Տեսանկյուն

Պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույց

23.03.2016

Պրոբացիոն ծառայության գործառույթների մեջ կարևոր դեր են կատարում դատարանի կամ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար պրոբացիոն աշխատակիցների կողմից պատրաստված զեկույցները: Սակայն այս զեկույցները զուտ խորհրդատվական բնույթ ունեն, այսինքն՝ որոշում կայացնող մարմինները պարտավորություն չունեն դրանք հաշվի առնելու:

Կա երկու տեսակի խորհրդատվական զեկույց՝ մինչդատական զեկույց և պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույց:

Այս հոդվածում մենք կանդրադառնանք պատժի նշանակումից առաջ տրամադրվող զեկույցին:

Ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցը վճռելուց հետո դատարանը կոնկրետ պատժատեսակը կամ պատժաչափն ընտրելուց, պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներն ուսումնասիրելու, հստակ կողմնորոշիչներ ունենանալու նպատակով կարող է հանձնարարել պրոբացիոն ծառայությանը կազմելու խորհրդատվական զեկույց:

Այս զեկույցը բավական նման է մինչդատական փուլում տրամադրվող զեկույցներին, պարունակում է գրեթե նույն տեղեկությունները, որոնց հավաքագրումը կատարվում է նույն աղբյուրներից:

Տարբերակիչ հատկանիշներից է այն, որ այս զեկույցի պատրաստման ժամանակ պրոբացիոն ծառայողն ավելի երկար ժամանակ կունենա անձի հետ շփվելու, ինչպես նաև արդեն իսկ առկա կլինի որոշակի նախապատմություն, ինչը թույլ կտա ավելի խորքային վերլուծություն կատարելու: Բացի այդ, զեկույցը պարունակում է նաև եզրակացություն՝ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժից ազատելու հնարավորության վերաբերյալ և այդ դեպքում նրա կատարելիք պարտավորությունների մասին:

Զեկույցը պատրաստելիս պրոբացիոն ծառայողը կարող է դիմել նաև համապատասխան դատախազին և դատավորին՝ գործի նյութերն իրեն տրամադրելու համար:

Անձի անձնական կյանքին վերաբերող տվյալները հավաքագրելիս և մշակելիս պրոբացիոն ծառայողը պետք է առաջնորդվի անձնական կյանքի անձեռնմխելիության և անձնական կյանքի գաղտնիության ապահովման սկզբունքներով:

Հավաքագրված տեղեկատվության, ինչպես նաև ամբաստանյալի հետ անձամբ ունեցած զրույցների արդյունքում պրոբացիոն ծառայողը պետք է տա անձի օբյեկտիվ սոցիալ-հոգեբանական նկարագիրը:

Դատարանին նման եզրակացության ներկայացումը կնպաստի առավել իրազեկ ու անաչառ որոշման կայացմանը՝ հաշվի առնելով պատժի համաչափությունը՝ անձի և

նրա կողմից կատարված արարքի առնչությամբ: Նման պրակտիկան կնպաստի նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի և այլընտրանքային պատիժների կիրառման ընդլայնմանը:


Կարդացեք նաև`

Իրավախախտի վերաբերյալ զեկույցների պատրաստումը՝ պրոբացիոն ծառայության կարևոր գործառույթ

Մինչդատական զեկույց

Աղբյուրը՝ www.hra.am