Տեսանկյուն

Մինչդատական զեկույց

16.03.2016

Պրոբացիոն ծառայության գործառույթների մեջ կարևոր դեր են կատարում դատարանի կամ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար պրոբացիոն աշխատակիցների կողմից պատրաստված զեկույցները: Սակայն այս զեկույցները զուտ խորհրդատվական բնույթ ունեն, այսինքն՝ որոշում կայացնող մարմինները պարտավորություն չունեն դրանք հաշվի առնելու:

Կան երկու տեսակի խորհրդատվական զեկույցներ՝ մինչդատական զեկույց և պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույց: Այս հոդվածում մենք կանդրադառնանք մինչդատական զեկույցին:

Մինչդատական փուլում դատախազը կամ դատավորը կարող են գրավոր դիմել Պրոբացիայի ծառայությանը՝ կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ մինչդատական զեկույց տրամադրելու համար: Դատախազի կամ դատավորի գրավոր դիմումը պետք է ներկայացվի Պրոբացիայի ծառայության պետին, որն էլ, ըստ սահմանված կարգի, պետք է հանձնարարի համապատասխան ստորաբաժանմանը (կամ աշխատակցին) պատրաստելու մինչդատական զեկույցը: Զեկույցը պետք է կցվի քրեական գործին:

Մինչդատական զեկույցը պետք է տրամադրվի այն քրեական գործերով, որոնց դեպքում վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է դիմել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց նշանակելու միջնորդությամբ: Այն պետք է պարտադիր լինի անչափահասների ցանկացած գործով:

Ինչպես վկայում են եվրոպական փորձի ուսումնասիրությունները, մինչդատական զեկույցներն իրենց նմանություններով ու տարբերություններով, ընդհանուր առմամաբ, բաժանվում են երկու մեծ խմբի՝ բնութագրական և գնահատողական (կամ փորձագիտական):

Որպես կանոն՝ բնութագրական զեկույցները հիմնվում են մեղադրյալի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների վրա և սահմանափակվում են դատարանին կամ դատախազին տվյալ անձի կոնկրետ առանձնահատկությունները բնութագրելով՝ զերծ մնալով անձի կողմից հետագայում հանցավոր վարքագիծ դրսևորելու հավանականությունը կամ հնարավորությունը գնահատելուց: Այս առումով գնահատողական զեկույցներն ունեն առավել կանխատեսող բնույթ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչդատական զեկույցները հիմնականում դերակատարում են ունենում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում (հատկապես կալանավորմանն այլընտրանք ընտրելու գործընթացում), ուստի կարևոր հարցերից մեկը, որ հուզում է դատարանին և/կամ դատախազին, կալանավորմանն այլընտրանք խափանման միջոց ընտրելու դեպքում տվյալ մեղադրյալի կողմից հանցավոր վարք դրսևորելու ռիսկի գնահատումն է: Այս պարագայում հաճախ կիրառվում են վերը նշված գնահատողական կամ փորձագիտական զեկույցները:

Զեկույցները պետք է ներառեն մանրամասն տեղեկատվություն առնվազն անձի սոցիալական, ընտանեկան դրության, որոշակի հակումների, առողջական վիճակի, հնարավոր կախվածությունների, կրթության, աշխատանքային պատմության, գույքային դրության և այլնի վերաբերյալ:

Անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար պրոբացիոն ծառայողը կարող է հանդիպել և զրուցել ինչպես կասկածյալի/մեղադրյալի, այնպես էլ նրա հարազատների, բարեկամների և ընկերների, ինչպես նաև կասկածյալի/մեղադրյալի հետ կապ ունեցող այլ անձանց հետ: Կասկածյալի/մեղադրյալի հետ զրույցին, վերջինիս ցանկությամբ, կարող է ներկա լինել նաև նրա պաշտպանը:

Անձի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, պրոբացիոն ծառայողը կարող է դիմել այն հաստատություններին, որտեղ սովորել և աշխատել է անձը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև այլ մարմիններին, որոնք կարող են բնութագրական տեղեկություններ տրամադրել նրա վերաբերյալ:

Զեկույցի արժանահավատությունը երաշխավորելու նպատակով՝ պրոբացիոն ծառայողը պետք է հիմնավորի զեկույցում ներկայացված տեղեկատվությունը և փաստերը:

Դատախազի կողմից մինչդատական զեկույցն օգտագործվում է հանցագործություն կատարած անձի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու, համապատասխան խափանման միջոց ընտրելու և մեղադրական եզրակացությունը կազմելու համար:

Դատարանի կողմից մինչդատական զեկույցն օգտագործվում է խափանման միջոց նշանակելիս՝ անձի վերաբերյալ համակողմանի և օբյեկտիվ պատկերացում ունենալու (բնութագրական զեկույց), ինչպես նաև անձի վտանգավորության աստիճանի և հանցագործություն կատարելու ռիսկի վերաբերյալ գնահատական ունենալու համար

(փորձագիտական զեկույց): Դատարանը կարող է օգտվել քրեական գործի նյութերում արդեն իսկ առկա զեկույցից կամ դիմել պրոբացիայի ծառայությանը՝ զեկույցը լրացնելու կամ նոր զեկույց պատրաստելու միջնորդությամբ:

Կարդացեք նաև՝

Իրավախախտի վերաբերյալ զեկույցների պատրաստումը՝ պրոբացիոն ծառայության կարևոր գործառույթ

Պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույց

Աղբյուրը՝ www.hra.am