Տեսանկյուն

«Կոչ ենք անում ոստիկանությանը վերջ տալ հակաօրինական գործելաոճին և չսրել իրավիճակը». ՔՀԻ արձագանքը

16.01.2015

Photo by hetq.am

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն արձագանքել է հունվարի 15-ին Երևանում և Գյումրիում տեղի ունեցած հավաքների ժամանակ ոստիկանության հակաօրինական գործողություններին՝ կոչ անելով չսրել իրավիճակը։ 

«Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դաժան սպանության և մեկ անդամի՝ 6 ամսական երեխայի ծանր վիրավորման միջադեպից հետո Գյումրիում և Երևանում շարունակվում են ինքնաբուխ հավաքներ տեղի ունենալ։ Ցուցարարների պահանջը հիմնականում մեկն է. սպանության մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացիՎալերի Պերմյակովին, ով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին նախաքննություն իրականացնելու համար։

Երևան քաղաքի Ազատության հրապարակում հունվարի 15-ի երեկոյան տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկվեց 38 ցուցարար։ Լարված իրավիճակը ստեղծվեց այն պահից, երբ քաղաքացիական հագուստով ինչ–որ անձինք փորձում էին ցուցարարներից մեկին բռնի ուժի գործադրմամբ քաղաքացիական մեքենայով բերման ենթարկել։ Հետագայում նրանք ներկայացվեցին որպես ոստիկանության աշխատակիցներ, չնայած բերման ենթարկելիս նրանցից ոչ մեկը օրենքով նախատեսված կարգով չներկայացավ, համապատասխան փաստաթղթեր չներկայացրեց և չնշեց բերման ենթարկելու պատճառները։

Կոչ ենք անում ոստիկանությանը վերջ տալ նման հակաօրինական գործելաոճին, ինչը խոչնդոտում է քաղաքացիների՝ ազատ հավաքների իրավունքի իրականացմանը և իր սադրիչ բնույթով է՛լ ավելի է սրում իրավիճակը։

Նույն օրը Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ, որոնց արդյունքում 26 հոգի (այդ թվում՝ ոստիկաններ) վնասվածք ստացավ: Լարվածության աճի պատճառն ենք համարում ռուս իրավապահների կողմից Պերմյակովին ձերբակալելուց հետո Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերած ոչ հստակ դիրքորոշումը գործի հետագա քննության իրավազորության և ընդդատության վերաբերյալ, ինչպես նաև՝ արհամարհական վերաբերմունքը՝ մեղադրյալին ՀՀ իրավապահներին հանձնելու հասարակական պահանջին»։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

Աղբյուրը՝ www.hra.am