Տեսանկյուն

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը դատապարտել է ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարձակումները

18.12.2014

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով 2014թ. նոյեմբերի վերջին և դեկտեմբերին Երևանում տեղի ունեցած միջադեպերի՝ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ:

«ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Պատվիրակությունը հաստատում է իր մտահոգությունը 2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ:

Հայտարարությունն ամբողջության ներկայացնում ենք ստորև.

«Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ, հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ:

ԵՄ պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստիների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ:

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն:

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակաությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը 2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ:

Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն աճող մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում և առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ:

ԵՄ պատվիրակությունը վկայակոչում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերին արված համատեղ հայտարարությամբ»:

Աղբյուրը՝ www.hra.am