Տեսանկյուն

Ո՞վ է մեղավոր «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի կասկածելի սպանության համար

28.04.2014

Սկիզբը`  Փաստաբանի պնդմամբ՝ դատավճռի հիմքում դրվել են չապացուցված փաստեր

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2013թ. վճռով Վաղարշակ Աբաջյանը և նրա որդին՝ Հակոբ Աբաջյանը, մեղավոր են ճանաչվել «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի սպանության գործով՝ դատապարտվելով Հակոբ Աբաջյանը՝ 16 տարվա, իսկ Վաղարշակ Աբաջյանը՝ ցմահ ազատազրկման։

Աբաջյանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքելով այն բազմաթիվ նախաքննական և դատաքննական խախտումներից, որոնք առկա են իրենց գործում։

Վաղարշակ Աբաջյանն իր ճառում բերում է վարկածներ և փաստեր, որոնք կարող են ապացուցել, որ իրենք առնչություն չունեն Ալվարդ Աբրահամյանի սպանության հետ։

«Մեզ մեղադրում են Ալվարդ Աբրահամյանի սպանության մեջ՝ մի հանցագործության, որը չգիտեն, ո՞ր ժամին և որտե՞ղ է կատարվել: Ես չեմ հերքում, որ նրան իջեցրել եմ Ջրվեժի դաչայի զոնտիկների մոտ, իսկ որ մենք Ալվարդի մահվան հետ կապ չունենք, դրա ապացույցն են դիակի բերանում, հետույքում, հեշտոցում հայտնաբերված սերմնաէակները, որոնք մերը չեն և դա հաստատվել է փորձագետի եզրակացությամբ։ Ներքնաշորերի, անդրավարտիքի, վերնազգեստի վրա հայտնաբերված արյան հետքերը նույնպես մերը չեն, որը հաստատվում է փորձագետի թիվ 266, 267 եզրակացություններով: Գտե՛ք, թե ումն են։ Ինչու՞աշխատանք չի տարվել այս ուղղությամբ...»,– ասում է Վ.Աբաջյանը։

Ո՛չ նախաքննական մարմինը և ո՛չ էլ առաջին ատյանի դատարանը քայլեր չեն ձեռնարկել ստուգելու այդ հանգամանքները։ Դատախազը մեղադրական ճառում չի անդրադարձել այս փաստին։

Դատախազության ուշադրությունից «վրիպել է» նաև այն, որ Ալվարդ Աբրահամյանի դիակի հայտնաբերման հատվածում՝ մայթեզրի վրայի մեքենայի անվադողերի հետքերը չեն համապատասխանում իրենց մեքենայի (որով, ըստ քրեական գործի նյութերի, կատարվել են երկու սպանությունները) անվադողի հետքին, և դա նույնպես հաստատվում է դատահետքաբանական փորձաքննությամբ։

Փաստաբան Ռուբեն Ռշտունու խոսքերով՝ Հակոբ Աբաջյանի «ինքնախոստովանական ցուցմունքում» կան այնպիսի հակասական և ոչնչով չապացուցված տվյալներ, որոնք այդ ցուցմունքը «0-ի են հավասարեցնում»։

Հակոբն իր ցուցմունքում գրել է. «Հայրս ու Ալվարդը դուրս եկան մեքենայից: Ես անջատեցի շարժիչը և լուսարձակները և դուրս եկա մեքենայից: Դուրս գալուն պես ես տեսա, թե ինչպես է Ալվարդը հարձակվել հորս վրա, նա բղավում էր, հարվածում և ճանկռտում հորս: Մինչև հասնելը տեսա, որ հայրս չոքացրել է Ալվարդին և խեղդում է նրան ինչ -որ պարանով, իմ կարծիքով՝ սպորտային բաճկոնի պարանով, քանի որ հորս հագին կար նրա սպորտային բաճկոններից մեկը, թե կոնկրետ որն էր, չեմ հիշում: Երբ հասա նրանց, Ալվարդն արդեն մահացած էր, համոզվելու համար ձեռքս դրեցի նրա քիթ-բերանին՝ պարզելու համար՝ շնչո՞ւմ է, թե՞ ոչ»:

Ռուբեն Ռշտունին մի քանի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում։ Ըստ գործի նյութերի՝ դեպքի ժամանակ արդեն մութ է եղել (ցուցմունքի մեջ Հակոբն ասել է՝ «անջատեցի լուսարձակները»), կան պաշտոնական հարցման տվյալներ, որոնք փաստում են, որ տվյալ վայրը արհեստական լուսավորություն չունի։ Փորձարարություն չի արվել՝ պարզելու այդ լուսավորության (մթության) պայմաններում Հակոբը, կայանելով մեքենան ենթադրյալ հատվածում, կարո՞ղ էր տեսնել վերը նկարագրվածը։

Մյուս հանգամանքը. Հակոբն ասում է, որ «Ալվարդը հարձակվել էր հորս վրա, բղավում էր, հարվածում և ճանկռտում»։ «Դուք պատկերացրե'ք բարկացած կնոջ ճանկռելը, ով կասկածում է, որ իր ամուսնուն սպանել են։ Նա ոչ թե կճանկռեր, այլ կաշին կպոկեր–կտաներ, բայց մենք ունենք փորձաքննության եզրակացություն, որն ասում է, որ Ալվարդի եղունգների տակ ոչինչ չկա»,– նշում է փաստաբանը։

Այնուհետև, Հակոբ Աբաջյանը ցուցմունքում գրում է՝ «տեսա, որ հայրս չոքեցրեց Ալվարդին և խեղդեց ինչ–որ պարանով։ Երևի սպորտային բաճկոնի պարան էր, քանի որ հորս հագին կար իր սպորտային բաճկոններից մեկը»։ «Փորձաքննության մեջ Ալվարդի անդրավարտիքի վրա՝ չոքերի մասում հողերի հետք չի նկարագրվում, եթե կար, ապա պետք է փորձաքննություն արվեր՝ պարզելու որտեղի՞ հողն է։ Կամ, ամառվա ճռռան շոգին՝ օգոստոսի 31-ին, ո՞վ է սպորտային բաճկոն հագնում։ Գտնեի՛ք այդ բաճկոնը և ապացուցեի՛ք, որ պարանով են խեղդել Ալվարդին՝ չկա որևէ բան»,– ասում է Ռուբեն Ռշտունին։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ ասվում է, որ Ալվարդ Աբրահամյանի վզի վրայի հետքը հասցված է համեմատաբար պինդ առարկայով՝ մեկ կամ մեկից ավելի անձանց կողմից։ Դատաբժշկը չի կանչվել դատարան և չի հարցաքննվել, այդպես էլ պարզ չի դարձել, թե ի՞նչ «համեմատաբար պինդ» առարկայի մասին է խոսքը, կամ, ինչի՞ց է դատաբժիշկը ենթադրել, որ մեկ կամ երկու հոգու կողմից է խեղդամահ արվել Ալվարդ Աբրահամյանը։ Կասկածելի է նաև այն, թե ինչո՞ւ բժշկական կրթություն ունեցող Հակոբ Աբաջյանը Ալվարդի ողջ կամ մահացած լինելը պետք է ստուգեր ոչ թե զարկերակը շոշափելով, այլ՝ ձեռքը քիթ–բերանին դնելով։

Իսկ Վաղարշակ Աբաջյանը հռետորական հարց է հնչեցնում, թե նկարագրվածի մեջ ո՞րն է իր որդու կատարած այն գործողությունը, որը որակվել է Քրեական օրենսգրքի 104 հոդվածով (սպանությունը)։

Պատշաճ քննության առարկա չի դարձել նաև Ալվարդի օրգանիզմում հայտնաբերված սերմնահեղուկի ծագման աղբյուրը։ Եվ առհասարակ, Ալվարդ Աբրահամյանի անձի, բարոյական նկարագրի մասին գործում ոչինչ չկա։ Միայն նրա նախկին գործընկերուհու ցուցմունքներում կան կցկտուր տվյալներ։

Գործով որպես վկա անցնող Քրիստինե Ավագյանը քննիչին պատմել է, որ ինքը Ալվարդի հետ հիմնադրել է «Մենք ու մենք» թերթը, բայց հետո տարաձայնությունների պատճառով առանձնացել են։ «Աշխատել ենք միասին մինչև 2010թ. հուլիսի 1-ը։ Վերջին ժամանակներում մեր միջև եղել է կոնֆլիկտ: Ինքը խառնվածքով շատ ազատ կին էր, սիրում էր տղամարդկանց հետ գնալ ռեստորաններ, ինձ դուր չէր գալիս այդ հանգամանքը, այդ պատճառով միշտ վիճաբանություն է եղել մեր միջև»,– նշել է նա՝ նաև պատմելով, որ առանձնանալուց հետո Ալվարդի հետ ոչ մի կապ չի ունեցել, «սակայն վերջին ամիսներին տարբեր մարդկանցից լսել է, որ մեծ պարտքեր ունի տարբեր մարդկանց»:

«Ինչո՞ւ մարդասպանին չեն փնտրում Ալվարդի նկատմամբ սեռական ակտ կատարած անձանց շրջանակներում... Ինչո՞ւ չի պարզվել Ալվարդի անձնական կյանքը, անձնական կյանքի մասին տեղեկությունները, նրա՝ տղամարդկանց հետ ունեցած հարաբերությունները... Գուցե գործի բացահայտման բանալիները թաքնված են հենց այդտեղ, ամուսինների և այլ անձանց միջև անձնական, սեռական հարաբերությունների հողի վրա առաջացած անհաշտության, վրեժի, խանդի հետևանք են»,– իր ճառում ասում է Վաղարշակ Աբաջյանը։

Վերաքննիչ դատարանում գործով հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 29-ին, ժամը 15։00-ին։

Նախորդող հրապարակումներ՝ 

Բռնություններով «բացահայտված» հերթական գործը 

Ցմահ դատապարտված Վ.Աբաջյանը հացադուլ է հայտարարել 

«Դարձել է անճանաչելի». ցմահ ազատազրկված Վ.Աբաջյանը 14 օր է՝ հացադուլի մեջ է

Աղբյուրը՝ www.hra.am