Տեսանկյուն

Դատական իշխանությունն առաջարկում է ՀՀ–ում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել. panorama.am

04.06.2014

Արսեն Բաբայանը, Photo by dataran.am

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ժամանակ դատական իշխանությունն առաջարկել է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Նման տեսակետ հնչեցրել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներից մեկի ժամանակ:

Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ դատական իշխանության առաջարկությամբ երդվյալ ատենակալների ինստիտուտն առաջին փուլում կարելի է փորձարկել առանձնապես ծանր հանցագործությունների և պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների համար:

«Այսպիսով, ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի արդարադատություն իրականացնելիս հասարակությունն անմիջական մասնակցություն ունենա: Եթե մենք խոսում ենք վստահության մակարդակի մասին` նկատի ունենալով, որ հասարակությունը մասնակից չի լինում արդարադատություն իրականացնելու գործընթացին, ապա նրանց մոտ կարծիք է ձևավորում տարբեր աղբյուրներից ստացած ոչ օբյեկտիվ տեղեկությունների վրա: Այս դեպքում արդարադատության իրականացմանն անմիջական մասնակցություն ունենալը հրաշալի գործիք կդառնա հասարակության համար. այն կազդի նաև որոշումների ընդունման վրա»,– նշել է Բաբայանը:

Նրա պնդմամբ, այդպիսով կփոխվի հասարակական կարծիքը` կախված հենց իր անմիջական մասնակցությունից. «Կունենանք արդեն կարծիք, որը մոտ կլինի իրական վիճակին»:

Բաբայանը տեղեկացրել է նաև, որ դատական իշխանության առաջարկներն ու մտահոգությունները ներկայացվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, այնուհետև դատական իշխանության ղեկավարության մասնակցությամբ քննարկվել են հանձնաժողովի հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը՝ www.hra.am