Տեսանկյուն

Հայաստանի 3 գետեր աղետալի վիճակում են՝ փոքր հիդրոէլեկտրոկայանների պատճառով

05.06.2014

Հայաստանի գետերի վրա կառուցված 25 փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) սոցիալ-էկոլոգիական ազդեցության մասին կատարված փորձագիտական վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք կառուցվել և շահագործվում են ՀՀ օրենսդրության խախտմամբ՝ բացասական հետևանքներ թողնելով շրջակա միջավայրի վրա։

Այս մասին հունիսի 4-ին լրագրողներին ասել է բնապահպանական ոլորտի փորձագետ Վիկտորյա Բուրնազյանը՝ ներկայացնելով «Փոքր հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ–էկոլոգիական ազդեցության վերլուծությունը»։

Նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականների (ՇՄԱԳ) վերլուծությունը ցույց է տվել, որ նախագծերը չեն համապատասխանում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, խախտում են բնապահպանական օրենսդրությունը։

ՓՀԷԿ-երի շահագործման հետևանք կրող ուսումնասիրված 47 գետից 28–ի ծանրաբեռնվածությունը նորմայի սահմանում է, 16-ը՝ ճգնաժամային, իսկ 3-ը՝ Կիստում, Այսաս և Եղեգիա (Էլեգիս) գետերը, գտնվում են աղետալի վիճակում:

Անցկացվել է նաև սոցիալական հարցում ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող 12 համայնքներում՝ պարզելու պետական մարմինների գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականությանը ՓՀԷԿ-երի կառավարման ու վերահսկման ոլորտում:

Հարցումները ցույց են տվել, որ հասարակական լսումներն անցկացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտմամբ, իմիտացիոն բնույթ են կրում և որոշում կայացնելիս հաշվի չի առնվում հասարակական կարծիքը։

Փորձագետի խոսքերով՝ հետազոտության ընթացքում առանձնացված հիմնական ռիսկերը հետևյալն են։ Նախ՝ գետերից վերցվում է ավելի շատ ջուր, քան թույլատրելի է (էկոլոգիական թողք), ինչի հետևանքով գետերը կանգնում են չորացման վտանգի առաջ։

Տագնապալի է նաև անտառահատումների հարցը, քանի որ ՓՀԵԿ-երից շատերը կառուցվում են անտառային տարածքներում, որի հետևանքով խոշոր մասշտաբների ծառահատումներ են տեղի ունենում:

Մյուս առանցքային խնդիրը սողանքներն են: ՓՀԷԿ-երի կառուցումն իրականացվում է ՝ առանց հաշվի առնելու սողանքային գործընթացները և հողի փխրունությունը: Ինտենսիվ շինարարական աշխատանքներից, պայթյուններից, խողովակների և ճանապարհների անցկացումից հետո սողանքային գործընթացներն ակտիվանում են:

ՓՀԷԿ-երի շահագործման ընթացքում տուժում է նաև տեղի կենսաբազմազանությունը: Վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները: Էկոլոգիական թողքի թույլատրելի չափը գերազանցելու պատճառով վերանում են ձկները: Օրինակ՝ Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի պատճառով իշխանը չի կարողանում բարձրանալ գետի ակունք և ձվադրում կատարել:

Նշված խնդիրներն ու ռիսկերը մեղմելու համար Վիկտորյա Բուրնազյանն առաջարկում է փոխել էկոլոգիական թողքի վերաբերյալ կառավարության որոշումը, որպեսզի գետային էկոհամակարգը պահպանվի, սահմանել ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված գոտիներ՝ ընդգրկելով հատուկ պահպանվող տարածքները, անտառային տարածքները, սողանքային գոտիները, ջրաբանական խոցելի տարածքները։ Առաջարկվում է ազատել Սևանա լիճ թափվող գետերը ՀԷԿ-երից և արգելել նորերի կառուցումը:

Փորձագետի կարծիքով՝ պետք է արգելել նոր ՓՀԷԿ-երի կառուցումը և աղետալի վիճակում հայտնված գետերի վրա կառուցված ՓՀԷԿ–երի շահագործման լիցենզիաները չերկարացնել։

Մյուս առաջարկությունը վերաբերում է որոշումների կայացման թափանցիկությունը և հաշվետվողականությանը։

«Պետք է հրապարակային դարձնել ՓՀԷԿ-երին վերաբերող բոլոր պաշտոնական փաստաթղթերը և սահմանել այնպիսի կարգ, որը թույլ կտա հաշվի առնել ազդակիր համայնքի բնակչության կարծիքը: Իսկ ոլորտի պատասխանատու կառույցները (ՀՀ բնապահպանության նախարարությունը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) պետք է պատասխանատվություն կրեն ՓՀԷԿ-երի գործունեության հետևանքով առաջացած բացասական էկոլոգիական, սոցիալական հետևանքների և ազգային ու միջազգային օրենսդրության խախտումների համար»,– կարծում է վերլուծության հեղինակը։

Աղբյուրը՝ www.hra.am