Տեսանկյուն

ԵԱՀԿ-ն շահագրգռված է կայունություն պահպանել այս տարածաշրջանում. Ի.Դաչիչ

03.06.2015

Photo by OSCE

ԵԱՀԿ-ն շահագրգռված է կայունություն պահպանել այս տարածաշրջանում և ամրապնդել փոխվստահությունը տարածաշրջանի դերակատարների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունիսի 3-ին Հայաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

ԵԱՀԿ գործող նախագահն այսօր հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Դաչիչը վերահաստատել է ԵԱՀԿ նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ ես ամբողջովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահներիˋ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխատանքներին և այն աշխատանքին, որ կատարում է իմ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում: Սերբիան, որպես նախագահող երկիր, առավելագույն ջանքերը կգործադրի հարցի հաջող կարգավորման համար»,- նշեց եվրոպացի դիվանագետը:

Հավելենք, որ օրեր առաջ ԵԱՀԿ-ի գործող նախագահը Բաքվում էր և Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի քաղաքական կամքի առկայության դեպքում. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ Քաղաքական կամք պետք է դրսևորեն բոլոր կողմերը»։

Իր խոսքում Իվիցա Դաչիչը նաև ընդգծել է Մինսկի խմբի համանախագահող երկրների պարտավորություններն այդ հարցում և դրանց հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ «Նրանք պետք է հասնեն հրադադարի պահպանման մասին համաձայնագրից բխող բոլոր պահանջների կատարմանը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Աղբյուրը՝ www.hra.am