Տեսանկյուն

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները միջանկյալ լուծում են. նախարար

16.05.2014

Ա.Ասատրյանը, photo by gov.am

Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միջանկյալ լուծում է, մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կատարող ամբողջական փաթեթի ընդունումը։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասել է մայիսի 15-ին, Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, գրում է «168 ժամ» առցանց լրատվականը։

«Գիտեք, որ մինչև սեպտեմբերի 30-ը ժամկետ է սահմանված ՍԴ որոշումը կատարող փաթեթի ընդունման համար, և ամբողջական փաթեթը՝ բոլոր խնդիրների լուծումներն առաջարկող, այդ ժամկետում կներկայացվի ԱԺ քննարկմանը»,– նշել է Արտեմ Ասատրյանը։

Կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթն, ըստ նախարարի, լուծում է մի քանի կարևոր խնդիր՝ կուտակային վճարներ չկատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվում, հարգվում է քաղաքացիների կամարտահայտությունը՝ համապատասխան դիմում ներկայացնելու պարագայում։

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է ներքին կարգով ճնշումներ լինեն աշխատակիցների վրա, որպետզի կուտակային համակարգից հրաժարվելու դիմումներ չգրեն, Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ այդ կարծիքին չէ։

«Այս լուծումը թույլ է տալու ցանկացած քաղաքացու, անկախ՝ որ գործատուի կամ որ համակարգում է աշխատում, իր դիմումի միջոցով գործատուին հնարավորություն տալ չպահել և չփոխանցել գումարը տվյալ աշխատողի համար»,– տեսակետ է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Իսկ 168.am –ի այն հարցին, թե ինչու է պետությունը շարունակելու իր կողմից կուտակային կենսաթոշակային վճարների փոխանցումը ֆոնդերին, Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ պետության մասնակցության դրույթը ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր նյութում։

Աղբյուրը՝ www.hra.am