Տեսանկյուն

Փոխնախարարը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ

10.04.2014

Photo by iravaban.net

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշումից հետո ստեղծված անորոշ իրավիճակը և որոշման տարբեր մեկնաբանությունները՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է գործադիր մարմնի միասնական իրավական դիրքորոշումը կենսաթոշակային պարտադիր կուտակային վճարների վերաբերյալ։

Փոխնախարարը մասնավորապես ասել է, որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7-ը ճանաչել է Սահմանդրությանը համապատասխանող: Համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը։ Հետևաբար, ըստ Կիրակոսյանի, մինչև սեպտեմբերի 30-ը այդ դրույթները դիտարկվում են Սահմանադրությանը համապատասխանող, և մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, համաձայն որի՝ 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողները պարտադիր մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին։

Աղբյուրը՝ www.hra.am