Տեսանկյուն

Ոստիկանները կոպիտ կարգապահական խախտումներ չեն կատարել. ոստիկանության արձագանքը ՔՀԻ նախագահի նամակին

09.07.2014

Photo by PAN photo

Սույն թվականի հունիսի 25-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նամակով դիմել էր ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր մտահոգությունը հայտնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը պահպանող ոստիկանների գործողությունների, մասնավորապես՝ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ, առաջարկելով կարգապահական վարույթ սկսել նրանց դեմ: Նամակին կից ներկայացվել էր իրավապահների գործողությունների վերաբերյալ տեսանյութեր։

«Սարյան 22 հասցեում հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում ներկայումս իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքներն ամփոփելուց հետո օրենքով սահմանված կարգով վերջիններս քննության կառնվեն ոստիկանության կարգապահական հանձնաժողովում, եթե ծառայողական քննության ընթացքում ի հայտ բերվեն կարգապահական կոպիտ խախտումներ»,– նշված է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից տրված պատասխանում։

Նշենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», որպես հասարակական կազմակերպություն, 2014թ. մայիսի 8-ից ընդգրկված է ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովում։ Կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը նամակում նաև տարակուսանք էր հայտնում, թե ինչու մինչ օրս հանձնաժողովը որևէ նիստ չի գումարել կամ, գումարելու դեպքում, ինքը չի տեղեկացվել այդ մասին։

Իրավաբանական վարչությունը պարզաբանել է. «Հանձնաժողովի նիստ դեռևս չի հրավիրվել, քանի որ հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումները կոպիտ խախտումներ չեն հանդիսացել, և դրանց քննությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով՝ առանց հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու»:

Փաստորեն, ըստ ոստիկանության, առնվազն վերջին երկու ամիսների ընթացքում խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների կողմից ոչ մի կոպիտ կարգապահական խախտում տեղի չի ունեցել:

Այդ դեպքում հետաքրքիր է նաև իմանալ ոստիկանության կարծիքը հունիսի 23-ին Սարյան փողոցում ոստիկանության գործողությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այդ օրը մարմնական վնասվածքներ ստացած մի խումբ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Նախապատրաստված նյութերով՝ ՀՔԾ–ն հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունների անցումը՝ զուգորդված բռնության կիրառմամբ)։ Կատարվում է նախաքննություն։ Գործի շրջանակներում ոստիկաններին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ չկան։

Աղբյուրը՝ www.hra.am