Տեսանկյուն

Սահմանադրական փոփոխությունների գործընթացն իրականացվեց զարմանալիորեն հապճեպ. Ա.Դանիելյան

10.12.2015

Photo by Media Center

«Սովորաբար, ընտրական գործընթացը ցույց է տալիս մարդու իրավունքների վիճակը հենց այդ պահին: Բոլորիս համար պարզ է մարդու իրավունքների վիճակն ինչպիսին է Հայաստանում, որովհետև հանրաքվեի օրը մենք խտացված տեսանք, թե ինչ ունենք այսօրվա դրությամբ»,- Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացն իրականացվեց զարմանալիորեն հապճեպ. «Օրենքներ կան, որոնց ընդունումը տարիներ է տևում՝ ԱԺ մտնելուց մինչև քվեարկությունը: Այս դեպքում ամեն ինչ կազմակերպվեց շաբաթների ընթացքում, և մարդիկ ուղղակի հնարավորություն չունեցան ո՛չ ծանոթանալու, ո՛չ արձագանքելու այդ փաստաթղթին: Առաջարկություններն էլ պարզ չէր՝ ում ուղարկես, ում հետ քննարկես... Արագ-արագ փորձեցին անցկացնել փաստաթուղթը, և ժողովրդի մեծ մասը որևէ կապ չունի այդ փաստաթղթի հետ, որովհետև հնարավորություն չի ունեցել իր կարծիքն արտահայտելու ո՛չ փաստաթղթի մշակման ժամանակ, ո՛չ էլ հանրաքվեի ժամանակ»:

Ամփոփելով 2015թ.-ը՝ Արման Դանիելյանը դրական է գնահատել Քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը ՄԱԿ-ի Խոշտանգումների կոնվենցիայի առաջին հոդվածին համապատասխանեցնելը, բայց հավելել է, որ միայն սահմանումը դեռ խնդրի լուծում չէ. առավել կարևոր է դրա կիրառությունն ապահովելը: «Որպեսզի դա լիարժեքորեն աշխատի, պետք է օրենսդրական այլ փոփոխություններ, մասնավարապես օրենքով պետք է արգելվի համաներում, ներում շնորհելն այնպիսի մարդկանց, որոնք խոշտանգում են կատարել»,-նշել է Դանիելյանը:

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Աղբյուրը՝ www.hra.am