Տեսանկյուն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հակաիրավական է համարում ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը

26.05.2014

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) հայտարարություն է տարածել, որով հայտնում է իր մտահոգությունը ՀՀ գլխավոր դատախազության` 2014թ մայիսի 22-ին տարածած «Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է» հաղորդագրության վերաբերյալ:

«Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը պարունակում է ակնարկ լրագրողին հրապարակման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, անգամ եթե ոչ միտումնավոր, սակայն նման ակնարկը ենթադրելի է, ընկալվում է որպես այդպիսին հաղորդագրության ձևակերպումներից, քանի որ հաղորդագրությունն ընկալվում է որպես հենց լրագրողին և/կամ լրատվամիջոցին ուղղված, ուստի հարկ ենք համարում նշել, որ լրատվության աղբյուրից ստացված և բարեխղճորեն ներկայացված հրապարակման համար, անգամ եթե դա պարունակում է սահմանափակումներ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լրագրողը չի կարող ենթարկվել պատասխանատվության»,– ասված է ԻԱԿ տարածած հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունը գտնում է, որ Դատախազության տարածած հաղորադագրությունը հակաիրավական է, խախտում է լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը և հասարակության տեղյակ լինելու իրավունքը, հակասում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազությանը վերանայել նշված հաղորդագրությունը։ Պատճառաբանությունները ներկայացնում ենք ստորև.

«Կազմակերպութունը գտնում է, որ այն խիստ խնդրահարույց է, չի բխում լրատվամիջոցների ազատության և լրատվության աղբյուրի գաղտնիության իրավունքներից, վտանգի տակ է դնում յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պատշաճ գործունեության իրականացումը, արդյունքում նաև` հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մտահոգության պատճառաբանությունները հետևյալն են. 

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Այսպես, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի իմպերատիվ պահանջ է, որ լրատվության աղբյուրի բացահայտումը կարող է լինել բացառապես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով: 

ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: 

Նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի իմաստով, որը սահմանում է հանցագործությունների տեսակները, 342-րդ հոդվածում նկարագրված արարքը ոչ ծանր, ոչ էլ առանձնապես ծանր հանցագործություն է: Ընդ որում, հանցագործության ծանր կամ առանձնապես ծանր տեսակի առկայության հետ մեկտեղ անհըրաժեշտ է հետևյալ չափանիշի պարտադիր առկայությունը` «հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Հետևաբար, խիստ մտահոգիչ է դատախազության հայտարարությունը յուրաքանչյուր հրապարակման, այն է` առանց բացառության բոլոր հրապարակումների դեպքում լրատվության աղբյուրը պարզելու վերաբերյալ:

Բացի այդ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի իմպերատիվ պահանջ է, որ լրատվության աղբյուրի բացահայտումը կարող է լինել բացառապես դատարանի որոշմամբ: Հետևաբար, խիստ մտահոգիչ է դատախազության հայտարարությունը հսկողություն իրականացնող դատախազների կողմից լրատվության աղբյուրը պարզումն ապահովելու համար քրեադատավարական ներգործության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»: 

Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը պարունակում է ակնարկ լրագրողին հրապարակման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, անգամ եթե ոչ միտումնավոր, սակայն նման ակնարկը ենթադրելի է, ընկալվում է որպես այդպիսին հաղորդագրության ձևակերպումներից, քանի որ հաղորդագրությունն ընկալվում է որպես հենց լրագրողին և/կամ լրատվամիջոցին ուղղված, ուստի հարկ ենք համարում նշել, որ լրատվության աղբյուրից ստացված և բարեխղճորեն ներկայացված հրապարակման համար, անգամ եթե դա պարունակում է սահմանափակումներ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լրագրողը չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Վերոնշյալ պատճառաբանություների համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ընկալվում է ոչ թե որպես օրինականության ապահովմանն ուղղված գործողություն, այլ ուղղակի սպառնալիք ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացմանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գտնում է, որ տարածված հաղորդագրությունը հակաիրավական է` խախտում է լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը և հասարակության տեղյակ լինելու իրավունքը: Այն նաև հակաօրինական է` հակասում է մասնավորապես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազությանը վերանայել նշված հաղորդագրությունը»:

Աղբյուրը՝ www.hra.am