Տեսանկյուն

Հանրային աշխատանքներ պատժատեսակի օրենսդրական խնդիրները

29.02.2016

Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության համակարգը պատժողական է և առանձնանում է ազատազրկման ձևով պատիժների կիրառման բարձր ցուցանիշներով, նույնիսկ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում: Ազատազրկման հետ չկապված՝ այլընտրանքային պատժատեսակների, այդ թվում` հանրային աշխատանքների կիրառման հնարավորությունը խիստ սահմանափակ է, որը պայմանավորված է ոչ միայն օրենսդրական, այլև՝ վարչակազմակերպական և սոցիալական պատճառներով: Մինչդեռ այլ՝ առաջադեմ պետություններում այլընտրանքային պատիժների կիրառման փորձը հաստատում է դրանց արդյունավետությունը պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխմանն ու իրավախախտի օրինաչափ վարքագծի վերականգնմանը հասնելու հարցում` առանց անձին հասարակությունից մեկուսացնելու:

Հանրային աշխատանքները պետական հարկադրանքի միջոց են, որոնք պետության անունից նշանակվում են հանցավոր արարքի համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ, ով պարտավորվում է հասարակության օգտին կատարել որոշակի անհատույց աշխատանք: Հանրային աշխատանքների կիրառման օրենսդրական հիմքը ՀՀ-ում հանդիսանում է Քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածը, որի համաձայն հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է: Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ: Հանրային աշխատանքները նշանակվում են 270-2200 ժամ տևողությամբ:

Քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքներ պատժատեսակի նշանակման հիմքը դատապարտյալի գրավոր դիմումն է, որը պետք է ներկայացվի ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում և դիմումի ներկայացման սահմանված կարգի չպահպանման դեպքում այն դատարանի կողմից ենթակա է մերժման:

Հենց այս դրույթներն էլ առաջացնում են մի շարք դժվարություններ հանրային աշխատանքներ պատժատեսակի արդյունավետ կիրառման համար:

Նախ, օրենքով նախատեսված պատժաչափը՝ 270-2200 ժամաքանակը, բավականին մեծ է: Համեմատության համար կարելի է բերել եվրոպական մի շարք երկրների օրինակը: Անգլիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Մալթայում և Հոլանդիայում հանրային աշխատանքների համար ընդունելի ժամաքանակը տատանվում է 40-240 ժամի միջև, Ֆինլանդիայում՝ 20-200, Պորտուգալիայում՝ 36-380: Համեմատաբար ավելի մեծ ժամաքանակ է սահմանվում Շվեյցարիայի օրենսդրությամբ՝ մինչև 720 ժամ: Ելնելով այս տվյալներից՝ Հայաստանում ակնհայտորեն անհրաժեշտ է պատժաչափի նվազեցում:

Տարբերվում են նաև պետությունների մոտեցումները ազատազրկման առավելագույն չափի սահմանման հարցում, որի դեպքում կիրառվում է այլընտրանքային պատիժ:

Հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման հարցում դժվարություններ են առաջանում նաև ընթացակարգային կանոնների պատճառով: Նախ, ազատազրկման դատապարտված անձանցինց ոչ բոլորն են տեղյակ ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակով փոխարինելու հնարավորության մասին. իրավական որևէ ակտով որևէ պաշտոնատար անձ պարտավոր չէ դատապարտյալին բացատրել օրենքով նախատեսված դեպքերում ազատազրկմանն այլընտրանքային պատիժ նշանակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու կարգի և պայմանների վերաբերյալ, հնարավոր է նաև դատապարտյալի պաշտպանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները հետամուտ չլինեն բացատրելու ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակի կիրառման հնարավորության մասին:

Բացի այդ, ՀՀ Քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այընտրանքային պատժի կիրառման հիմքը դատապարտյալի գրավոր դիմումն է, որի ներկայացման համար սահմանված են հստակ ժամկետներ, որի չպահպանումն արդեն իսկ դիմումի մերժման հիմք է հանդիսանում: Մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածը չի նախատեսում դատապարտյալին դատավճիռը կատարելու մասին կարգադրությունն ուղարկելու դատարանի պարտականությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև դատական քննության ողջամիտ ժամկետի պահպանման և պատժի նշանակման հարցի քննարկմամբ դատարաններին կրկնակի չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է դատարանի կողմից այլընտրանքային պատժի նշանակման հարցի քննարկումն իրականացնել դատապարտյալի նկատմամբ պատիժ նշանակելու փուլում:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի նշանակման դեպքում դատապարտյալի համաձայնությունը պարտադիր է: Միաժամանակ, այլընտրանքային պատժի կիրառումը խրախուսելու նպատակով անհրաժեշտ է դատարաններին պարտավորեցնել հիմնավորել օրենքով նախատեսված դեպքերում ազատազրկմանն այլընտրանքայիան պատիժ չկիրառելու պատճառները:

Միաժամանակ, այլընտրանքային պատիժ սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել իրավախախտի ուղղման հնարավորությունները, հասարակության անվտանգության երաշխավորումը և տուժողի շահերի պաշտպանությունը, ինչպես նաև՝ ուսումնասիրել երկրում կատարվող հանցագործությունների շրջանակը, նվազագույն ժամկետով ազատազրկման դատապարտվող անձանց քանակը, հասարակությանը վերաինտեգրման նրանց հնարավորությունները, կրկնահանցագործության դրդող պատճառները և այլն: Մինչդեռ, ՀՀ-ում այլընտրանքային պատիժ սահմանվում է նման հնարավորություն ունեցող ոչ բոլոր դատապարտյալների նկատմամբ, ինչը էապես նվազեցնում է այլընտրանքային պատիժ կրող անձանց թիվը:

Դրա պատճառը նաև այն է, որ օրենքն ունի սահմանափակումներ, ըստ որի՝ հանրային աշխատանքներ չեն կարող նշանակվել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ: Այս սահմանափակումը բացատրվում է տարածված թյուր կարծիքով, թե դատապարտյալների համար նշանակվում են ծանր ֆիզիկական աշխատանքներ ցածր վարձատրությամբ և վարկանիշով: Մինչդեռ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ հանրային աշխատանքների շարքում, սովորաբար, ներառվում են ծերերին և հաշմանդամներին աջակցությունը, աղքատների համար սննդի մատակարարումը, դասավանդումը, հանրային շինություններ, գերեզմաններ խնամելը, այգեգործությունը, կենդանիների նկատմամբ խնամքը, վարչական աշխատանքները, աշխատանքը գրադարանում և այլն:

Հանրային աշխատանքներ պատժատեսակի դեպքում կարևոր է հաշվի առնել նաև անձի կրթությունը, մասնագիտությունը, ունակություններն ու կարիքները:Հարկավոր է սահմանել պատժի իրականացման և վերահսկողության հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ոչ միայն հետևել դատապարտյալի կողմից աշխատանքի կատարման ընթացքին, այլև՝ դատապարտյալներին պաշտպանել շահագործումից, կանխել հնարավոր չարաշահումները: ՀՀ-ում հանրային աշխատանքներ պատժի կատարումը և վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որի հիմնական գործառույթն է հնարավոր աշխատանքի հայտնաբերումը և դատապարտյալների կողմից տարվող աշխատանքի վերահսկողությունը:

Սակայն, ինչպես նշում են փորձագետները, դատապարտյալներին առաջարկվող աշխատանքային հնարավորությունները խիստ սահմանափակ են և ընտրության մեծ հնարավորություն չեն տալիս: Վերահսկողությունն իրականացվում է հիմնականում գործատուի կողմից, իսկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերահսկողության միակ միջոցը գործատուին այցելելն ու դատապարտյալի աշխատանքի արդյունավետության և որակի վերաբերյալ տեղեկանալն է:

Հանրային աշխատանքների առավել լայն շրջանակ ունենալու և դատապարտյալի անձնական հատկանիշներին և կարիքներին համապատասխան աշխատանքի կիրառման համար անհրաժեշտ է ընդլայնել հասարակության մասնակցությունը պատժի կատարմանը, ինչպես նաև՝ վերահսկողությանը:

Գործող օրենսդրության համաձայն՝ հանրային աշխատանքների կատարման նպատակով Այլընտրանքային պատիժների կատարման բաժանմունքը համագործակցում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Անհրաժեշտ է համագործակցություն հաստատել հասարակական, մարդասիրական կազմակերպությունների հետ, ովքեր պատրաստ են կամավորական աշխատանք առաջարկել դատապարտյալներին:

Այսպիսով, հանրային աշխատանքներ պատժատեսակի արդյունավետ գործադրումը բարդ գործընթաց է և պահանջում է համապատասխան օրենսդրական դաշտի, պատշաճ կրթություն և մասնագիտական պատրաստվածություն ունեցող վերահսկող անձնակազմի, ինչպես նաև՝ հասարակական ներգրավվածության ապահովում:

Աղբյուրը՝ www.hra.am