Տեսանկյուն

Կառավարությունում քննարկել են քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. իրականացված աշխատանքները

02.04.2015

Photo by gov.am

Ապրիլի 1-ին ՀՀ կառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական համակարգում այս տարի նախատեսվող ծրագրերին:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը նշել է, որ հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014թ. ընթացքում պահվել է 2767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ: Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերին շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿՀ առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Մինչ 2015թ. վերջ շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած հատվածը, ինչը հնարավորություն կտա լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:

Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային խնդիրների լուծման նպատակով իրականացվել են ՔԿՀ-ների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար համապատասխան աշխատանքներ:

Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ ՔԿՀ-ներում համապատասխան աշխատանքներ են տարվել նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է առցանց էլեկտրոնային հանձնուքի համակարգը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, դատապարտյալ-ՔԿՀ ծառայող շփումը: Նվազագույնի կհասցվի նաև արգելված իրերը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու հնարավորությունը:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև՝ տուբերկուլոզի կանխարգելման շարունակական ծրագրեր: ՀՀ ԱՆ-ը Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի հետ կիրականացնի նաև քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի բարելավման աշխատանքներ: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում «Մարդասիրական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քրեակատարողական վարչությանը եռամսյակային կտրվածքով տրամադրվում են անվճար դեղամիջոցներ:

Աշխատանքներ են իրականացվել նաև ՔԿՀ-ների էներգետիկ ծախսերը նվազեցնելու ուղղությամբ: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Վարչապետը կարևորել է համակարգում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդրի լուծմանը, դատապարտյալների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, տրամադրվող սննդի որակի ապահովմանը և առկա հիմնախնդիրների լուծմանը: 

«Պետք է անել ամեն ինչ՝ դատապարտյալների խնդիրների լուծման, ՔԿՀ-ներում առկա պայմանների բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ առումով, մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը: Այս բարեփոխումը լինելու է մեր հետևողական ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ 2015 թվականը կլինի ձեռքբերումների տարի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարություն

Աղբյուրը՝ www.hra.am