Տեսանկյուն

«Նոր սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորված չէ». Ա.Կիրակոսյան

20.07.2015

«Ես կողմ եմ սահմանադրական բարեփոխումներին, բայց այն, ինչ կատարվում և ներկայացվում է, սահմանադական բարեփոխում չէ, այլ նոր սահմանադրության և նոր՝ չորրորդ հանրապետության ստեղծում»,- այս կարծիքն է հայտնել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արտակ Կիրակոսյանը հուլիսի 20-ին «Մեդիա կենտրոնում», «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը. գնահատականներ և դիտարկումներ» թեմայով քննարկման ժամանակ:

Կիրակոսյանը համոզմունք է հայտնել, որ նոր սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորված չէ, քանի որ Հայաստանն այդպիսի ճգնաժամանային իրավիճակում չէ: «Այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք լուծված չեն ո՛չ առաջին, ո՛չ 2005 թվականին խմբագրված սահմանադրությամբ: Դրանցից են՝ դատական համակարգի անկախության խնդիրը, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները և այլն»,- հավելել է ՔՀԻ նաախագահը:

Արտակ Կիրակոսյանը մտավախություն հայտնել հանձնաժողովի ընտրած մարտավարության վերաբերյալ. «Մի կողմից քաղաքական պատվերն է առաջ տարվելու, որ լինի պառլամենտական համակարգ, վարչապետի գերլիազորություններով՝ նախագահի փոխարեն (որը, գոնե, ընտրովի պաշտոն էր), որպեսզի իշխանությունը կարողանա երկար պահպանել իր դիրքերը, մյուս կողմից՝ սահմանադրական իրավունքների մասնագետները փորձում են ամբողջ ազգին ներքաշել իրենց գիտական թեզի պաշտպանության մեջ»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ սահմանադրության բուն իմաստն աղավաղվում է: Նա խելամիտ է համարում իրական խնդիրների վրա կենտրոնանալը. «Իմ առաջարկն այն է, որ Սերժ Սարգսյանը նրանց [սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին] կանչի, ասի՝ ապրե՛ք, տղանե՛ր ջան, ես ձեզ հինգ եմ նշանակում: Բայց եկեք այս հայեցակարգը դնենք մի կողմ և անդադանանք այն խնդիրներին, որ իսկապես լուծման կարիք ունեն»:

Աղբյուրը՝ www.hra.am