Տեսանկյուն

Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման հիմնավորումներ

20.02.2016

Գաղտնիք չէ, որ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումներն այսօր բավարար արդյունավետությամբ չեն գործում՝ համապատասխան ռեսուրսների և մասնագիտական պատրաստվածություն չունենալու պատճառով: Այսօր այդ բաժինների աշխատանքի հիմնովին բարեփոխման անհրաժեշտություն է հասունացել:

Քրեակատարողական վարչության կազմում գործող Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանունը նույնպես բարեփոխման և վերաձևավորման կարիք ունի: Այս առումով, ավելի հիմնավորված է մեկ մասնագիտացված կառույցի ստեղծումը, որը, համագործակցելով ազատազրկման ձևով պատիժ կատարող հիմնարկի հետ, կիրականացնի թե՛ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված այլընտրանքային պատիժների կատարումը, թե՛ հանցագործություն կատարած անձի վերականգնմանը և վերաինտեգրմանն ուղղված գործառույթները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի դիրքորոշումներն ու արդարադատության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում, և նրա վերաինտեգրման և վերասոցիալականացման հիմքերը դրվում են դեռևս նախաքննական շրջանում, ուստի անհրաժեշտ է նույնանուն բազմամասնագիտական միջամտություն ցուցաբերել ոչ միայն արդեն դատապարտված անձի, այլև կասկածյալի/մեղադրյալի և տուժողի նկատմամբ՝ հենց նախաքննական փուլից սկսած: Այս առումով միջազգային պրակտիկան վկայում է, որ նշված գործառույթները լավագույնս իրականցնում են պրոբացիայի ծառայությունները:

ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման անհրաժեշտությունը բխում է նաև քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդրից: Ներկայումս, ինչպես մինչդատական վարույթի ընթացքում կալանավորված, այնպես էլ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են գերծանրաբեռնված հիմնարկներում: Այս խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է նաև խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի կողմից ներկայացված զեկույցներում:

Պրոբացիայի ծառայության ստեղծումը հիմնավորվում է նաև ՀՀ դատական պրակտիկայով: Ուսումնասիրությունները վկայում են, որ քրեական գործերի մինչդատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է մեծ մասամբ կալանավորումը: Որպես որոշումների հիմնավորում՝ հիմնականում նշվում է մեղադրյալի կողմից քննությունից խուսափելը, կամ վերջինիս խոչընդոտելը, ապացուցողական տվյալների վրա ազդեցությունը, նոր իրավախախտումների կատարման հավանականությունը:

Այս առումով հատկանշական է նաև այն հանգամանքը, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեպում, որպես կանոն, ամբաստանյալը չի խուսափում ազատազրկում պատժատեսակից և ստացվում է այնպես, որ հանցանք կատարած անձանց նկատմամբ դատարանների կողմից նշանակվող պատժատեսակը գերազանցապես ազատազրկումն է: Քիչ են դեպքերը, երբ (մոտ 20 տոկոս) ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, ցածր է նաև ազատազրկման հետ չկապված պատիժների նշանակման տոկոսը:

Նման պայմաններում պրոբացիայի ծառայության ներդրումը կնպաստի ինչպես դատարանների կողմից ազատությունից զրկելու հետ կապված պատիժների անհարկի նշանակման, այնպես էլ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու դեպքերի նվազմանը և կնվազեցի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածությունը:

Բացի այդ, պրոբացիայի ծառայությունն ապացուցել է իր տնտեսական արդյունավետությունը կիրառության բոլոր ձևերում և մոդելներում: Միանշանակ է, որ անձին ազատությունից զրկելով` պետությունը որոշակի նյութական միջոցներ է ծախսում նրան պահելու համար: Եթե դա խիստ անհրաժեշտ է հասարակության անվտանգության տեսանկյունից, ապա նախընտրելի է ազատազրկումը: Սակայն, եթե անձը վտանգ չի ներկայացնում հասարակության անվտանգության համար, ապա ընդհանուր հասարակական շահը պահանջում է, որպեսզի նա կրի այլընտրանքային պատիժ` զերծ մնալով ազատազրկման բացասական ազդեցությունից և հետևանքներից:

Հանցագործություն կատարելով՝ անձն արդեն իսկ որոշակի վնաս է հասցնում պետությանը, իսկ ազատազրկմամբ ոչ միայն չի հատուցվում այդ վնասը, այլև հասարակությունը շարունակում է հարկեր վճարել պետությանը, որպեսզի վերջինս պահի դատապարտյալներին:

Այսպիսով, եթե խնդիրը նաև տնտեսական տեսանկյունից դիտարկվի, ապա Հայաստանը՝ որպես սահմանափակ ռեսուրսներ և բնակչություն ունեցող երկիր, չի կարող իր վրա վերցնել պատժի այնպիսի անարդյունավետ տեսակ, ինչպիսին ազատազրկումն է և կիրառել հանցագործությունների 90 տոկոսից ավելիի նկատմամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը ևս (ինչը պայմանավորում է նաև փոփոխություններ քրեակատարողական օրենսգրքում) հանգեցնում է պրոբացիոն ծառայության ստեղծման անհրաժեշտության:

«ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման» հայեցակարգով նախանշված մի շարք փոփոխութույունների արդյունավետ իրականացումը մեծապես պայմանավորված է այս ծառայության ստեղծմամբ (օրինակ՝ նոր այլընտրանքային խափանման միջոցների, մեդիացիայի ինստիտուտի ներդրումը և այլն):

Աղբյուրը՝ www.hra.am