բաժնետոմսերի մեջ, որոնք տատանողական ակտիվներն են, իսկ պարտատոմսերը ներդրված մայր գումարներն են, որոնք մշտապես ստանալու են։ Սնանկացման ռիսկը, Երիցյանի խոսքերով, հավասարեցված է զրոյի։

«Բոլոր ռիսկերը հավասարակշռված են, որպեսզի կարողանանք ապահովել գնաճից բարձր եկամտաբերություն և որպեսզի մեր քաղաքացիները 25-30 տարի կուտակելուց հետո առնվազն 50-60 տոկոս փոխհատուցման գործակից ստանան։ Սա նշանակում է, որ կուտակված գումարի առնվազն կրկնապատիկը պետք է ստանաք։ Մենք ամեն օր հետևելու ենք, որ այդ եկամտաբերությունը ապահովվի, որ ռիսկերը կարողանանք ապահովել ժամանակի ընթացքում, ոչ թե սյուրպրիզներ ունենանք երկար տարիներ հետո»,– նշեց Կենտրոնական բանկի փոխնախագահը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 36 պատգամավորներ 2013թ. դեկտեմբերի 16-ին դիմել են ՍԴ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5–րդ, 7–րդ, 8–րդ, 37–րդ, 38–րդ, 45–րդ, 49–րդ և 86–րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Մարտի 28-ին կայացած ՍԴ նիստի ժամանակ դատարանն արդեն լսել էր դիմող կողմի ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, փաստաբան Մերի Խաչատրյանին և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, ինչպես նաև՝ որպես պատասխանող հանդես եկող ԱԺ ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին։

Աղբյուրը՝ www.hra.am