Տեսանկյուն

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի վերաբերյալ

01.04.2016

Մարտի 30-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որով պահանջում է քրեական գործ հարուցել և քրեաիրավական գնահատական տալ ս.թ. մարտի 8-ին Գորիսի «Դիանա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած ծեծին մասնակցած և ականատես եղած պետական պաշտոնյաների գործողություններին: Միջադեպի տեսանյութը հրապարակել էր Armlur.am լրատվական կայքը: 

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պարոն Կոստանյան,

Վերջերս armlur.am լրատվականը համացանցում հրապարակեց տեսագրություն, որում երևում է, թե ինչպես է Գորիսի ոստիկանության պետ Գևորգ Ազիզյանը ծեծի ենթարկում Արթուր Գևորգյանին: Միջադեպը ֆիքսել են «Դիանա» հյուրանոցային համալիրի (որի մուտքի առջև տեղի էր ունեցել դեպքը) անվտանգության տեսախցիկները:

Ըստ armlur.am-կայքի՝ հյուրանոցի տարածքում ծեծի ենթարկելուց հետո, Արթուր Գևորգյանը տարվում է ոստիկանության բաժին, որտեղ նույնպես ծեծի է ենթարկվում, ապա վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվում ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով և խափանման միջոց է ընտրվում կալանքը:

Տեսագրությունից երևում է, որ ծեծին ականատես են եղել նաև այլ անձինք, որոնց թվում, ըստ լրատվամիջոցի տվյալների, եղել են Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը, Քննչական կոմիտեի Սյունիքի վարչության պետ Վահրամ Դաղունցը և մարզի դատախազ Գրիգոր Մինասյանը: Վերջիններս անգործություն են դրսևորել. ոչ միայն չեն միջամտել և կանխել ծեծը, այլև հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել:

Հաշվի առնելով վերագրյալը, դիմում ենք ձեզ և պահանջում՝

1.հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (Պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) և 375-րդ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հոդվածների հատկանիշներով՝ պետական պաշտոնյաների գործողություններին/անգործությանը տալով պատշաճ քրեաիրավական գնահատական,

2.վերը նշվածի վերաբերյալ իրականացված քննության արդյունքների մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով տեղեկացնել մեզ»:

Աղբյուրը՝ www.hra.am