Տեսանկյուն

Վերականգնողական արդարադատություն. ի՞նչ անել իրավիճակը բարելավելու համար

16.08.2016

Անկախությունից ի վեր, Հայաստանն ընդունել և բարեփոխել է հազարավոր օրենքներ, այդ թվում` երեք Սահմանադրություն, ինչը կտրուկ փոխել է պետության իրավական դաշտը: Հայաստանի Հանրապետության օրենսդրության զարգացումը դեռևս ընթացքի մեջ է, և նույնը կարելի է ասել նաև միջազգային չափանիշների և միտումների մասին: Հետևաբար, կարևոր է միջազգային պրակտիկայում իրականացվող դրական զարգացումներին արձագանքել ժամանակին և արդյունավետ կերպով, որպեսզի լավագույն փորձի հետ համընթաց շարժվել այն դեպքերում, երբ Հայաստանն ունի բավարար ռեսուրսներ և կարողություններ:

Միջազգային պրակտիկայում դրական կողմերից մեկը վերականգնողական արդարադատության զարգացումն է, որը դիտվում է որպես այլընտրանք քրեական արդարադատության ավանդական պատժողական համակարգին: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վերջինս արդեն սպառել է իրեն և չի կարող նոր ու առաջադեմ լուծումներ առաջարկել քրեական արդարադատության յուրահատուկ կարիքներին: Մինչ օրս Հայաստանում, ինչպես նաև այլ երկրների ճնշող մեծամասնությունում, ամբողջ քրեական գործընթացը կենտրոնացած է հանցանքները հայտնաբերելու և հանցագործությունների համար պատասխանատու անձանց պատժի ենթարկելու վրա: Նման մոտեցումը դատապարտյալին մեկուսացնում է հասարակությունից՝ թողնելով վերաինտեգրվելու շատ քիչ հնարավորություն: Վերասոցիալականացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի բացակայությունը հանգեցնում է անխուսափելի հետևանքների: Որքան ավելի շատ մարդ է գնում Հայաստանի բանտեր, այնքան ավելի է մեծանում իրավապահ մարմինների հանդեպ թշնամանք ունեցող մարդկանց քանակը, որոնց համար ագրեսիվ և դաժան վարքը ապրելու սովորական ձև է:

Մյուս կողմից, մենք ունենք մի իրավիճակ, երբ զոհերի անհատական կարիքները և նրանց իրավունքների լիարժեք վերականգնումը ևս հաշվի չի առնվում, և չի լուծվում դեպք առ դեպք հիմունքներով: Մեր քրեական արդարադատության համակարգը հոգ չի տանում զոհի մասին՝ որպես արդարադատության իրականացման հիմնական մասնակից, և սա մեր քրեական համակարգում կոռուպցիայի, ռեսուրսների բացակայության կամ այլ գործոնների պատճառով չէ։ Իրական խնդիրը քրեական արդարադատության համակարգի ներկա ճգնաժամի ետևում ընկած հնացած գաղափարախոսությունն է։ Ըստ Հայաստանի գործող Քրեական օրենսգրքի՝ պատժի հիմնական նպատակներն են սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը: Այս ձևակերպումը հիմնված է խորհրդային քրեական օրենսդրության վրա։

Ինչպես կարող ենք տեսնել, տուժողների շահը ներառված չէ պատժի նպատակների ցանկում: Մինչ այժմ քրեական համակարգը հիմնված է եղել այն տրամաբանության վրա, որ քրեական վարույթի ընթացքում պետությունը, առաջին հերթին, պաշտպանում է հանրային շահը (պետական շահը), որը խախտվել է հանցագործությամբ: Զոհին համարում են հատուկ կարգավիճակով վկա, որը դատավճռից հետո գրեթե դուրս է մնում քրեական արդարադատության մարմինների տեսադաշտից: Մինչդատական վարույթի, դատաքննության ընթացքում և, հատկապես, դրանից հետո քրեական դատավարությունը հիմնականում կարգավորում է իրավախախտի և պետության հարաբերությունները: ՀՀ Քրեական օրենսգրքում գրեթե հղում չկա տուժող-իրավախախտ հարաբերություններին. օրինակ, մանր հանցագործությունների դեպքում նրանց հաշտեցման հիմքով գործի կարճում, կամ տուժողի հետ հաշտեցումը որպես մեղմացուցիչ հանգամանքի դիտարկում, պայմանական-վաղաժամկետ ազատվելու դեպքում պատճառված նյութական վնասի վերականգնում և այլն:

Այս փոխկապակցված երևույթների գիտակցումը հանգեցրեց հետագա քայլերի ձեռնարկման՝ զարգացնելու էլ ավելի ներառական մոտեցում, որը կբավարարի իրավախախտի, տուժողի և ամբողջ այն համայնքի պահանջները, որտեղ նրանք բնակվում են: Վերականգնողական արդարադատության ողջ գաղափարը կառուցված է տուժողի և հասարակության շահերի շուրջ, որը թույլ կտա իրավախախտում կատարած անձին բանտում պատժի ժամկետի ավարտից հետո կամ այլընտրանքային պատիժ կրելու ընթացքում վերադառնալ համայնք: Այս առումով, պետության հիմնական դերը քրեական գործընթացում յուրաքանչյուր կողմի իրավունքների պաշտպանությունն է, որն իր հերթին կնպաստի իրավախախտի ու տուժողի համատեղ գոյակցությանը նույն հասարակությունում և ընդհանուր սոցիալական կյանքի առողջացմանը:

Վերականգնողական արդարադատության ծագումը

Վերականգնողական արդարադատության զարգացման նախադրյալ դիտվող առաջին դեպքը աձանագրվել է Օնտարիոյում (Կանադա)։ Այնտեղ 1974թ. դեռահասների կողմից կատարված վանդալիզմի սովորական գործի քննության ընթացքում պրոբացիոն ծառայող Մարկ Յանցին առաջարկեց դատավորին կարգադրել, որ մեղադրվող անձինք հանդիպեն տուժողներից յուրաքանչյուրի հետ և անձամբ քննարկեն, թե ինչպե՞ս կարող են հատուցել իրենց գործողություններով պատճառված վնասը: Կանադական արդարադատության համակարգի ճկունությունը թույլ տվեց դատավորին ռիսկի գնալ և աջակցել պրոբացիոն ծառայողի աննախադեպ նախաձեռնությանը:

Արդյունքում, մեղադրյալները համաձայնել են փոխհատուցել կորուստները և սահմանված ժամանակահատվածում տրամադրել են նյութական փոխհատուցում և անձամբ ներողություն խնդրել տուժողներից: Այս գործի հաջողությունը նախադրյալ է դարձել սկզբում պիլոտային, հետագայում՝ ավելի մասշտաբային ծրագրի զարգացման, որն այժմ հայտնի է «տուժող-իրավախախտ հաշտեցման ծրագիր» անունով։

1974թ.–ից մինչև օրս միջազգային պրակտիկան զգալի առաջընթաց է ապրել վերականգնողական արդարադատության սկզբունքների տեսական և գործնական հիմնավորման գործում։

Վերականգնողական արդարադատությունը՝ միջազգային մակարդակում

Այն զուգորդվեց քաղաքական գործընթացների հետ: Ինչպես ցանկացած այլ կարոր և խոստումնալից գաղափար, «վերականգնողական արդարադատություն» հասկացությունը աջակցություն ստացավ միջկառավարական կառույցների մակարդակով՝ թե՛ տարածաշրջանային (մեր դեպքում՝ Եվրոպայի խորհուրդը), թե՛ համընդհանուր, այսինքն՝ ՄԱԿ-ի համակարգում: 1995թ. Եվրոպայի խորհուրդը ստեղծեց Փորձագիտական կոմիտե, որպեսզի այն գնահատի հաշտարարության կիրառումը Եվրոպայում քրեական դատավարության գործընթացում: 1996 և 1999թթ. միջև ընկած ժամանակահատվածում Կոմիտեն հանդիպեց քրեական գործերով հաշտարարության փորձ ունեցող երկրների հետ՝ առկա հաշվետվություններն ուսումնասիրելու և առաջարկություններ կազմելու նպատակով: Կազմած զեկույցի հավելվածում սահմանվում են «հաշտարարության» սկզբունքները Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար, որոնք պետք է հաշվի առռնել քրեական գործերով հաշտարարություն իրականացնելիս: Նախարարների Կոմիտեն առաջարկությունն ընդունել է 1999թ. սեպտեմբերին, մինչդեռ, 1997թ. ապրիլին ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովն արդեն ընդունել էր 2000թ. կայանալիք՝ Հանցավորության հարցերով Կոնգրեսի նախնական օրակարգը: Օրակարգի 4–րդ կետը հետևյալն էր՝ «Իրավախախտներն ու զոհերը. հաշվետվողականությունը և արդարությունը արդարադատության գործընթացում»:

Հասկանալի էր, որ այս թեման հող էր ստեղծում վերականգնողական արդարադատության մասին քննարկումների, ինչպես նաև՝ քրեական արդարադատության համակարգում տուժողների իրավունքների և դերերի հետ կապված հարցերին անդրրադառնալու համար։ 2000թ. ապրիլին՝ Հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի հանդիպման ժամանակ, Կանադայի և Իտալիայի կառավարությունները ներկայացրել են վերականգնողական արդարադատության հիմնարար սկզբունքների զարգացման բանաձև: Երեսունութ այլ երկրներ սատարեցին գաղափարը, և բանաձևը միաձայն հավանության արժանացավ և ուղարկվեց Տնտեսական և սոցիալական խորհրդին: 2002թ. hուլիսին ՄԱԿ–ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը ընդունեց «Քրեական գործերով վերականգնողական արդարադատության ծրագրերի օգտագործման հիմնարար սկզբունքները» [E / CN.15 / 2002/5 / Add.1] որպես ուղեցույց և անդամ երկրներին առաջարկեց այն կիրառել իրենց անչափահասների քրեական արդարադատության համակարգում:

Վերականգնողական արդարադատության էությունը

ՄԱԿ–ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը խուսափել է բանաձևում պարտադրող կամ նեղ սահմանումներ օգտագործելուց, որոնք կարող են խոչընդոտել վերականգնողական արդարադատության տեսության հետագա զարգացմանը: Այն հարցին, թե ի՞նչ է վերականգնողական արդարադատությունը, բանաձևը պատասխանում է հետևյալ կերպ.

1. «Վերականգնողական արդարադատության ծրագիր» նշանակում է ցանկացած ծրագիր, որն օգտագործում է վերականգնողական պրոցեսներ և ձգտում է հասնել վերականգնողական արդյունքների:

2. «Վերականգնողական գործընթաց» նշանակում է ցանկացած գործընթաց, որտեղ տուժողը և հանցագործը (անհրաժեշտության դեպքում, նաև որևէ այլ ֆիզիկական անձ կամ համայնքի անդամ, որի վրա ազդել է հանցագործությունը), միասին ակտիվորեն մասնակցում են հանցագործությունից բխող խնդիրների լուծմանը՝ սովորաբար, միջնորդի օգնությամբ: Վերականգնողական գործընթացը կարող է ներառել միջնորդության, հաշտեցման, քննարկման և որոշման կայացման փուլերը:

3. «Վերականգնողական արդյունք» նշանակում է վերականգնողական գործընթացի արդյունքում ձեռք բերված համաձայնություն։ Վերականգնողական արդյունքները ներառում են այնպիսի միջոցներ և ծրագրեր, ինչպիսիք են փոխհատուցումը, վերականգնումը և հանրային աշխատանքները՝ նպատակ ունենալով բավարարել անհատական և կոլեկտիվ կարիքները, կողմերի պարտականությունները և հասնել զոհի և իրավախախտի վերաինտեգրմանը:

Ի տարբերություն քրեական հետապնդման ավանդական համակարգի՝ նոր մոտեցումը միտված չէ հանցագործությունը հայտնաբերելուն և իրավախախտին պատժի ենթարկելուն։ Այն կենտրոնացած է զոհերի շահերի վերականգնմանը և դրա միջոցով իրավախախտի վերասոցիալականացմանը։ Իսկապես, տրամաբանական է, որ տուժողի շահերը գտնվում են հասարակության անդամների միջև առողջ սոցիալական հարաբերությունների հավասարակշռության՝ հանցագործության հետևանքով խախտման կիզակետում: Տուժողի և իրավախախտի իրական հաշտեցման դեպքում սկզբնական հավասարակշռությունը առավելագույնս վերականգնվում է, որը պետք է դիտարկել որպես արդարադատության իրականացման վերջնանպատակ՝ հանցագործությունների կանխման և իրավախախտների ուղղման հետ մեկտեղ:

Սա արվում է հաշտարարության և վերականգնողական արդարադատության ծրագրերի միջոցով, որոնք մշակված են քրեական արդարադատության ողջ գործընթացի տարբեր փուլերում կիրառելու համար։ Հատուկ նշանակված հաշտարարների օգնությամբ իրավախախտի և տուժողի միջև ուղղակի կամ անուղղակի երկխոսությունն օգնում է իրավախախտին գիտակցելու, որ ինքը ոտնահարել է մարդկային, այլ ոչ պետական արժեքները: Իրավախախտին քաջալերում են ընդունել իր մեղքը և պատասխանատվություն կրել իր՝ ապօրինի գործողությունների արդյունքում պատճառած վնասի համար: Միաժամանակ, խնդիրը միայն մեղքի ընդունումն ու պատասխանատվությունը չէ. ամբողջ գործընթացը, որը միավորում է տուժողներին և իրավախախտներին, ուղղված է կոնֆլիկտի մյուս կողմի տեսանկյունից հասկանալու բոլոր հանգամանքների և զգացմունքների ամբողջությունը, ինչը հնարավոր չէ իրականացնել ավանդական քրեական արդարադատության գործընթացում: Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, այս մոտեցումը շատ դրական դաստիարակչական ազդեցություն ունի հիմնականում երիտասարդ իրավախախտների վրա, և ավելի արդյունավետորեն է կանխում կրկնահանցագործությունը, քան ցանկացած ազատազրկում կամ տուգանք:

Այսօր Հայաստանի քրեական օրենսդրությունն արմատական բարեփոխումների փուլում է: Հունիսի 6-ին ուժի մեջ մտավ «Պրոբացիայի մասին» օրենքը, որը ներկայացնում է պրոբացիոն ծառայության և հաշտարարության ամբողջովին նոր համակարգ: Բոլոր երեք հիմնական գործիքները՝ Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը և Քրեակատարողական օրենսգիրքը ձևավորման փուլում են և ակնկալվում է, որ նրանց վերջնական դրույթները, այլ կարևոր խնդիրներից զատ, կներառեն քրեական արդարադատության արդիական մոտեցումները և կփոխեն տուժողների և իրավախախտների կարգավիճակները քրեական դատավարությունում: Մենք ասում ենք՝ «ակնկալվում է», որովհետև, ցավոք, վերականգնողական արդարադատության՝ երկխոսության և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման մասին սկզբունքները ամբողջովին հաշվի չեն առնվում Կառավարության կողմից օրենսդրական նոր գործիքների մշակման ժամանակ:

Վերը նշվածին ավելացնենք, որ Հայաստանը հեծանիվ հորինելու կարիք չունի՝ հիմնական վիճակագրական և տեսական հետազոտությունների տեսանկյունից: Մեզ անհրաժեշտ է պարզապես բացահայտել ներկա համակարգի թույլ կողմերը և զարգացնել քրեական բարեփոխումների սեփական տարբերակը, որը հաշվի կառնի միջազգային լավագույն զարգացումները և մեր ազգային առանձնահատկությունները, ինչն իր հերթին թույլ կտա լուծել միջանձնային կոնֆլիկտները երկխոսության և համագործակցության, այլ ոչ թե՝ առճակատման, մեկուսացման կամ հարկադրանքի մեխանիզմների միջոցով:

Վերականգնողական արդարադատությունը մարտահրավեր է նետում հայկական տարբերակով: Նրա հիմնական հարցն է «Ի՞նչ կարող ենք անել, որ ամեն ինչ ճիշտ լինի», իսկ հիմնական սկզբունքը անձնական փոխգործակցությունն ու երկխոսությունն է, ու սա է հենց այն մեթոդն է, որ հայերն օգտագործում են վեճերի ժամանակ: Այդպիսով, մեր կարծիքով, ներկա ջանքերը պետք է ուղղված լինեն վերականգնողական արդարադատության կարևոր բաղադրիչները ներառելու քրեական արդարադատության համակարգ՝ չոտնահարելով տուժողների և իրավախախտների շահերը, ինչը Հայաստանում արդարադատության իրականացման ավելի արդյունավետ պայմաններ ստեղծելու պարարտ հիմք կհանդիսանա:

Հեղինակը՝ Եվգենիա Իվանովա

Աղբյուրը՝ www.hra.am