Տեսանկյուն

ՀԿ–ն պատրաստ է իրավական աջակցություն տրամադրել ոստիկանության գործողությունների արդյունքում տուժածներին

25.06.2014

Photo by PAN photo

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրիական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների ազատությունը համարվում է գործող ժողովրդավարության հիմքերից մեկը. հավաքվելու ազատության էությունն այն է, որ պետք է իրականացվի առանց որևէ միջամտության:

  • Հավաքների ազատության դեմ գործադրվող ցանկացած սահմանփակում պետք է լինի համաչափ, և նախապատվություն պետք է տրվի հավաքների իրականցման գործում ոստիկանության կողմից հնարավոր նվազագույն միջամտության կիրառմանը:
  • Պետությունը պետք է խաղաղ հավաքի մասնակիցներին պաշտպանի ցանկացած անձից կամ խմբից, որոնք փորձում են խափանել կամ արգելք հանդիսանալ հավաքների իրականցմանը:

Չնայած այս հանգամանքին 2014 թվականի հունիսի 23-ին խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները ոչ միայն չեն բխել այս սկզբունքներից, այլև խախտել են հավաքի մասնակիցների կարծիքն ազատ արտահայտելու և խոսքի ազատության, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խոշտանգումներից, դաժան անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զերծ մնալու իրավունքները:

Այսպես.

  • 2014 թվականի հունիսի 23-ին ժամը 12:30-ի սահմաններում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22) մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են հավաք` հանրապետությունում սպասվող էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ արտահայտելով իրենց բողոքը:
  • Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տանող փողոցը, պատճառաբանելով, որ շենքը ռազմական նշանակության օբյեկտ է, այսպիսով խոչընդոտել են քաղաքացիների ազատ տեղաշարժը:
  • Ավելի քան 30 քաղաքացի ոստիկանության անօրինական գործողությունների արդյուքնում ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
  • Ոստիկանության կիրառած բռնության արդյունքում երկու քաղաքացի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
  • Խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, մասնավորապես՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանը պնդել է, որ իրեն ոստիկան է հարվածել քաշքշոցի ժամանակ:
  • Ոստիկանության կենտրոն բաժին բերման է ենթարկվել 27 քաղաքացի, որոնց մի մասը նշում է, որ ֆիզիկական բռնության է ենթարկվել և ունի վնասվածքներ:
  • Բերման ենթարկված քաղաքացիների մի մասը ոստիկանության Կենտրոն բաժնում պահվել է սահմանված 3 ժամից ավելի՝ մոտ 5 ժամ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հորդորում է ոստիկանությանը զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից և խուսափել անձանց իրավունքների հնարավոր հետագա խախտումներից:

Կազմակերպությունը փաստում է, որ ոստիկանության կողմից դրսևորված վարքագիծն ավելի շատ բնութագրական է ոստիկանության` որպես ուժային կառույցի գործունեությանը և հակասում է ոստիկանության` քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանություն ապահովելու առաքելությանը: Ավելին՝ դրսևորած վարքագիծը չի բխում ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից, գործողությունների ծրագրից, ավելին` այն ոչ թե ամրապնդում է ոստիկանություն-քաղաքացի կապը, այլև հասարակության կողմից ոստիկանության նկատմամաբ բացասական վերաբերմունքի և անվստահության խորացման հիմք է հանդիսանում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը միաժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում իրավական աջակցություն տրամադրել ոստիկանության գործողությունների արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին:

Աղբյուրը՝ www.hra.am