Տեսանկյուն

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական հոդվածները

02.04.2014

Photo by Armenpress

Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածներ: Ընդգծումներն արված են hra.am-ի կողմից և ցույց են տալիս հակասահմանադրական ճանաչված կոնկրետ դրույթը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

6) երաշխիքային ֆոնդ` սույն օրենքի համաձայն` ստեղծված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ, որի տնօրինման և կառավարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

Հոդված 5. Պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցները

1. Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`

ա) վարձու աշխատողները,

բ) նոտարները,

գ) անհատ ձեռնարկատերերը:

Ընդ որում, սույն մասում նշված անձինք պարտավոր են կուտակային վճարներ կատարել նաև պայմանագրային եկամուտներից` սույն օրենքով սահմանված դրույքաչափով:

Հոդված 7. Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված մասնակիցների համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված անձանց, կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով հետևյալ կերպ.

1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի համար (օգտին) (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500000 դրամը) պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարում է մասնակիցը.

3) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:

Սույն կետի առաջին պարբերությունում չներառված անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6 000000 դրամը, պարտավոր է տարեկան կատարելկուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի համար (օգտին) (որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6000000 դրամը), պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարում է մասնակիցը:

11. Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կուտակային վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5%-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Հոդված 13. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կարգավիճակը և դրանց սահմանափակումները

2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ մասնակցի տնօրինման իրավունքը սահմանափակվում է մինչև մասնակցի՝

1) կենսաթոշակային տարիքը լրանալը.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելը.

3) առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելը.

4) մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը:

Հոդված 41. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սկզբունքները

4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ:

Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Հոդված 44. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները 

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները սույն օրենքի 43-րդ հոդվածում թվարկված ֆինանսական գործիքներում կարող են ներդրվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակային և արժութային սահմանափակումների շրջանակներում:

Հոդված 49. Մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիության երաշխավորումը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է: Սույն մասով նախատեսված կուտակային վճարների գումարի` տարեկան գնաճով ճշգրտման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 76. Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար 

2. Կուտակային վճարների վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, կուտակային վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործատուին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ չկատարված կուտակային վճարներն ամբողջությամբ մարված չեն:

Հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճարի գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի սույն օրենքով պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձի (այսուհետ` պարտադիր կուտակային վճար կատարող) գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

Գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով պարտադիր կուտակային վճար կատարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` պարտադիր կուտակային վճարի պարտավորությունների չափով:

Գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակայինվճարի գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորության կատարումն ապահովելու համար` պարտադիր կուտակային վճարի պարտավորությունների չափով: Գույքի արգելանքը դրվում է պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է մեկ տարուց: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամների և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա:

Գույքի վրա արգելանք դնելու մասին հարկային մարմնի ղեկավարը հանձնարարագիր է հրապարակում: Արգելանք դնելու մասին հանձնարարագրում նշվում են հանձնարարագիր հրապարակող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանձնարարագրի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, արգելանք դնող մարմնի անվանումը, գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, պարտադիրկուտակային վճար կատարողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում նաև հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) համարը), չկատարված պարտավորության չափը և արգելանք դնելու իրավական հիմքերը: Արգելանք դնելիս հանձնարարագրի պատճենը ներկայացվում է պարտադիր կուտակային վճար կատարողին:

Պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը` այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Գույքի բացակայության, անբավարարության կամ պարտադիր կուտակային վճար կատարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:

Արգելանք դնելիս այն իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և պարտավորության չափը: Որպես գույքի արժեք ընդունվում է գույքի հաշվեկշռային արժեքը:

Միաժամանակ պարտադիր կուտակային վճար կատարողը զգուշացվում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Որոշումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Որոշման պատճենը ոչ ուշ, քան այն ընդունելու հաջորդ օրը պատշաճ ձևով ուղարկվում է պարտադիր կուտակային վճար կատարողին, ինչպես նաև այլ անձանց ու մարմիններ:

Գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը չի կարող արգելել պարտադիր կուտակային վճար կատարողի ներկայացուցչի մասնակցությունը գույքի արգելադրմանը: Սույն հոդվածի իմաստով պարտադիրկուտակային վճար կատարողի ներկայացուցիչ է համարվում այն անձը, որի լիազորությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Գույքի արգելադրում կարող է իրականացվել ժամը 8.00-ից մինչև 18.00-ն:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման դեպքում առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիրկուտակային վճարի գծով պարտավորության ոչ պակաս, քան քսան տոկոսը մարելուց հետո հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի մնացած պարտավորությունը մարելու վերաբերյալ պարտադիր կուտակային վճար կատարողի հետ կնքելու պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց, որի տևողությունը կարող է սահմանվել 2 ամսից մինչև 6 ամիս ժամկետով: Ընդ որում, եթե արգելադրման ընթացքում պարտադիր կուտակային վճար կատարողը դիմում է ժամանակացույց կնքելու համար և ներկայացնում է բավարար հիմքեր այն մասին, որ արգելանքի կիրառումը ակնհայտորեն վտանգում է իր գործունեությունը, ապա հարկային մարմնի ղեկավարը պարտադիր կուտակային վճար կատարողի հետ կնքում է պարտավորության աստիճանական մարման ժամանակացույց: Սույն մասով նախատեսված ժամանակացույց կնքելու լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:

Հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորության դադարման, արգելանք դնելուց հետո` 1-ամսյա ժամկետում, հարկային մարմնի կողմից պարտավորությունը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայց չներկայացնելու կամ պարտադիր կուտակային վճար կատարողի հետ սույն հոդվածում նշված պարտավորությունը մարելու վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու կամ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքերում գույքի արգելադրման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:

Գույքն արգելանքի վերցնելու մասին որոշման վարչական կարգով բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը:

Արգելանքի վերցված գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելը, փչացնելը կամ ոչնչացնելն արգելվում է:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտադիր կուտակային վճար կատարողին` ստացականով, իսկ եթե պարտադիր կուտակային վճար կատարողը փորձում է արգելադրած գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշի հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա գույքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է պարտադիր կուտակային վճար կատարողը:

Պարտադիր կուտակային վճար կատարողի գույքի արգելադրում իրականացնող պաշտոնատար անձի գործողություններին խոչընդոտելու դեպքում արգելանքն իրականացնող պաշտոնատար անձը խոչընդոտող հանգամանքները վերացնելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմում է իրավապահ մարմիններին և նրանց օժանդակությամբ շարունակում գույքի արգելադրման գործողությունները:

Պարտադիր կուտակային վճար կատարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիրկուտակային վճարի գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու պարտադիրկուտակային վճար կատարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու պարտադիր կուտակային վճար կատարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում, հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճարների տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտադիր կուտակային վճարի գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և պարտադիր կուտակային վճար կատարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

Աղբյուրը՝ www.hra.am