Տեսանկյուն

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի բարձրաձայնած խնդիրները դեռևս լուծում չեն ստանում

16.03.2015

Photo by Media Center

Թեև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը օբյեկտիվ գնահատական է տալիս Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Այդուհանդերձ, բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանում գործնականում էական քայլեր չեն նկատվում։ Այս տեսակետը հնչեց մարտի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ: 

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը մարտի 10-ին հրապարկել էր իր զեկույցը 2014-ի հոկտեմբերին Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ: Իր զեկույցում նա անդրադարձել էր այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են «Մարտի 1-ի» քրեական գործի ընթացքը, 15-ամյա Շահեն Հարությունյանի դատապարտումը, Հայաստանի դատական համակարգի խնդիրները, ոստիկանության և իրավապահ մարմինների կողմից խոշտանգումներն ու բռնությունները, ինչպես նաև՝ բանակում, խաղաղ պայմաններում բռնություններն ու մահվան դեպքերը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանի կարծիքով՝ ԵԽ հանձնակատարը հայաստանյան իրավիճակի ճշգրիտ վերլուծություն է կատարել, և զեկույցում որևէ նորություն չկա:

«Այսպիսի զեկույցներ հաճախակի են լինում թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից: Խոշտանգումների կանխարգելման մասով բազմաթիվ անգամ հարցեր են բարձրացվել: Այս առումով ինչ-որ փոքր քայլեր սկսում են անել, օրենսդրությունում փոփոխություններ նախապատրաստել, որպեսզի համապատասխանեցվի ՄԱԿ-ի խոշտանգումների կոնվեցիայի առաջին հոդվածին: 2011-ից արվում են նմանատիպ փոփոխություններ, ուղարկում Ազգային ժողով, նորից հետ բերում, ու դեռևս ոչինչ չկա»,- նշում է Դանիելյանը:

«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշեց, որ զեկույցում տեղ գտած խնդիրները այնքան խորքային ու տարածական են, որ հանձնակատարը ընդամենը մի քանի օր գտնվելով Հայաստանում, կարողացել է դրանք նկատել ու ներկայացնել իր զեկույցում:

«Ամենակարևոր խնդիրներից մեկը դատարանների անկախության խնդիրն է, խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասով անարդյունավետ քննության անցկացումը, անձանց կալանքը՝ որպես խափանման միջոց հաճախակի կիրառելը, բանակում խաղաղ պայմաններում սպանությունների հարցերը: Բազմիցս են եղել այսպիսի զեկույցներ նաև այլ հանձնակատարների կողմից, բազմիցս են բարձրաձայնվել այս հարցերը, բայց փոփոխություններ մենք չենք տեսնում: Անգամ եթե ինչ-որ առումով բարեփոխումներ են լինում օրենսդրական դաշտում, ապա պրակտիկան չի փոխվում»,- ընդգծեց Սահակյանը:

Քննարկման մասնակից «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասում է, որ փոփոխություններ տեղի չեն ունենում քաղաքական կամքի բացակայության պատճառով:

«Ես շատ ուրախ եմ այս զեկույցի հրապարակման համար, քանի որ մենք այս հարցերը ամեն օր բարձրացնում ենք, ու մեզ ասում են, որ մենք սուբյեկտիվ ենք մոտենում, օբյեկտիվ չենք, քանի որ իրավապաշտպաններ ենք: Հիմա ԵԽ մարդու իրավունքների հանաձնակատարը Հայաստանում չի աշխատում որպես իրավապաշտան ու իր զեկույցում գրել է նրա մասին, ինչի մասին մենք երկար տարիներ խոսում ենք: Զեկույցում հիմնական սլաքներն ուղղված են դատական համակարգին: Մինչև անկախ դատական համակարգ չունենանք, մենք ոչինչ չենք ունենալու, ինչքան ուզում է օրենքներ բարեփոխեք»,- նշեց Վարոսյանը:

Նա ընդգծում է, որ զեկույցում հանձնակատարը շեշտել է փոփոխությունների կատարումը ոչ միայն օրենսդրական դաշտում, այլև իրավակիրառ պրակտիկայում:

Արման Դանիելյանը հավելում է, որ հնարավոր չէ պայքարել խոշտանգումների դեմ, եթե չկա անկախ դատական համակարգ:

«Անգամ այսօրվա մեր օրենսդրությունը թույլ է տալիս մեզ պատժել խոշտանգողներին, բայց փաստ ունենք, որ որևէ ոստիկան պատիժ չի կրում քրեակատարողական հիմնարկում խոշտանգման համար: Եթե դատական համակարգը պատրաստ լինի պայքարել խոշտանգումների դեմ, ուրեմն արդյունք կլինի, եթե ոչ, ուզում եք 10 անգամ քրեական օրենսգիրքը փոխեք, չեն պայքարի»,- նշեց Դանիելյանը:

Բանախոսները համակարծիք են, որ պետք է համակարգային փոփոխությունների իրականցման կամք լինի և ոչ թե փոքր փոփոխությունների ռազմավարություն:

«Որոշ փոփոխություններ անգամ իմիտացիոն բնույթ են կրում: Օրինակ՝ վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների համար ձևականորեն հարուցվում են քրեական գործեր, որպեսզի Եվրոպական դատարանին ցույց տան, որ հարուցել են քրեական գործեր»,-հավելում է Սահակյանը:

Ի հավելումն դրան՝ Դանիելյանը ներկայացնում է որոշ թվային տվյալներ, ըստ որի, 2014-ին խոշտագումների բողոքների հիման վրա հարուցվել է 87 քրեական գործ, որից ընդամենը մեկն է ուղրակվել դատարան:

«Ակնհայտ է, որ բացում են ու միանգամից փակում գործը, որ որևէ գործողություն չիրականացվի»,- հավելեց Դանիելյանը:

Քննարկման վերջում բանախոսները ընդգծեցին, որ յուրաքանչյուր փոփոխություն Հայաստանում հնարավոր է լինելու միայն քաղաքացիական հասարակության ճնշմամբ, և մինչև իշխանությունը չգիտակցի, որ պետք է երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության հետ սեղանի շուրջ, այլ ոչ թե փողոցում, որևէ հաջողություն չի գրանցվի:

Սկզբնաղբյուրը՝ «Մեդիա կենտրոնի» կայք

Աղբյուրը՝ www.hra.am