Տեսանկյուն

Իրավախախտի վերաբերյալ զեկույցների պատրաստումը՝ պրոբացիոն ծառայության կարևոր գործառույթ

07.03.2016

Պրոբացիոն ծառայության գործառույթների մեջ կարևոր դեր են կատարում դատարանի կամ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար պրոբացիոն աշխատակիցների կողմից պատրաստված զեկույցները: Սակայն այս զեկույցները զուտ խորհրդատվական բնույթ ունեն, այսինքն՝ որոշում կայացնող մարմինները պարտավորություն չունեն դրանք հաշվի առնելու:

Ընդհանուր առմամբ, զեկույցները պետք է ներառեն մանրամասն տեղեկատվություն իրավախախտում կատարած անձի սոցիալական, ընտանեկան դրության, որոշակի հակումների, առողջական վիճակի, հնարավոր կախվածությունների, կրթության, զբաղվածության, գույքային դրության և այլնի վերաբերյալ:

Անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու համար պրոբացիոն ծառայողը կարող է հանդիպել և զրուցել ինչպես իրավախախտի, այնպես էլ` նրա հարազատների, բարեկամների, ընկերների և այլ անձանց հետ: Անձի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար պրոբացիոն ծառայողը կարող է դիմել այն հաստատություններին, որտեղ սովորել և աշխատել է անձը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև՝ այլ մարմիններին, որոնք կարող են բնութագրական տեղեկություններ տրամադրել նրա վերաբերյալ:

Զեկույցը պետք է լինի օբյեկտիվ և անկողմնակալ: Դրա արժանահավատությունը երաշխավորելու նպատակով պրոբացիոն ծառայողը պետք է հիմնավորի զեկույցում ներկայացված տեղեկատվությունը և փաստերը:

Գոյություն ունի հիմնականում երկու տեսակի զեկույց՝ մինչդատական զեկույց և պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույց: Դրանցում պարունակվող հիմնական տեղեկատվությունը նույնն է, սակայն կան նաև տարբերություններ:

Մինչդատական զեկույցը տրամադրվում է նախաքննության փուլում՝ դատախազին կամ դատավորին: Դատախազի կողմից մինչդատական զեկույցն օգտագործվում է հանցագործություն կատարած անձի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու, համապատասխան խափանման միջոց ընտրելու և մեղադրական եզրակացությունը կազմելու համար: Իսկ դատարանի կողմից մինչդատական զեկույցն օգտագործվում է խափանման միջոց նշանակելիս:

Պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույցը դատարանի կողմից օգտագործվում է կոնկրետ պատժատեսակը կամ պատժաչափն ընտրելիս, ինչպես նաև՝ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժի կրումից պայմանականորեն ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս:

Զեկույցներին և դրանցում պարունակվող տեղեկատվությանը մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

Կարդացեք նաև՝

Մինչդատական զեկույց

Պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույց

Աղբյուրը՝ www.hra.am