Տեսանկյուն

Վարդգես Գասպարիին կալանավորվելու որևէ հիմք չկա

25.02.2016

Photo by Media Center

Իրավապաշտպանները անհիմն են համարում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոց ստորագրությունը կալանավորմամբ փոխելու որոշումը: Որոշումը կայացվել է Գասպարիի և նրա ներկայացուցիչների բացակայությամբ, ինչն օրենքի խախտում է:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 24-ին Արթուր Սաքունցի, Քաղաքացիական հասարակության ինստիուտ ՀԿ տնօրեն Արման Դանիելյանի և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Իրավական գնահատական Վարդգես Գասպարիի կալանավորմանը» թեմայով:

Արման Դանիելայնը մտահոգություն հայտնեց վերջին ամիսներին Վարդգես Գասպարիի և քաղաքական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանավորման կապակցությամբ: «Հայաստանում ստեղծվել է այնպիսի քաղաքական միջավայր, որ խնդիրները չեն լուծվում այնտեղ, որտեղ պիտի լուծվեն: Մարդիկ չեն վստահում ո՛չ քաղաքական, ո՛չ էլ դատական համակարգին: Պայքարի միակ տեղը դարձել է փողոցը, ուստի ստեղծվել է պոռթկման միջավայր, ինչից վախենում են իշխանությունները»,- ասաց իրավապաշտպանը:

Փետրվարի 19-ից անազատության մեջ գտնվող Վարդգես Գասպարին, ըստ պաշտոնական տվյալների, մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ (ՀՀ ՔՕ 343-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր)։

«Այս պարագայում կազուսային իրավիճակ է ստեղծվել. Գասպարիին առաջադրված մեղադրանքի առավելագույն պատժաչափը 3 ամիս կալանքն է: Մյուս կողմից, օրենքն ասում է, որ եթե նա գտնվել է նախնական կալանքի տակ, ապա այդ հոդվածով պատիժը պետք է լինի տուգանք: Այսինքն, դատավարությունը կարող է ամիսներ տևել, նա ամբողջ ընթացքում կարող է պահվել նախնական կալանքի տակ, և վերջում նաև տուգանքի դատապարտվել»,- ասաց իրավապաշտպան Արման Դանիելյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝

Աղբյուրը՝ www.hra.am