Տեսանկյուն

«Սա հարձակում էր ոչ միայն լրագրողների վրա, այլև բուն տեղեկատվության ազատության վրա»

24.06.2015

Photo by PHOTOLURE

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները և հաղորդումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` համապատասխան ընթացք տալու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացվող հավաքը հունիսի 23-ին վաղ առավոտյան դադարեցնելու ժամանակ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժերի կողմից բռնություն է կիրառվել նաև տեղում աշխատող տասնյակից ավելի լրագրողների նկատմամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։

Տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները նպատակաուղղված բնույթ էին կրում, և նույնիսկ ներկայանալն ու լրագրողի վկայականը ցույց տալը, կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների անունները իրենց զերծ չեն պահել բռնություններից։

Այսպես, ծեծի են ենթարկվել «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Պապյանը և օպերատոր Գարիկ Ազիբեկյանը, 1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը, Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանը, Panarmenian.net-ի թղթակից Նիկոլայ Թորոսյանը և ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը։

Ուժի գործադրմամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանը, Panarmenian.net-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, news.am-ի լրագրող Արսեն Սարգսյանը, «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը, Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանը, 1ին.am-ի աշխատակից Արեն Մկրտչյանը, «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը։

Ոստիկանները բռնի ուժով խլել են «News.am»-ի և «iLur.am»-ի թղթակիցներ Աիդա Հովհաննիսյանի և Հակոբ Կարապետյանի ֆոտոխցիկները։

Հայաստանյան լրագրողական մի շարք կազմակերպություններ հունիսի 23-ին հայտարարություն են տարածել՝ դատապարտելով իրավապահների անհամաչափ և ապօրինի գործողությունները և պահանջելով անհապաղ ազատ արձակել տարբեր բաժիններում գտնվող բոլոր լրագրողներին և ԶԼՄ-ների մյուս աշխատակիցներին, վերադարձնել նրանց պատկանող տեխնիկան, իսկ սարքավորումների կոտրված լինելու դեպքում փոխհատուցել պատճառված վնասը։ Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են նաև բացահայտել և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ ու չարաշահումներ թույլ տված ոստիկանության պաշտոնյաներին և բացառել նման իրավախախտումների կրկնությունը ապագայում։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրը մտահոգություն է հայտնել ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների և լրագրողների աշխատանքային պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:

«Մենք ցնցված ենք լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործածված բռնությունների աստիճանից: Որքան մենք ենք տեղյակ, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների աստիճանն աննախադեպ է 2008թ. ընտրությունների ժամանակ ցուցաբերված բռնություններից ի վեր: Տասից ավելի լրագրողներ ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, տասից ավելի լրագրողներ ձերբակալվել են նույնիսկ իրենց մասնագիտական լրագրողական փաստաթղթերը ներկայացնելուց հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց լրագրողական մասնագիտությունը հաստատվել էր: Ավելի մտահոգիչ է, որ նրանց մասնագիտական սարքավորումները համակարգված ոչնչացվում կամ առգրավվում էին, ինչը միանշանակ ապացուցում է, որ գոյություն է ունեցել կամք, մտածված որոշում՝ ոչնչացնելու տեղի ունեցածի ցանկացած ապացույց։ Այսպիսով, սա հարձակում էր ոչ միայն լրագրողների վրա, այլև բուն տեղեկատվության ազատության վրա»,– եզրահանգել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը։

«Գալա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեկնաբանելով ոստիկանների գործողությունները լրագրողների նկատմամբ, ասել է, որ իր կարծիքով կան թերություններ:

«Հայցում եմ ներողամտություն։ Իհարկե, ծառայողական քննություն նշանակել ենք, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ եղել է տեխնիկայի ինչ-որ վնասումներ։ Կարծում եմ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված նյութական վնասները»,- ասել է ոստիկանապետը։

Աղբյուրը՝ www.hra.am