Տեսանկյուն

Անհրաժեշտ է իրական երկխոսություն պետության և քաղհասարակության միջև

16.03.2016

Մարդու իրավունքների ոլորտում ԵՄ-Հայաստան երկխոսությանն ընդառաջ (Human Rights Dialog)՝ մարտի 15-ին Եվրամիությունը հանդիպում էր կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Դաշտում ակտիվ մոտ 20 հասարակական կազմակերպություններ ներկայացրել են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները և իրենց մտահոգությունները: Հանդիպմանը ներկա էր նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) իրավաբան Աննա Մելիքյանը:

Նա իր ելույթում խոսել է քրեակատարողական և դատական համակարգերի հիմնախնդիրներից, ինչպես նաև՝ ընտրությունների, հավաքների ազատության, խոշտանգումների կանխարգելման և անպատժելիության դեմ պայքարի խնդիրներից՝ հավելելով, որ բարեփոխումների գործընթացը շատ դանդաղ է ընթանում և հիմնականում ձևական բնույթ է կրում: Մելիքյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածության կարևորությունը օրենքների մշակման և որոշումների կայացման մեջ, ինչը Հայաստանում չի ապահովվում:

Ընտրական իրավունք և ընտրախախտումների դեմ պայքար

Այս համատեքստում նա լուրջ մտահոգություն է հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի (ԸՕ) նախագծի մշակման աշխատանքներում քաղհասարակության ներգրավվածության և երկխոսության բացակայության փաստի կապակցությամբ:

Խոսելով ընտրախախտումներից՝ ՔՀԻ ներկայացուցիչը նշել է, որ արդիական է մնում անպատժելիության խնդիրը: «Թեև այս անգամ նախորդ տարիների համեմատ ավելի շատ նյութեր են նախապատրաստվել և որոշ անձինք պատասխանատվության են ենթարկվել տուգանքի տեսքով, սակայն պատժի են ենթարկվում միայն կատարողները և որևէ փորձ չի ձեռնարկվում կազմակերպիչներին, օժանդակողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ցուցաբերված մոտեցումը միայն նպաստում է ընտրախախտումների համար անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է Աննա Մելիքյանը:

Խոշտանգումներ

Նա նաև նշել է, որ ոստիկանությունում խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը և դրանց անպատժելիությունը Հայաստանում շարունակում են մնալ լուրջ խնդիր: Թեև 2015-ի հուլիսին Քրեական օրենսգրքում խոշտանգման ձևակերպումը համապատասխանեցվել է ՄԱԿ-ի կոնվենցիային, և վերջին երկու տարում նման դեպքերով քրեական գործեր ավելի շատ են հարուցվում, սակայն գործերը դատարան չեն հասնում և մեղավորները չեն պատժվում: Բացի այդ, հանրությունը չի իրազեկվում քննության արդյունքների մասին:

Հավաքների ազատություն

Մյուս խնդիրը, որին անդրադարձել է Աննա Մելիքյանը, խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ճնշումներն են: ՀՀ ՔՕ 316 հոդվածի չարաշահումը (իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելը) և կալանավորման երկարատև և չհիմնավորված կիրառումն օգտագործվում են որպես հավաքի մասնակիցների գործունեությունը կասեցնելու և նրանց պատժելու միջոց:

Կալանավորման համատարած կիրառում

Նա նշել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց չափից դուրս շատ կիրառելու պրակտիկան չի փոխվել, որը հանգեցնում է այլ խնդիրների՝ մեղադրական վճիռների չափազանց բարձր տոկոսի` կալանավորումը արդարացնելու համար, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությանը, ազատազրկված անձանց վրա խիստ բացասական ազդեցության, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց վերականգնումը:

Այս ոլորտում բարեփոխումները, այդ թվում՝ այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների ներդրմանն ուղղված քայլերը դանդաղ են ընթանում:

ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքար

Մելիքյանի խոսքերով՝ քրեակատարողական համակարգում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը գործնականում բացակայում է: Ավելի մտահոգիչ է այն երևույթը, որ այդ ենթամշակույթի «գաղափարակիցներն» օգտագործվում են նաև քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների դեմ, և պետական համակարգի կողմից դա բացառելու գործուն քայլեր չեն ձեռնարկվում:

Դատական համակարգի անկախություն

Ըստ իրավաբանի՝ շարունակում է մտահոգիչ մնալ դատական համակարգի անկախության խնդիրը: Խախտվում է արդյունավետ իրավական պաշտպանության և օրենքի առջև հավասարության իրավունքը, մասնավորապես այն դեպքում, երբ կողմերից մեկը կառավարության ներկայացուցիչ է:

ՔՀԻ առաջարկությունները

Ելույթի ավարտին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչը հորդորել է ԵՄ-ին սահմանել ավելի հստակ չափորոշիչներ ՀՀ կառավարությանը տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում (հատկապես մարդու իրավունքների ոլորտում) արձանագրված առաջընթացը կամ դրա բացակայությունը օբյեկտիվ գնահատելու համար: Մարդու իրավունքների գործողությունների առաջիկա ծրագրի մշակման ժամանակ նույնպես ներառել գնահատման նույն սկզբունքը և սահմանել առաջնահերթ/գերակա ոլորտներ:

Նա նաև կոչ է արել հետևողական լինել հանրային մասնակցության իրական, այլ ոչ թե ձևական ապահովման հարցում, ինչը ենթադրում է, որ քաղաքացիական հասարակությանը ոչ միայն պետք է լսեն, այլև՝ հաշվի առնեն նրանց կարծիքը և առաջարկությունները:

Աղբյուրը՝ www.hra.am