Տեսանկյուն

Իրավախախտ անչափահասների վերականգնողական կենտրոնները շարունակում են գործել իրենց ուժերով. Ն.Դուրյան

26.09.2014

Photo by police.am

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը հավաստիացնում է, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում հասարակական կազմակերպությունների ուժերով ստեղծված իրավախախտ անչափահասների համայնքային վերականգնողական կենտրոնների հետագա ֆինանսավորման խնդիրը լուծելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 25-ին Նելլի Դուրյանը լրագրողներին ներկայացրեց 2014թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում իրենց վարչության կողմից կատարած աշխատանքները։ www.hra.am–ը ոստիկանության գնդապետին հարց ուղղեց իրավախախտ անչափահասների համայնքային վերականգնողական կենտրոնների վերաբերյալ՝ ճշտելով, թե ֆինանսական խնդիրներով փակման եզրին կանգնած կենտրոնների բացակայության պայմաններում ինչպե՞ս է լուծվելու անչափահանսերի ուղղորդման խնդիրը։

«Համայնքային վերականգնողական կենտրոնների ֆինանասվարումը մասամբ ավարտվել է անցած տարի, մասամբ՝ այս տարի, բայց կենտրոնները չեն փակվել, կենտրոններն իրենք իրենց ուժերով դեռ շարունակում են աշխատել, և մենք էլ՝ իրենց հետ մեր աշխատանքները շարունակում ենք իրականացնել»,– պատասխանեց տիկին Դուրյանը։

Միակ կենտրոնը, որ փակվել է տարիներ առաջ, եղել է Թալինում, բայց պատճառը ոչ թե ֆինանսավորումն է, այլ՝ այնտեղ ուղղորդվող երեխաների բացակայությունը, նշեց նա։

Նելլի Դուրյանի խոսքերով՝ ոստիկանության պետի 1-ին տեղակալի անունից իրենք նամակներ են ուղարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ խնդրելով աջակցել կենտրոնների հետագա գործունեությունը շարունակելու խնդրի վերաբերյալ մարզպետերի հետ հանդիպում–քննարկում կազմակերպելու հարցում։ Իսկ մինչ այդ, ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումներ են իրականցնում մարզերում։

«Հանդիպել ենք Տավուշի մարզպետի տեղակալի հետ, ով խոսացել է իրենց մոտ գտնվող կենտրոնը ֆինանսավորել։ Ես անձամբ հանդիպում եմ ունեցել Քաջարանի քաղաքապետի հետ, ով նույնպես մեծ պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ»,– նշեց տիկին Դուրյանը։

Հավելենք, որ համայնքային վերականգնողական կենտրոններն աշխատում են ոչ ծանր իրավախախտում կատարած և ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված երեխաների հետ։ Ոստիկանությունը հայեցողական լիազորությամբ այդ անչափահասներին ուղղորդում է վերականգնողական կենտրոններ, որտեղ վերապատրաստված մասնագետները (մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող) երեխաների հետ առնվազն 3 ամիս իրականացնում են սոցիալ–հոգեբանական, դաստիարակչական աշխատանքներ՝ վնասի փոխհատուցման կամ վերականգնողական անհատական ծրագրի հիմա վրա:

Աղբյուրը՝ www.hra.am