Տեսանկյուն

Գործող օրենքով՝ անգործունակ անձը խնամակալի ցանկությամբ կարող է ազատությունից զրկվել

17.06.2014

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն հունիսի 12-ին ներկայացրեց «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ազատության, արդար դատաքննության և անձնական կյանքի իրավունքները հայկական իրավունքում և պրակտիկայում» զեկույցը։

Զեկույցում բարձրացված հիմնական խնդիրները համակարգային բնույթ ունեն։ Դրանք են.

1.Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու հարցով դատական նիստերը կարող են անցկացվել առանց անձի ներկայության, ինչը հակասում է արդար դատաքննության իրավունքի մասը կազմող մրցակցային դատաքննության հիմնարար սկզբունքին։

2.Անգործունակ ճանարված անձին խնամակալը կարող է հոգեբուժական հաստատություն տեղավորել առանց դատական երաշխիքի, ինչը հակասում է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքին։

3.Անգործունակ ճանաչված անձը չի կարող դիմել դատարան՝ անգործունակության վերաբերյալ որոշումը վերանայելու կամ չեղյալ համարելու հայցով, ինչը հակասում է արդար դատաքննության իրավունքին, արդարադատության մատչելիությանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներով՝ վերը նշված յուրաքանչյուր դեպքում անձն ունի դատարան դիմելու, իր նկատմամբ կիրառված միջոցների դեմ բողոքարկելու իրավունք, ինչպես նաև՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դատարանի կողմից լսվելու իրավունք։

1.Անգործունակ ճանաչելու ընթացակարգի խնդիրները

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հոգեկան կամ մտավոր խանգարումներ ունեցող քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը հաճախ է խախտվում ՀՀ դատարանների կողմից, իսկ որոշ դեպքերում խախտումների պատճառը օրենսդրական դրույթն է:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հայցով դատարան դիմելու իրավունք ունեն նրա ընտանիքի անդամները, խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը:

Դիմող անձը պետք է նշի այն հանգամանքները, որոնք վկայում են անձի հոգեկան խանգարման մասին, որի հետևանքով քաղաքացին չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ կառավարել դրանք:

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանում քննելիս տվյլա անձը կարող է կանչվել դատարան նիստին մասնակցելու համար, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը։

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ իրականացվող դատաքննությունը, որպես կանոն, մրցակցային չէ, քանի որ համարվում է, որ նման դեպքերում չկան կողմեր, որոնց մեջ առկա է վեճ, որը պետք է լուծվի մրցակցության պայմաններում: Մինչդեռ, նման մոտեցումը չի բխում միջազգային իրավունքի պահանջներից:

«Շտուկատուրովն ըննդեմ Ռուսաստանի» գործով վճռում ՄԻԵԴ–ը նշել է, որ դատարանի կողմից առանց դիմումատուին տեսնելու, լսելու և սեփական կարծիքը կազմելու, միայն փաստաթղթային ապացույցի հիման վրա որոշում կայացնելը ողջամիտ չի եղել և հանգեցրել է 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցային դատաքննության իրավունքի խախտմանը:

Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ այն անձը, ում ուզում են գործունակությունից զրկել կամ հարկադիր բուժել, համաձայն չէ դիմումատուի հետ, հետևաբար, այստեղ առկա է վեճ կողմերի միջև։

Միջազգային չափանիշների համաձայն՝ բոլոր դեպքերում, երբ որոշվում են անձի քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները` անձն ունի մրցակցային պայմաններում արդար դատաքննության իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցակցային քննություն չիրականացնելու համար առկա են հիմնավոր պատճառներ և նման սահմանափակումը համաչափ է:

Քաղ. դատավարության օրենսգրքի նոր նախագիծը խնդիրներին լուծում չի տալիս

Հաճախ քաղաքացուն դատական կարգով գործունակությունից լրիվ և անժամկետ զրկելու միակ հիմքը դատահոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն է այն մասին, որ անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ և արդյունքում չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կառավարում դրանք:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը, որը շրջանառության մեջ է, նույնպես լուծումներ չի առաջարկում այս խնդիրներին։ Նախագծի 208(1) հոդվածի համաձայն՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքն է նրա հոգեկան խանգարումը, որի հետևանքով քաղաքացին չի հասկանում իր գործողությունների նշանակությունը կամ չի կարողանում կառավարել դրանք:

Այս անորոշ չափանիշը տառացիորեն կրկնում է գործող օրենսգրքում առկա նույն չափանիշը: Անհասկանալի է, թե հոգեկան խանգարման արդյունքում քաղաքացին իր ո՞ր գործողությունների նշանակությունը պետք է չհասկանա կամ ինչպիսի՞ գործողություններ պետք է ընդունակ չլինի կառավարել, որպեսզի դատարանը նրան ճանաչի անգործունակ, քանի որ շատ դեպքերում այդ անձը հասկանում է իր որոշ գործողությունների նշանակությունը կամ կառավարում է դրանք:

Նախագծի 209(1) հոդվածը նույնությամբ կրկնում է գործող Քաղ. դատ. օր.-ի այն դրույթը, համաձայն որի՝ այն անձը, ում վերաբերյալ քննվում է գործունակությունից զրկելու հարց` կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:

2.Անգործունակ ճանաչված անձին հոգեբուժական հաստատություն տեղավորելու ընթացակարգի խնդիրները

Հայաստանում հոգեկան խանգարումով տառապող անձի հիվանդանոցային բուժումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում.

  • հիվանդությամբ տառապող անձի դիմումի հիման վրա,
  • անգործունակ ճանաչված անձի խնամակալի համաձայնությամբ,
  • հիվանդությամբ տառապող անձին հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա։

Գործող օրենսգիրքը անգործունակ ճանաչված անձի խնամակալին թույլ է տալիս այդ անձին տեղավորել հոգեբուժական հաստատությունում բուժման` առանց նրա համաձայնության կամ դատարանի համապատասխան որոշման:

Խնամակալի կողմից անգործունակ ճանաչված քաղաքացուն հոգեբուժարանում կամ ցանկացած այլ հաստատությունում բուժման կամ այլ նպատակներով տեղավորելը համարվում է տվյալ քաղաքացու ազատազրկում, երբ քաղաքացին այնտեղ է հայտնվում իր կամքին հակառակ (ազատազրկման սուբյեկտիվ չափանիշը) և չի կարող իր ցանկությամբ լքել հաստատությունը (ազատազրկման օբյեկտիվ չափանիշը):

Սակայն Հայաստանի ներպետական օրենքով սա չի համարվում քաղաքացու հարկադիր հոսպիտալացում, ազատազրկում և չի պահանջում դատական գործընթաց և դատարանի վճիռ:

Այս դեպքում անգործունակ ճանաչված քաղաքացուն ազատությունից զրկելու միակ հիմքը նրա խնամակալի ցանկությունը կամ համաձայնությունն է, ինչն անթույլատրելի է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի սկզբունքներով: Նման կարգը կարող է լուրջ չարաշահումների պատճառ հանդիսանալ:

Իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին դատական կարգով է ենթարկվում հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման, խնդիրներն առավելապես կրում են կիրառական բնույթ:

ՔՀԻ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանները, որպես կանոն, չեն մերժում հոգեբուժական հաստատության դիմումը` քաղաքացուն հոգեբուժական հարկադիր հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ:

Դիմումին կից ներկայացվում է հոգեբուժական հաստատության բժիշկ-հոգեբույժի կողմից ներկայացված կարծրատիպային, անձին պիտակավորող և ոչ մասնագիտական փաստարկները, որոնք հիմնականում ունեն «չի հասկանում իր գործողությունների բնույթը կամ չի կարողանում կառավարել դրանք» կամ «վտանգավոր է իր և շրջապատի համար և ունի հարկադիր հիվանդանոցային բուժման կարիք» անորոշ ձևակերպումը: Իսկ եզրակացություններից մեկում նշված է եղել, որ «անձը չի ենթարկվել իրենց, եղել է մռայլ, լարված և անհանգիստ, հաճախել է աղանդավորական խմբակների։

Նման դատական ակտերը հաճախ կասկածի հիմք են տալիս` անձին ազատությունից զրկելու հիմքերի օրինականության տեսանկյունից: Դատարանները չեն կիրառում անձնական կյանքի իրավունքը սահմանող միջազգային իրավունքի նորմերը, որոնց համաձայն՝ անձնական կյանքի ցանկացած միջամտություն պետք է նախատեսված լինի օրենքով, իսկ օրենքը պետք է ողջամտորեն հասկանալի և հասանելի լինի քաղաքացու համար, պետք է հետապնդի սպառիչ սահմանված իրավաչափ նպատակներից որևէ մեկը և լինի համաչափ:

3.Անգործունակ ճանաչված անձը չի կարող դիմել դատարան

ՀՀ օրենսդրության համաձայն՝ անգործունակ ճանաչված քաղաքացիներն իրավունք չունեն որևէ հարցով դիմելու դատարան:

Ներպետական օրենսդրությունը չի նախատեսել այնպիսի երաշխիք, ինչպիսին է ողջամիտ պարբերականությամբ անձի գործունակության վերականգնման դատական ստուգման հնարավորությունը:

Այն քաղաքացիները, որոնք քրեական դատավարության շրջանակներում ենթարկվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների, մասնավորապես` հոգեբուժական հաստատությունում հարկադիր հիվանդանոցային բուժման, օրենքով զրկված են իրենց ազատազրկման օրինականությունը դատական կարգով վիճարկելու նպատակով ինքնուրույն դատարան դիմելու իրավունքից: Սա հակասում է ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջներին:

Ավելին, ՀՀ իրավունքում բացակայում է նման կարգով ազատազրկված անձանց ազատազրկման օրինականության պարտադիր, ողջամիտ պարբերականությամբ իրականացվող դատական ստուգման ինստիտուտը: Նման իրավական կարգավորումը չի համապատասխանում թե՛ ՀՀ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավունքի պահանջներին:

Քաղաքացիներին գործունակությունից զրկելիս, զրկելուց հետո, հոգեբուժական հաստատությունում ազատազրկելիս` քաղաքացիները չունեն իրավաբանական անվճար օգնություն ստանալու իրավունք: Նման հանգամանքն ավելի խոցելի է դարձնում այս սոցիալական խմբին պատկանող քաղաքացիներին։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am