Տեսանկյուն

Ուսումնասիրությունը վեր է հանել Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության հետ կապված խնդիրները ՀՀ–ում

04.07.2014

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում» ուսումնասիրությունը՝ վեր հանելով Հանրային պաշտպանի (ՀՊ) գրասենյակի գործունեության հետ կապված խնդիրները ՀՀ–ում։

ԻՊԱՍ–ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՊ գրասենյակին պետության կողմից հատկացվող ռեսուրսները կամ ֆինանսավորումը բավարար չէ գրասենյակի լիարժեք, արդյունավետ գործունեությունը կազմակերպելու համար։

ՀՊ գրասենյակի ֆինանսավորումը բավարար չէ

«Թեև նախորդ տարիների համեմատ ֆինասական հատկացումը ավելացել է, բայց 2014թ.–ից ավելացել է նաև շահառուների թիվը, որը ծանրաբեռնվածությունը մեծացրել է, և չեմ կարծում, որ ֆինանսավորումը համարժեք է»,– hra.am –ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԻՊԱՍ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Նշենք, որ ՀՊ ֆինանսավորումը 2011-ին և 2012–ին եղել է մոտ 152,5 միլիոն ՀՀ դրամ, իսկ 2013-ին և 2014-ին՝ մոտ 260 միլիոն։ Ֆինանսավորումը հիմնականում ներառում է հանրային պաշտպանների ֆիքսված աշխատավարձերը՝ գումարած աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով գումար՝ այլ ծախսերի համար։

2014 թվականից ուժի մեջ են մտել «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունները, որով ընդլանվում է այն սոցիալական խմբերի ցանկը, ովքեր հնարավորություն ունեն անվճար ծառայությունից օգտվել։

«Եթե բոլոր այդ խմբերը ցանկանան օգտվել Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից, ապա մենք կունենանք լուրջ խնդիր ծանրաբեռնվածության առումով»,– կարծում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Գրասենյակն ունի կադրերի խնդիր

Փաստաբանների պալատի պաշտոնական կայքի տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՊ գրասենյակն ունի 50 հանրային պաշտպանի դրույքով գործող 53 հանրային պաշտպաններ (6 հանրային պաշտպան կես դրույքով են աշխատում)։ Նրանցից 27-ը աշխատում են Երևան քաղաքում, 26-ը՝ մարզերում։

Պաշտպանները ստանում են 240.000 դրամ ֆիքսված զուտ աշխատավարձ մեկ դրույքի համար։

ԻՊԱՍ նախագահ Հայկուհի Հարությունյանը կարծում է, որ հանրային պաշտպանի աշխատանքը գրավիչ չէ լավ փաստաբանների համար, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է, վարձատրությունը՝ անհամարժեք փոքր, ռեսուրսները՝ անբավարար։

«Արդարացի լինելու համար պետք է նշել, որ կան հանրային պաշտպաններ, ովքեր լավ աշխատանք իրականացել են, հասել են արդարացման վճիռների, բայց, ցավոք սրտի, պետության ոչ ադեկվատ մոտեցման պատճառով լավ մասնագետները չեն ուզում շարունակել աշխատանքը ՀՊ գրասենյակում և մի քիչ հեղինակություն ձեռքբերելուց հետո տեղափոխվում են մասնավոր դաշտ... Եթե դու նույնքան էներգիա և ջանք ներդնես որպես մասնավոր փաստաբան, ավելի մեծ հաջողության կհասնես, ավելի շատ գումար կվաստակես։ Էդ դեպքում ինչո՞ւ ընտրել ցածր աշխատավարձն ու մեծ ծանրաբեռնվածությունը»,– ասում է նա։

Իսկ դա, ըստ ՀԿ նախագահի, բերում է մեկ այլ՝ կադրային խնդրի։

ՀՊԳ ղեկավարն այլ կարծիքի է. «Եթե գալիս են հայտարարված մրցույթին մասնակցելու, ուրեմն գրավիչ է, այլապես չէին գա։ Այստեղ պաշտպանները ապահովված են մշտական աշխատանքով, տեխնիկական միջոցներով, գրասենյակով, իսկ սա ինքնուրույն աշխատող պաշտպանի ամենամեծ դժվարությունն է... Հայաստանում կայուն եկամուտը շատերին է գրավում, մանավանդ սկսնակներին։ Իսկ մենք հենց սկսնակներին ենք ուզում ներգրավել։ Եթե բավարար գիտելիքներ ունենա, փորձը մենք այնպես կանենք, որ ձեռք բերի»,– ասում է նա։

Իսկ Փաստաբանների պալատի նախագահը նշում է, որ պարտադիր չէ, որ փաստաբանը ունենա բարձր հեղինակություն, որ լավ փաստաբան լինի: Կան շատ երիտասարդ կադրեր, ովքեր ոչնչով չեն զիջում հեղինակավորներին իրենց համառությամբ, համարձակությամբ, գրագիտությամբ և սովորելու ցանկությամբ։ Եվ իր խնդիրն է լինելու այդպիսի փաստաբանների բերել ՀՊ գրասենյակ, կադրերը երիտասարդացնել։

Արա Զոհրաբյանի խոսքերով՝ հուլիս ամսից, հավանաբար, հանրային պաշտպանների աշխատավարձերը կբարձրանան, բացի այդ, պլաններ կան ներդնելու մոտիվացիոն համակարգ՝ աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով։

«Երբ հանրային պաշտպանը ունենում է ֆիքսված աշխատավարձ և վարում է, օրինակ, 20 գործ ամսական, հետո եթե վարի 30 գործ ու ստանա նույն գումարը, ես կարծում եմ, որ կարող է որոշակի ժամանակ նվիրված աշխատել, սակայն հետո՝ ինչ–որ ժամանակ անց, նա սկսի «գլուխ պահել»: Եվ, կարծում եմ, որ դա նորմալ է։ Դրա համար կարելի է մոտիվացիոն համակարգ ներդնել. որոշակի խրախուսման ֆոնդ նախատեսել և նրանց լրացուցիչ վարձատրել՝ ինչ-որ օբյեկտիվ չափանիշներից ելնելով, օրինակ՝ կախված գործերի հաջող ավարտից, արդարացումներից, աշխատանքային կարգապահությունից, ակտիվությունից կամ գրված բողոքների որակից: Եվ այս դեպքում արդեն հանրային պաշտպանը կիմանա, որ որքան շատ ու ջանասիրաբար աշխատի, այնքան շատ կվարձատրվի»,– կարծում է ՓՊ նախագահը:

Հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը մեծ է, ինչն ազդում է որակի վրա

Արա Զոհրաբյանը ՀՊԳ ծանրաբեռնվածությունը գնահատում է «կայուն ծանր»:

«Այս պահին ծանրաբեռնվածությունից չենք բողոքում, մեր ներկայիս ռեսուրսներով հասցնում ենք: Բայց ծանրաբեռնվածության ավելացման միտում կա՝ հատկապես քաղաքացիական գործերի հաշվին»,– ասում է նա:

Զոհրաբյանի խոսքերով՝ յուրաքանչյուր պաշտպան իր վարույթում ունենում է ամսական մինչև 20 գործ։ Ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու համար ՀՊ գրասենյակի համար նախատեսում են ունենալ տեխնիկական աշխատողներ։

Իսկ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն այլ տվյալներ է տրամադրում։ www.hra.am –ին տված հարցազրույցում նա ասաց, որ յուրաքանչյուր պաշտպանի ծանրաբեռնվածությունը տարեկան 75-85 գործ է:

«Ըստ ՀՊԳ տվյալների՝ մեկ ամսվա կտրվածքով մեկ պաշտպանին 7-7.5 գործ է բաժին ընկնում։ Եթե օբյեկտիվորեն նայենք, 7 գործը հնարավոր է տեղավորել վարույթում և հետևողական աշխատել, բայց այդ թիվը ճիշտ չի հաշվարկած»,– պնդում է ԻՊԱՍ նախագահը։ Նրա խոսքերով՝ հանրային պաշտպանների իրական ծանրաբեռնվածությունը շատ ավելին է, ինչը, բնականաբար, ազդում է պաշտպանության որակի վրա։

Կազամկերպության կողմից դատավարությունների դիտարկումները ցույց են տվել, որ շատ դեպքերում հանրային պաշտպանի ներգրավումն ու մասնակցությունը կրում են ձևական բնույթ, չեն իրականացվում պաշտպանյալի շահերից բխող բոլոր հնարավոր գործողությունները։

«Դիտարկված գործերի մոտ կեսը տեղի է ունեցել արագացված կարգով, որի դեպքում լիարժեքորեն չի իրացվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը։ Արագացված կարգը ձեռնտու է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմին, քանի որ կարիք չի լինի գործը խորությամբ ուսումնասիրել, ճառ պատրաստել, վեր հանել գործում առկա հակասությունները, միջնորդություններ ներկայացնել, ապացույցներ վիճարկել և այլն։ Իսկ ամբաստանյալին գայթակղում են ավելի թեթև պատիժ նշանակելու հավանականությամբ»,– նշում է Հայկուհի Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ դիտարկման ժամանակ եղել են դեպքեր, երբ հանրային պաշտպաները գործի նյութերին չեն տիրապետել, ժամանակ են խնդրել տեղում ծանոթանալու համար, մինչ դատական նիստը չեն հանդիպել և խորհրդակցել պաշտպանյալի հետ, հետագա գործողությունները չեն համաձայնեցրել։

ՀՊ ինստիտուտը կառավարման և վերահսկողության բարձրացման խնդիր ունի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահը կարծում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է ունենա ռազմավարություն և առաջիկա տարվա գործողությունների պլան, իր առջև նաև դնի համակարգային խնդիրներ բացահայտելու և լուծելու խնդիր։

«Հանրային պաշտպանի գրասենյակը նաև կառավարման, մենեջմենթի հետ կապված խնդիր ունի, ինչը թույլ չի տալիս, որ ինստիտուտը զարգանա»,– նշում է Հայկուհի Հարությունյանը։

«Ինչպե՞ս են իրենք բաշխում գործերը, ինչպես են որոշում՝ ով պետք է զբաղվի կոնկրետ գործով, չկան այդ մեխանիզմները։ Գուցե իրենք ունեն ինչ–որ ներքին սկզբունք, ես չգիտեմ, դա չի հրապարակայնացվում»,– նշում է նա։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի խոսքերով՝ գործերի բաշխումը կատարվում է հետևյալ կերպ. «Ամիսը ավարտվելիս իմ ձեռքին լինում է այս ցուցակը, որտեղ նշված է՝ ում մոտ որքան գործ է մնացել և ունենք զբաղվածության գրաֆիկ, որի վրա պաշտպանները նշում են՝ երբ են հանձնել գործը։ Ես նայում են գրաֆկը, տեսնում եմ ովքեր են ազատ և նրանց մեջ նվազագույն ծանրաբեռնվածություն ունեցողն էլ հանձնում եմ նոր գործը: Եթե բոլորը զբաղված են, նայում եմ նախորդ տարվա ամբողջ տվյալները, տեսնում եմ՝ ով է քիչ գործեր վարել, նրան եմ տալիս գործը»:

Մասիս Ղազանչյանը նշում է, որ հաշվի են առնում նաև մասնագիտացվածության հարցը, թե տվյալ գործով որ փաստաբանը կարող է արդյունավետ պաշտպանություն իրականացնել։

ԻՊԱՍ ՀԿ նախագահը վստահ չէ, որ հանրային պաշտպանների քանակը հնարավորություն է տալիս գործերը բաժանել ըստ մասնագիտացվածության, այնպես, որ պաշտպանյալը չտուժի։

«Չկա այդքան ռեսուրս։ Խնդիրը հատկապես սուր է մարզերում, որտեղ պաշտպանների քանակը խիստ սահմանափակ է, լավ կադրեր գտնելը՝ դժվար։ Կան մարզեր, որտեղ միայն մեկ հանրային պաշտպան է աշխատում, ով, բնականաբար, չի կարող մասնագիտացած լինել բոլոր ոլորտներով»,– վստահ է Հայկուհի Հարությունյանը։

Նա նաև հանրային պաշտպանների գործունեության վերահսկողության խնդիրներ է տեսնում։

«Մի կողմից Հանրային պաշտպանի գրասնեյակի վրա չկա կառավարման ոչ մի լծակ՝ իրենց աշխատանքի որակը չափելու առումով, մյուս կողմից հենց ՀՊ գրասենյակը ոչ մի հետազոտություն չի անում՝ պարզելու իր կողմից մատուցվող ծառայությունների որակը։ Ստացվում է, որ կա տեղ, որետղ որ դու եթե ոչ մի բան էլ չանես, միևնույն է, պետության կողմից քո ամսական աշխատավարձը ստանալու ես»,– մտահոգություն է հայտնում ԻՊԱՍ նախագահը՝ կրկին շեշտելով, որ ասվածը բոլորին չի վերաբերում, կան բարեխիղճ հանրային պաշտպաններ, որոնք լավ են աշխատում և ունեն արդարացման վճիռներ։

Խնդիրն այն է, որ չկա մեխանիզմ, թե մարզային հանրային պաշտպանն ինչ սկզբունքով է հաշվետու կենտրոնական գրասենյակին, մյուս կողմից հանրային պաշտպանների համար չկա կարգապահաման պատասխանատվության մեխանիզմ։

ՀՊԳ ղեկավար Մասիս Ղազանչյանը վստահեցնում է, որ իրենք վերահսկում են հանրային պաշտպանների աշխատանքը ևթերացումներ հայտնաբերելու դեպքում «հրաժեշտ են տալիս» անբարեխիղճ աշխատողներին։

«Պաբերաբար ստուգվում են գործի վարույթները, որոնք հանձնվում են գրասենյակ։ Այս տարվանից ունեմ տեղակալ, որ զբաղվում է այդ գործով։ Ավելի խորացված ուսումնասիրվում են այն գործերը, որոնց վերաբերյալ բողոքներ կան կամ կասկած կա, որ լիարժեք չեն վարվել։ Բողոքներ ունենալու դեպքում պահանջում ենք, որ հանրային պաշտպանը գրավոր բացատրություններ ներկայացնի ՝ բողոքում բերված հանգամանքների վերաբերյալ։ Առանձին մեթոդներ էլ ունենք մարզային պաշտպաններին վերահսկելու, որոնք չէի ցանկանա հրապարակել...»,– ասում է ՀՊԳ ղեկավարը։

Նա նաև բերում է մի քանի օրինակներ, երբ անբարեխիղճ աշխատանքի համար հանրային պաշտպանը հեռացվել է աշխատանքից. «Կապանում 4 պաշտպան ենք փոխել 2010 թվականից այս կողմ... Գյումրու գործերից մեկը նայեցի և տեսա, որ մարզի նախկին դատախազն իրեն շատ խայտառակ ձևով է պահում դատարանում, իսկ պաշտպանը դատարանում աշխատում է որպես դատախազ։ Պահանջեցի, որ նրան հանեն։ Մի պաշտպանի մոտ հանդիպեցի, որ միջնորդում է, որ իր պաշտպանյալին տան երկուսուկես տարվա ազատազրկում։ Ասացի, եթե դատախազի գործն ես անում, մենք դատախազի հաստիք չունենք, իրեն էլ հրաժեշտ տվեցինք։ Այնպես որ, այդ գործընթացը գնում է»։

Մասիս Ղազանչյանը նաև նշում է, որ ՓՊ նոր նախագահը որդեգրել է կադրերի թարմացման և երիտասարդացման քաղաքականություն, քանի որ երկար ժամանակ նույն տեղում աշխատելուց հետո պաշտպանի և մարզի դատավորների, դատախազների ու քննիչների միջև ձևավորվում է «փոխադարձ զսպվածության կամ կոմպրոմիսային դաշտ, երբ մեկը մյուսի «քեֆին» չի ուզում կպնել»։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի հերքում, որ մարզերում հանրային պաշտպանների վերահսկողության խնդիրներ կան։

«Մարզերում վիճակը այնքան էլ լավ չէ։ Հիմա սկսում ենք Երևանից։ Ուզում ենք համակարգչային ծրագիր ներդնել ՀՊ բոլոր գրասենյակներում, որը վերահսկողությունը կբարձրացնի»։ Բնականաբար, դա մատչելի ծրագիր չէ, և մենք մի քանի դոնոր կազմակերպությունների ենք դիմել»,– ասում է նա։

Հ.Գ. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ուսումնասիրությունն իրականացվել է 2012-ին և հրապարակվել 2013թ.–ին։ Ուսումնասիրությունը կատարելուց հետո տեղի ունեցած փոփոխությունները չեն արտացոլվել զեկույցում։ Հավելենք, որ 2013թ. սեպտեմբերին Փաստաբանների պալատի նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը, ում նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ ՀՊԳ առկա խնդիրների վերլուծության և առաջարկությունների ներկայացման նպատակով, սահմանվեց հանրային պաշտպանների առնվազն 40 տոկոսի մրցութային ընտրության կարգ, 2014–ին ՀՊԳ–ն տեղափոխվեց նոր գրասենյակ՝ աշխատանքային ավելի բարվոք պայմաններով։

Աղբյուրը՝ www.hra.am