Տեսանկյուն

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության դաշինքը պահանջում է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք

03.10.2014

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ կոչ անելով Կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել ՀՀ կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերով և «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրով ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև՝ աջակցել «Ընտանեկան բռնության կանխարգելման» լրամշակված օրինագծի շրջանառության մեջ դրվելու և ընդունվելու հարցում։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Զարուհու դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որի նպատակն է պայքարել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեմ:

2010թ.-ից ի վեր կոալիցիան ամեն տարի հոկտեմբերի 1-ին իրականացնում է հանրային միջոցառում՝ ուղղված ընտանեկան բռնության կանխարգելմանը՝ նպատակ ունենալով հոկտեմբերի 1-ը դարձնել «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:

Համաձայն ՀՀ Ոստիկանության տվյալների՝ 2013 թվականին ընտանեկան բռնության են ենթարկվել 580 կանայք, իսկ հասարակական կազմակերպությունների գրանցած տվյալների համաձայն` գրանցվել է կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության 1400 դեպք: 2014թ. առաջին 9-ը ամիսների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով մահացել է 9-ը կին:

Նպատակ ունենալով կանխարգելել ընտանեկան բռնությունը Հայաստանում՝ 2007թ.-ից ի վեր մշակվել և քննարկվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը վերանայվել է մեծ թվով միջազգային և տեղական փորձագետների կողմից և 2009 թ.-ի սեպտեմբերին ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: 2010թ.-ի նոյեմբերի 12-ին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկման: Շրջանառության և քննարկումների արդյունքում համապատասխան փոփոխություններով լրամշակված օրենքի նախագիծը 2012թ.-ի նոյեմբերի 28-ին ներկայացվել է ՀՀ Վարչապետին` հավանության արժանանալու համար:

Սակայն 2013թ.-ի փետրվարի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է Կառավարության եզրակացությունը, համաձայն որի՝ վերջինս նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, և Կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում:

2013թ.-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի փորձագիտական խումբը, որտեղ ներգրավված են իրավաբաններ և ոլորտում աշխատող փորձագետներ լրամշակել են «Ընտանեկան բռնության մասին» օրենքը` այն համապատասխանեցնելով ՀՀ Արդարադատության նախարարության նկատառումներին: Ներկայումս լրամշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը պատրաստ է Ազգային ժողովում շրջանառության դրվելու համար:

Այս առիթով մենք կոչ ենք անում Կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտավորությունների իրականացմանը, որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում և ՀՀ–ի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում:

Կարևորելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» ՀՀ օրենքը` պահանջում ենք ընդունել այն և ակնկալում ենք Ձեր միջամտությունը այս հարցի կապակցությամբ: Ակնկալում ենք նաև Ձեր անմիջական օգնությունը հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» հռչակելու կապակցությամբ»:

Աղբյուրը՝ www.hra.am