Տեսանկյուն

Փաստաբանի պնդմամբ՝ դատավճռի հիմքում դրվել են չապացուցված փաստեր

28.04.2014

Դատավոր Արշակ Վարդանյանը

Ապրիլի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հակոբ և Վաղարշակ Աբաջյանների գործով դատական նիստ։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով նրանք մեղավոր են ճանաչվել «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի սպանության մեջ՝ դատապարտվելով Հակոբ Աբաջյանը՝ 16 տարվա, իսկ Վաղարշակ Աբաջյանը՝ ցմահ ազատազրկման։

Ընդ որում՝ Վաղարշակ Աբաջյանն առաջին ատյանի դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն Յուրիկ Սրաբյանին անզգուշորեն մահ պատճառելու մեջ, որը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում (ՔՕ 105 հոդվածի 1-ին մաս), ապօրինի զենք պահելու մեջ, որը Արցախյան պատերազմի տարիներից է իր մոտ մնացել և սուտ ցուցմունք տալու մեջ։ Իսկ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի սպանության հետ ինքը կապ չունի, և դա հաստատվում է գործում առկա մի շարք փաստերով, որոնց կանդրադառնանք ստորև։

Աբաջյանների պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացնել նոր դատավճիռ։

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, բայց միայն արածիս համար, այլ ոչ թե չարածիս։ Իսկ որդուս նկատմամբ խնդրում եմ օբյեկտիվ վճիռ կայացնել հոր արածը պարտակելու՝ իմանալու և չհայտնելու համար»,– Վերաքննիչ դատարանում ապրիլի 11-ին կայացած նիստին ասաց Վաղարշակ Աբաջյանը։

Նրա որդին՝ Հակոբ Աբաջյանը նախաքննության և դատավարության ընթացքում բազմիցս պնդել է, որ ինքն անմեղ է և հոր դեմ ցուցմունքներ է տվել խոշտանգումների, բռնության ու սպառնալիքների ենթարկվելու արդյունքում։ Խախտվել է նրա՝ պաշտպան ունենալու և մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքը։ Խոշտանգումների վերաբերյալ բողոքն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Դատավոր Արշակ Վարդանյանը վճռի հիմքում դրել է չապացուցված փաստեր

Աբաջյանների պաշտպանությունն իրականացնող փաստաբանների՝ Ռուբեն և Նարինե Ռշտունիների խոսքերով՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը որոշում կայացնելիս անտեսել է գործում առկա բազմաթիվ հակասությունները և խախտումները, Վաղարշակ Աբաջյանին զրկել է վերջին խոսքի իրավունքից, իսկ նրա պաշտպան Ռուբեն Ռշտունուն՝ պաշտպանական ճառի։ Դատարանը խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո 20 րոպե անց հրապարակել է վճիռը, ինչը փաստաբան Ռշտունուն հիմք է տալիս եզրակացնելու, որ դատարանի որոշումը խորհրդակցական սենյակում չի կայացվել։

«Բացի այդ, դատարանը, գիտես ինչու, չի հավատացել Վաղարշակ Աբաջյանի դատարանում տված և այլ նյութերով հաստատվող ցուցմունքներին, իսկ Հակոբ Աբաջյանից կորզված ցուցմունքներին, անհասկանալի ձևով, տեղ–տեղ հավատում է, տեղ–տեղ ՝ ոչ։ Այնինչ, համաձայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման՝ ամբաստանյալի՝ նախաքննության ժամանակ տված և այլ ցուցմունքներով չհաստատված խոստովանական ցուցմունքները չեն կարող դրվել դատավճռի հիմքում»,– hra.am- ին ասում է Ռուբեն Ռշտունին։

Փաստաբանը նաև հայտարարում է, որ դատարանը դուրս է եկել առաջադրված մեղադրանքի սահմաններից և դատավճռում գրել է կեղծ, գործում գոյություն չունեցող տվյալներ: Խոսքը գործով որպես տուժող ներգրավված Արմենուհի Ստեփանյանի ցուցմունքների մասին է։ Դատարանը նրա՝ մի քանի անգամ փոխված ցուցմունքները արժանահավատ է համարել և միայն այդ ցուցմունքների հիման վրա Վ.Աբաջյանին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։

«Վարդիշաղ Եղիազարյանն ասում է՝ 10.000 դոլար ենք տվել Ալվարդին, Վաղարշակի անունը չկա։ Ազգանուշ Սրաբյանն ասում է, որ 5000 դոլար է տվել, Վաղոյի անունը չի շոշափվել։ Հետո Արմենուհուց իմանում են, որ Ալվարդը այդ փողը տվել է Վաղոյին... Շահագրգռված անձ Արմենուհուց։ Այսինքն՝ ամբողջը Արմենուհուց է գալիս։ Մինչ այդ ոչ ոք չի ասել, որ գումարը Վաղարշակին փոխանցելու համար են տվել։ Ասել են՝ տվել ենք Ալվարդին՝ բնակարանի համար։ Բա մեկը լիներ հարցներ՝ 5000 կամ 10-12 հազարով Երևանի կենտրոնում բնակարան որտեղի՞ց կառնես, ո՞ւմ են հարիֆի տեղ դնում։ Հիմա իրենց միայն մի բան է պետք՝ հետ բերել էդ փողերը։ Ալվարդը չկա, ումի՞ց պետք է ուզեն։ Որոշել են Վաղարշակից պոկել»,– եզրակացնում է պաշտպան Ռուբեն Ռշտունին։

Ավելին, պաշտպանական կողմը ձեռագրաբանական փորձաքննությամբ հաստատված ստացական ունի, որն ապացուցում է, որ Ալվարդը նաև Վաղարշակ Աբաջյանից է գումար վերցրել՝ էլիտար մանկապարտեզ բացելու և նրան բաժնետեր դարձնելու պատրվակով։

Ռուբեն Ռշտունու խոսքերով՝ առաջին ատյանի դատարանը վճռի հիմքում դրել է գործում գոյություն չունեցող նյութեր։ Հակոբ Աբաջյանը իր նկատմամբ կիրառված խոշտանգումների վերաբերյալ դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որը նախապատրաստած նյութերով մերժել է քրեական գործի հարուցումը։ Հ.Աբաջյանի դիմումը և ՀՔԾ նախապատրաստած նյութերը գործին կցված չեն, սակայն դատավճռի 38-40–րդ էջերում դատարանը հղում է անում այդ նյութերին, մասնավորապես՝ գործը քննող քննիչի բացատրություններին։


Շարունակությունը՝ 

 Ո՞վ է մեղավոր «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի կասկածելի սպանության համար


Նախորդող հրապարակումներ՝

Բռնություններով «բացահայտված» հերթական գործը

Ցմահ դատապարտված Վ.Աբաջյանը հացադուլ է հայտարարել

«Դարձել է անճանաչելի». ցմահ ազատազրկված Վ.Աբաջյանը 14 օր է՝ հացադուլի մեջ է

Աղբյուրը՝ www.hra.am