Տեսանկյուն

Անչափահասները «Պրոբացիայի մասին» նոր օրենքի տեսանկյունից

13.09.2016

Ըստ 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ Հայաստանի դատարանների առջև կանգնել է 80 անչափահաս, որից 18-ը եղել է 14-16 տարեկան: Նրանցից 5-ը եղել է իգական սեռի ներկայացուցիչ: Հայ հասարակությունը մեղմ վերաբերմունք ունի անչափահասների նկատմամբ, և նրանք բանտ են նստում միայն բացառիկ դեպքերում: Վերջին տվյալներով, 8 անչափահաս է պահվում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ անչափահասների համար նախատեսված միակ բանտում: Նրանցից 3-ը դատապարտված է, 5-ը՝ կալանավորված: Եթե անչափահասին բանտ են նստեցրել, ապա նա կատարել է լուրջ հանցագործություն կամ կրկնահանցագործություն: Մյուս բոլոր դեպքերում, սովորաբար, կիրառվում է պայմանական ազատազրկում կամ ազատազրկման հետ չկապված պատիժ: Այդուհանդերձ, եթե անչափահասը կանգնել է քրեական պատասխանատվության առջև, ապա համակարգում առկա բոլոր թերությունները ազդում են նաև նրա գործի վրա, որոնցից է հատուկ վարվելակերպի կանոնների բացակայությունը, որը հաշվի կառներ իրավախախտի տարիքը և հոգեբանական բնութագիրը:

Կրթական վերականգնողական ծրագրերի, անչափահասների հետ աշխատող որակավորված ծառայողների պակասը և օրենքի հետ խնդիր ունեցող անչափահասների գործերի վատ կառավարումը հետագայում հանգեցնում է երիտասարդ իրավախախտների մեծ քանակի: Դրանք հիմնականում օրենքի հետ խնդիր ունեցող այն անչափահասներն են, որոնք ժամանակին պատշաճ ուշադրության չեն արժանացել և աջակցություն չեն ստացել: Այսպես, 2015թ. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ դատապարտյալների 46%-ը (2844-ից 1321-ը) հանցագործությունը կատարել է 18-29 տարեկան հասակում, ինչը մտահոգիչ է:

Խնդիրը մասամբ այն է, որ Հայաստանում անչափահասների արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրություն չկա: Չկան անչափահասների գործերով մասնագիտացված դատարաններ կամ միայն նրանց գործերով զբաղվող հատուկ դատավորներ: Գոյություն չունեն նաև պետական վերականգնողական կենտրոններ: Նույն բացն առկա է նաև դատախազության համակարգում, որտեղ չկա անչափահասների գործերով մասնագիտացած ստորաբաժանում: Անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի «առանձնահատկությունների» վերաբերյալ օրենսդրական առկա դրույթները չեն արտացոլում նրանց իրական կարիքներն ու շահերը և հիմնավորված չեն վիճակագրական տվյալներով և հետազոտություններով:

2016թ. հունիսի 6-ին «Պրոբացիայի մասին» նոր օրենքը մտավ ուժի մեջ: Սա համարվում է քայլ առաջ Հայաստանի արդարադատության համակարգի բարեփոխման ճանապարհին: Առնվազն թղթի վրա օրենսդիրը ձևակերպել է կարևոր իրավական երաշխիքներ անչափահասների համար: Օրենքը սահմանում է, որ Պրոբացիայի ծառայությունը կոչված է ապահովելու իր անչափահաս շահառուների նորմալ ֆիզիկական և մտավոր զարգացումը, կրթությունը և պաշտպանությունը ցանկացած երրորդ անձի բացասական ազդեցությունից: Պրոբացիայի ծառայության հիմնարար սկզբունքների թվում է երեխայի լավագույն շահերի ապահովումը նրա իրավունքների արդյունավետ և լիարժեք իրականացման միջոցով:

Ավելին, այս հավակնոտ նպատակներին հասնելու համար օրենքը պահանջում է, որ ծառայության այն աշխատակիցները, ովքեր աշխատելու են անչափահասների հետ, անցնեն հատուկ վերապատրաստումներ: Անչափահասների հետ հանդիպումները պետք է կազմակերպվեն հատուկ կահավորված սենյակներում, որոնք երեխաների համար հարմար միջավայր են ստեղծում: Օրենքը նաև խրախուսում է ծնողների (օրինական ներկայացուցիչների) և հոգեբանների ներկայությունը հանդիպումների ժամանակ: Անչափահաս շահառուի մասին համապատասխան տեղեկություններ հավաքելիս օրենքը պարտավորեցում է պրոբացիայի ծառայողին դիմել նաև խնամակալության և հոգաբարձության մարմիններին, ինչպես նաև՝ դպրոցին, որտեղ սովորել է անչափահասը:

Մինչ օրս մեծ թվով անչափահասներ հաշվառված են ոստիկանությունում և/կամ հանձնված են խնամակալության և հոգաբարձության մարմինների հսկողությանը, որտեղ պատշաճ աշխատանքներ են չեն տարվում նրանց և նրանց ծնողների հետ: Օրենքի 7-րդ գլուխը վերաբերում է իրավախախտների վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստող ծառայություններին: Այն նախատեսում է մշակութային, կրթական և մարզական ծրագրեր, կյանքի հմտությունների կրթություն՝ ուղղված վարքի փոփոխությանը, հոգեբանական աջակցության և թմրամոլության կանխարգելման միջոցառումներ: Կա նաև մի շատ կարևոր դրույթ, այն է՝ Պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հնարավորությունը:

Պրոբացիայի մասին օրենքով նախատեսված է նաև խորհրդատվական զեկույցների պատրաստում դատարանի համար, սակայն այս դրույթը ուժի մեջ կմտնի ավելի ուշ, երբ ծառայությունը կգործի ամբողջ ծավալով: Այդ պատճառով էլ չկան հստակ մեխանիզմներ և ընդհանուր պատկերացում, թե ինչպես կաշխատի այս դրույթը:

Այնուամենայնիվ, իրավական դաշտի զարգացումը ոլորտում գոյություն ունեցող գլոբալ խնդիրների լուծման մի մասն է միայն: Չնայած նոր ներմուծված իրավական գործիքները բավական առաջադիմական են թվում, սակայն լուրջ մտահոգություն կա, որ այդ ամենը կմնա թղթի վրա: Որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն, զգալի ֆինանսական ներդրումներ են պահանջվում պետության կողմից: Տեղական հասարակական կազմակերպությունները և միջազգային կազմակերպությունները կարող են աջակցել որոշակի ծրագրերով, սակայն ակնհայտ է, որ վերականգնողական կայուն համակարգ ունենալու ծախսերը պետք է հոգա պետությունը:

Ինչևէ, ռեսուրսների պակասը միշտ էլ պատրվակ է եղել պետության համար անչափահասների արդարադատության ոլորտում լուրջ ներդրումներ չանելու համար: Լավագույն օրինակը անչափահաս իրավախախտների 11 համայնքային վերականգնողական կենտրոններն են, որոնք 2006-2013թթ. արդյունավետորեն գործում էին հասարակական կազմակերպությունների մարդկային և նյութական ռեսուրսների, ինչպես նաև ԱՄՆ կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսական աջակցության հիման վրա: Ծրագրի ավարտից հետո պետությունը չկարողացավ ֆինանսավորել կենտրոնների հետագա գործունեությունը, որը պետական պաշտոնյաների և հենց իրենց՝ անչափահասների կողմից գնահատվում էր շատ օգտակար և արդյունավետ, թեև աշխատանքի մեծ մասն արդեն կատարված էր (ծրագրային մոդուլներ, աշխատակազմի վերապատրաստում, ընդհանուր ենթակառուցվածքներ): Փաստորեն, պետությունը ձախողեց ստանձնել արդեն իսկ պատրաստի վերականգնողական կենտրոնների հետագա զարգացումը: Արդյունքում միայն երկու կենտրոնի հաջողվեց պահպանել իրենց գոյությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ջանքերի շնորհիվ:

Այսօր շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջվում, որպեսզի Պրոբացիայի ծառայությունը զրոյից իրականացնի իրեն օրենքով վերապահված հավակնոտ պարտականությունները:

Հեղինակը՝ Եվգենիա Իվանովա

Աղբյուրը՝ www.hra.am