Տեսանկյուն

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570 000 եվրո փոխհատուցում է տվել. Փաստինֆո

09.09.2014

ՄԻԵԴ–ը

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են շուրջ 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:

«Այն վճիռներով, որոնցով ՀՀ-ի կողմից խախտում է արձանագրվել, քաղաքացիների կողմից պահանջվել է շուրջ 16 մլն եվրոյին համարժեք փոխհատուցում»,- ասել է նա` հավելելով, որ թեև դատարանը բավարարել է պահանջվող գումարի զգալիորեն ավելի քիչ մասը, սակայն Հայաստանի նման երկրի համար դա էլ է բավական մեծ գումար:

Ի դեպ, 570 000 եվրո փոխհատուցումը գոյացել է, ընդհանուր առմամբ, 49 վճիռների բավարարման արդյունքում: Փոխհատուցման ամենամեծ չափը, որը Եվրադատարանը պարտադրել է ՀՀ-ին վճարել իր քաղաքացիներին, եղել է 120 000 եվրոյին համարժեք դրամ:

«Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք չունենք թեկուզ 1 դրամ, որ չի փոխհատուցվել քաղաքացիներին` Եվրադատարանի վճիռներով»,- ասել է Արտյոմ Սեդրակյանը՝ նշելով, որ ընդդեմ ՀՀ-ի կայացրած վերջին` «Մինասյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճռով նախատեսված 6030 եվրո փոխհատուցումը դիմումատուին կհասնի սահմանված ժամկետում:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբուր նյութում։

Աղբյուրը՝ www.hra.am