Տեսանկյուն

Ճանաչել Ցեղասպանությունը, բացել հայ–թուրքական սահմանը, սկսել երկխոսություն. հայ և թուրք իրավապաշտպաններ

23.04.2015

Photo by Media Center

Թուրքիայում շատ մեծ փոփոխություն կա Հայոց Ցեղասպանության հարցի ընկալման շուրջ, և այժմ թուրք հասարկությունն ավելի ազատ է խոսում այս խնդրի մասին. վստահեցնում են հայ և թուրք իրավապաշտպանները փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Քննարկման մասնակից Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանն ասում է, որ Հայաստանի խնդիրն է ոչ միայն դատապարտումը, այլև ապագային ուղղված կոչը, որ այլևս թույլ չտրվի նման հանցագործություն:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումը դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա: Թուրքիայում շատ մեծ փոփոխություններ կան խնդրի ընկալման առումով: Հիմա ավելի խորքային են ընկալում խնդիրը և ազատ խոսում: Այս միջազգային արշավը Ցեղասպանության 100-րդ տարելիցին կարծում եմ կազդի թուրք ժողովրդի մոտ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը»,-նշեց Կիրակոսյանը

Փետրվարի 22-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի, Մարդու իրավունքների հիմնադրամի և Հայաստանում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ հռչակագիր է ստորագրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Այս կազմակերպությունները վաղուց են ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը: Ավելին՝ Մարդու իրավունքների ասոցիացիան Թուրքիայում առաջին կազմակերպություններից է, որն արդեն մի քանի տարի է Ստամբուլում ապրիլի 24-ին Ցեղասպանության վերաբերյալ միջոցառումներ է կազմակեպում:

Քննարկմանը ներկա` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ և Թուքիայիում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը խոսեց հայ-թուրքական հարաբերություններում քայլերի հաջորդականության մասին՝ բացել սահմանը, ճանաչել Ցեղասպանությունը և սկսել երկխոսություն:

«Մենք հռչակագրում նաև նշել ենք հատուցման մասին, բայց պետք է հերթով գնալ: Ցեղասպանության խնդիրը ոչ միայն քաղաքական, իրավական, կամ մարդկային խնդիր է, այլ ավելի ամբողջական և 20-րդ դարի ամենակարևոր խնդիրներից մեկն է: Կարևորը այն չէ, թե մյուս երկրները ինչ են ասում, կարևորը այն է, որ այդ հանցագործությունները ընդունեն և դատապարտեն, որպեսզի այն չկրկնվի: Այն նաև ազգամիջյան խնդիր է, և այս ազգերը պետք է հաշտվեն ու համերաշխության մեջ ապրեն: Թուրքիան պետք է քայլ անի առանց որևէ նախապայմանի և նախապես ընդունի, որ Ցեղասպանությունը՝ Ցեղասպանություն է: Թուքիայի իշխանությունները պետք է բացահայտ և պաշտոնական ներողություն խնդրեն: Դրանից հետո պետք է փնտրտուքներ սկսել, թե ինչպես պետք է հաշտեցման եզրեր գտնել հայ և թուրք ժողովուրդների միջև»,-նշեց Ալաթաշը:

Ըստ նրա՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանը պետք է բացի ոչ թե այլ կազմակերպությունների հորդորներով, այլ իր ներքին զարգացումների շնորհիվ: Ալաթաշի խոսքերով՝ Թուրքիան այդ ներուժն այսօր ունի:

«Թուրքիան չի կարող ականջները փակել աշխարհի ձայնի առաջ: Մենք հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը կսկսվի, սակայն Թուրքիան առաջինը ինքը պետք է քայլ կատարի՝ ընդունելու Ցեղասպանությունը, բացելու սահմանը, որից հետո կսկսվի երկխոսությունը»,-ընդգծեց Ալաթաշը:

Կիրակոսյանը կարծում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրվան է, բայց դրանով պայքարը չի ավարտվի. «Այն կշարունակվի, իսկ Թուրքիայում մենք կտեսնենք, թե ինչպիսի արձագանք կլինի»:

Ալաթաշը հավելում է, որ չնայած Թուրքիան հայերի ու մյուս ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ ունի, այնուամենայնիվ Թուրքիայում լուրջ փոփոխություններ կան. հասարակության մեջ տաբու համարվող թեմաները սկսել են ավելի բաց և ազատ քննարկվել: Մարդիկ ավելի հանգիստ են խոսում այդ խնդիրների մասին:

«Աշխարհի պատմությունը լի է պետությունների կույր քաղաքականությամբ: Պետք է ատելության խոսքերին վերջ տալ և ամեն պետություն իր պատմության հետ պետք է հաշտվի: Սա պետք է անել նրա համար, որպեսզի հաշվի նստել ճշմարտության հետ և կերտել սերունդների ապագան: Այդ դեպքում, երբ Թուրքիան սպանություններ կատարողներին ներկայացնի ոչ թե որպես հերոս, այլ՝ մարդասպան, ամեն ինչ իր տեղը կընկնի»,-հավելեց Ալաթաշը:

Սկզբնաղբյուրը՝ www.media-center.am

Մամուլի ասուլիսի ամբողջական տեսնյութը

Աղբյուրը՝ www.hra.am