Տեսանկյուն

Նախագահականի առջև խաղաղ հավաքի անցկացումն արգելելն իրավունքի սահմանափակում է

14.05.2015

Մայիսի 13-ին ՀՀ նախագահի նստավայրի առջև խաղաղ հավաք էին իրականացնում բանակում զոհված ժամկետային զինծառայողների մի խումբ ծնողներ՝ հիշեցնելով, որ իրենց որդիների մահվան իրական հանգամանքները դեռ մնում են չբացահայտված և պահանջելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարի այդ գործերով արդար դատաքննություն ապահովելու իր խոստումը և պատասխանի իրենց գրություններին։

Ոստիկանները ցուցարարներից պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ՝ հիմնավորելով, որ «ռեժիմային օբյեկտների» կամ «հատուկ, կարևորագույն պահպանվող» շենքերի առջև չի թույլատրվում հավաքներ կազմակերպել։ Ծնողները հրաժարվել են ինքնակամ հեռանալ՝ պահանջելով, որ նախագահականից որևէ մեկը գա իրենց հետ խոսելու և պարզաբանելու, թե ինչու իրենց նամակներին չեն պատասխանում։

Այնուհետև ոստիկանները ֆիզիկական ուժ գործադրելով, քաշելով և հրելով սևազգեստ մայրերին հեռացրել են նախագահական նստավայրի հակառակ մայթը։ Ընդ որում, դա արել են՝ չթույլատրված մասում հատելով Բաղրամյան պողոտան՝ վտանգելով կանանց և իրենց կյանքը, խոչընդոտելով երթևեկությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ նույն պատճառաբանությամբ ոստիկանները սահմանափակում են անձանց խաղաղ հավաքների անցկացման իրավունքը։ Խաղաղ ցույց իրականացնող մայրերին նախագահական նստավայրի առջևից նույն բռնի կերպով հեռացրել էին նաև երեք ամիս առաջ, ինչի արդյունքում ծնողներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր և դեպքի վայր էր ժամանել շտապ օգնության մեքենա։

Հատկանշական է, որ ոստիկանները երբեք չեն կարողանում հիմնավորել, թե որ օրենքով է սահմանվում այդ վայրերում հավաքներ իրականացնելու արգելքը։

Սահմանադրության 29–րդ հոդվածը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»։

Իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը սկզբունքորեն չի արգելում նախագահական նստավայրի կամ մյուս հատուկ պահպանվող շենք–շինությունների առջև ցույցերը։ Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է հավաքների անցկացման արգելքը միայն այն դեպքերում, եթե այն «անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»։

Օրենքը չի պարզաբանում այդպիսի հեռավորությունը, ինչը ենթադրում է, որ իրավունքի իրականացմանը միջամտողը, տվյալ դեպքում՝ ոստիկանությունը, պետք է պատշաճ հիմնավորի և ապացուցի, որ հավաքն իրոք խոչընդոտում է շենքում գտնվող անձանց բնականոն աշխատանքը։

Տվյալ դեպքում հավաքի մասնակից մի քանի մայրերը լուռ կանգնած էին դարպասների առջև, չէին աղմկում, որևէ ձևով չէին խանգարում նախագահի աշխատակազմին, չէին խոչընդոտում շենքի ելումուտը, և եթե նույնիսկ բղավեին, դա չէր կարող խանգարել շենքում աշխատողներին, քանի որ Բաղրամյան 26–ի դարպասների մոտից մինչ նստավայրն ընկած հեռավորությունը բավականին մեծ է։

Մեջբերենք ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Գագիկ Հակոբյանի խոսքերը, որով նա պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների այն հարցին, թե ինչո՞ւ են նախկինում թույլատրել զինծառայողների ծնողներին հավաք իրականացնել նախագահականի առջև, իսկ հիմա կամայականորեն արգելում են։

«Ոստիկանությունը հաճախ զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, ուղղակի, դա չպետք է շահարկվի, որ միշտ մարդիկ կարող են գալ ու նախագահականի մոտ ակցիա իրականացնել։ Ռեժիմային օբյեկտներ կան, որտեղ չի թույլատրվում ակցիաներ իրականացնել՝ անկախ հավաքի անցկացման ձևից՝ խաղա՞ղ է, թե՞ խաղաղ չի։ Ռեժիմային օբեյկտ է, չի թույլատրվում անցկացնել։ Հատուկ, կարևորագույն պահպանվող օբյեկտ է»։

Ոստիկանների «համբերությունը սպառվել է», ինչպես իրենք են արտահայտվում ԶԼՄ–ներում հայտնված տեսանյութում, իսկ օրենքը որևէ կերպ չի սահմանում, թե ինչպես պետք է վարվել համբերությունը սպառվելու դեպքում, ուստի ոստիկանները ստիպված են քաշքշել մարդկանց և բորբոքել կրքերը, որպեսզի աղմուկ և իրարանցում ստեղծվի և հիմնավորում ունենան, թե «ռեժիմային օբյեկտի» բնականոն գործունեությունը խաթարվում է։

Ի դեպ, ըստ հատուկ պահպանության ենթակա շենք–շինությունների ցանկում ընդգրկված են նաև դատարանները։ Նույն տրամաբանությամբ ոստիկանները կարող են սահմանափակել և բռնի ուժով ցրել ամեն դատարանների շենքերի առջև կազմակերպվող հավաքները, առավել ևս, որ դատարանները չունեն ցանկապատ և ցուցարարներն անհամեմատ ավելի մոտ են կանգնում շենքին։

Մնում է առաջարկել Ոստիկանությանը հատուկ վերապատրաստման դասընթացներ կազմակերպել հատուկ պահպանվող շինություններում և հավաքների ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների համար՝ մարդկանց իրավունքներն անհարկի չսահմանափակելու և նրանց անօրինական պահանջներ չներկայացնելու համար։

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հրապարակվեց, որ զինծառայողների ծնողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն և դատաբժշկական ուղեգիր են ստացել։ Իսկ Ոստիկանությունից նրանց տեղեկացրել են, որ կարգապահական վարույթ են հարուցել ոստիկանների գործողությունները քննելու նպատակով։

Տեսանյութը՝ epress.am-ի

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am