Տեսանկյուն

«Որևէ կերպ արդարացված չէ այն պատիժը, որ դատախազը պահանջում է անչափահաս Շահեն Հարությունյանի համար»

10.09.2014

Շանթ և Շահեն Հարությունյանները դատարանում

«Անմարդկային է նման մեղադրանք առաջադրել և պատժաչափ սահմանել մի երեխայի համար, ով եթե դրանից 10 ամիս առաջ կատարած լիներ նույն գործողությունները, կլիներ 13 տարեկան և ընդհանրապես ազատված կլիներ քրեական պատասխանատվությունից»,– կարծում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանը։

Շահեն Հարությունյանը՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին, մեղադրվում է 2013թ. նոյեմբերի 5-ին հոր և նրա մի խումբ համախոհների հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, խուլիգանություն կատարելու մեջ` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս):

Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան), և սեպտեմբերի 8-ին կայացած նիստում մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդեց անչափահաս Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման (նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով):

«Շատ պարզ իրավիճակի հետ մենք գործ ունենք. անչափահաս՝ 14 տարեկան երեխա, ներգրավվել է մի գործողությունների մեջ, որոնց առաջնորդը եղել է իր հայրը։ Ի սկզբանե այդ գործողությունները ոչ մեկի կողմից չեն դիտվել որպես խուլիգանական, հակառակը՝ հասարակության մի հատվածի կողմից արդարացվել է այդ մտադրությունը [հեղափոխություն իրականացնելու – հեղ.]։ Ոստիկանությունը որևէ քայլ չի արել այդ գործողությունները կանխելու համար... Այնպես որ, այդ երեխան, ըստ էության, հնարավորություն չուներ գնահատելու, թե ի՞նչ գործընթացի մեջ է ինքը ներքաշվում, պե՞տք է մասնակեցել թե ոչ, առավել ևս, նորից եմ ընդգծում, որ նա չի մասնակցել ինչ–որ մի խմբի կողմից կազմակերպված հավաքի, այլ՝ հենց իր հոր նախաձեռնած երթին։ Եվ երբ ոստիկանության հետ սկսվեց բախումը, իր «մեղքը» էլի այն է եղել, որ եղել է հոր կողքին, պաշտպանել է նրան»,– hra.am –ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ իրավապաշտպանը Շահեն Հարությունյանի գործողությունները համարում է «շատ բնական գործողություններ երեխայի համար», և, այդ առումով անընդունելի և անմարդկային է համարում առաջադրված մեղադրանքը և պահանջվող պատճաչափը մի երեխայի համար, ով եթե դրանից 10 ամիս առաջ կատարած լիներ նույն գործողությունները, կլիներ 13 տարեկան և օրենքով ազատված կլիներ քրեական պատասխանատվությունից։

«Որևէ ձևով արդարացված չէ այն մեղադրանքը, որ առաջադրվել է Շահեն Հարությունյանին, և, առավել ևս, այն պատիժը, որը պահանջեց մեղադրող կողմը։ Կարծում եմ, դատախազությունը պետք է հաշվի առներ այս հանգամանքները, երեխան եղել է հոր կողքին, ոստիկաններին հարվածել է հորը պաշտպանելու համար, եղել է մի իրավիճակ, որն ապրիորի գնահատել որպես խուլիգանություն, ոչ ոք չէր կարող։ Նույն ոստիկանությունը չէր ասում, որ դուք խուլիգանական գործողությունների եք դիմում, չէր փորձում կանխել դրանք, բացատրել կամ կախնխել անչափահասի մասնակցությունը դրանց...»,– տեսակետ է հայտնում իրավապաշտպանը։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 37-րդ հոդվածի «բ» կետը սահմանում է, որ երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումը պետք է գործադրվեն միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է՝ կարճ ժամանակամիջոցով: Եվ, առհասարակ, միջազգային չափորոշիչների համաձայն՝ իրավախախտում կատարած անչափահասների դեպքում քրեական պատասխանատվությունը փոխարինվում է այլընտրանքային միջոցներով:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան, անչափահասների արդարադատության ոլորտի մասնագետ Տաթևիկ Ղարիբյանը, հղում կատարելով Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի թիվ 10-րդ ընդհանուր մեկնաբանությանը, նշում է. «Անչափահասի կողմից կատարված հանցագործության նկատմամբ արձագանքը միշտ պետք է համաչափ լինի ոչ միայն տվյալ դեպքի հանգամանքներին և հանցագործության ծանրությանը, այլ նաև՝ տարիքին, երեխային վերաբերող հանգամանքներին և կարիքներին: Խիստ պատժողական մոտեցումը չի համապատասխանում Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթներին։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ անչափահասն առավել խոցելի է և կաշկանդված է ծնողի կամքով»,– նշում է իրաբանանը։

Տաթևիկ Ղարիբյանը հիշեցնում է, որ քրեական օրենսդրությամբ նախատեսված՝ պատիժը նշանակելու սկզբունքների մեջ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում կարող է նշանակվել պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով։ Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ՝ այդ հանգամանքների համակցությունը»:

«Շահեն Հարությունյանի պատժաչափի դեպքում, կարծում եմ, հաշվի չեն առնված անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացնելու առանձնահատկությունները և սկզբունքերը, ինչպես նաև՝ բացառիկ հանգամանքները: Մեղադրողի կողմը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ Շահեն Հարությունյանն իրեն վերագրվող արարքը կատարելու ժամանակ եղել է 14 տարեկան, գործել է հոր հետ միասին և «ընդամենը հորն է պաշտպանել», ինչպես նշել է նրա մայրը»,– իր տեսակետն է հայտնում իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ 2013թ. Նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ով հայտարարել էր հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին, իր աջակիցների հետ Ազատության հրապարակից երթ էր նախաձեռնել դեպի նախագահական նստավայր, որն ավարտվեց Մաշտոցի պողոտայում երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներով։

Միջադեպի վերաբերյալ քրեական գործ հարուցվեց ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և մեղադրանք առաջադրվեց 16 անձանց, այդ թվում Շանթ Հարությունյանին և նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Նախաքննությունն ավարտվեց և գործը դատարան ուղարկվեց այս տարվա մայիսին։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am