Տեսանկյուն

Իրավախախտի ռիսկերի և կարիքների գնահատումը Պրոբացիայի ծառայության առանցքային գործառույթ

02.12.2016

Քրեական արդարադատության և պատիժների համակարգի գլխավոր նպատակներից են կրկնահանցագործության կանխարգելումը և իրավախախտում կատարած անձի ուղղումը, որոնք, վերջին հաշվով, ծառայում են մեկ ընդհանուր նպատակի` կանխել անձի իրավախախտ վարքագիծը հետագայում՝ խթանելով նրա օրինապահ կենսակերպը:

Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կատարել անձի ռիսկերի և կարիքների գնահատում և բացահայտված խնդիրների հիման վրա պլանավորել և իրականացնել վերականգնողական անհատական աշխատանք: Նման գործառույթ կատարելու խնդիր է դրվել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայության առջև:

«Պրոբացիայի մասին» օրենքը սահմանում է, որ ռիսկերի և պահանջմունքների գնահատումը (օրենքում «կարիքների» փոխարեն օգտագործվում է «պահանջմունքներ» եզրույթը) պրոբացիայի շահառուի կողﬕց կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանումն է և այնպիսի ﬕջոցների պլանավորումը, որոնք հնարավորություն կտան նվազեցնելու կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը:

Հայաստանի արդարադատության համակարգը երբևէ չի ունեցել աշխատանքային հատուկ գործիք, որով հնարավոր լինի օբյեկտիվորեն (նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը) չափել և որոշել իրավախախտում կամ հանցագործություն կատարած անձի ռիսկերն ու կարիքները: Փոխարենը կիրառվում է փորձագիտական կարծիքի վրա հիմնված գնահատման մեթոդը, ըստ որի դատավորները և պրոբացիայի ծառայողները, հաշվի առնելով անձի բնավորությունը, վարքը, սոցիալական և հոգեբանական մի շարք գործոններ, և հիմնվելով իրենց գիտելիքի և փորձի վրա, կանխատեսում են, թե արդյո՞ք նա հակված է կատարելու կրկնահանցագործություն թե ոչ։

Այս գնահատման մեթոդից բացի, համաշխարհային պրակտիկայում կիրառվում է նաև ակտուարական մեթոդը, որը հիմնված է վիճակագրական տվյալների վերլուծության վրա: Այն պահանջում է մեծ քանակությամբ տվյալների հավաքագրում, որոնց վերլուծության հիման վրա գնահատվում է իրավախախտում կատարած անձի կողմից կրկնահացագործություն կատարելու հավանականությունը։

Ենթադրվում է, որ ակտուարական մեթոդն ավելի օբյեկտիվ պատկեր է ապահովում, քան փորձագիտական կարծիքի վրա հիմնված մեթոդը։ Հենց այս մեթոդով են ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման հատուկ գործիքները, որոնք օգտագործվում են քրեական արդարադատության ոլորտի մասնագետների կողմից հիմնավորված որոշում կայացնելու, թե ինչպես է անհրաժեշտ աշխատել իրավախախտում կատարած անձանցից յուրաքանչյուրի հետ։

ՔՀԻ-ն մշակել է ռիսկերի և կարիքների գնահատման առաջին հայկական գործիքը

«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն Պրոբացիայի պիլոտային գրասենյակների հետ համագործակցությամբ և տարբեր ոլորտի փորձագետների հետ խորհրդակցելով (հոգեբաններ, քրեագետներ, իրավաբաններ, վիճակագրական տվյալների մշակման մասնագետներ և այլն) մշակել է իրավախախտ անձանց ռիսկերի և կարիքների գնահատման առաջին հայկական գործիքը:

«Սա բավականին հավակնոտ նախաձեռնություն էր մեր կազմակերպության կողմից, ինչպես նաև՝ բավականին բարդ խնդիր, քանի որ հայկական իրականությանը համապատասխան համալիր գործիք ստեղծելու համար բացակայում է անհրաժեշտ տվյալների բազան, և շատ քիչ թվով հետազոտություններ կան, որոնք բացահայտում են Հայաստանին բնորոշ հատուկ գործոնները»,- hra.am-ի հետ հարցազրույցում նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավաբան Եվգենիա Իվանովան։

Նրա կարծիքով՝ գործիքը, հաջող փորձարկման դեպքում, կարող է կիրառվել Պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից և օգնել գնահատել իրավախախտում կատարած անձի ռիսկերն ու կարիքները:

Ռիսկը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է իրավախախտում կատարած անձը հանրության համար: Այն կրկին անգամ հանցագործություն կատարելու և վնաս պատճառելու հավանականությունն է` հաշվի առնելով իրավախախտում կատարած անձի քրեական անցյալը (նախկինում կատարած հանցագործության մասին տվյալներ) և որոշակի կենսագրական փաստեր (տարիք, սեռ, կրթություն, ընտանեկան կարգավիճակ և այլն)։ Սրանք ստատիկ/անփոփոխ գործոններ են, որոնք կապված են կրկնահանցագործության հավանականության հետո, սակայն հնարավոր չէ դրանց վրա ազդել:

Կարիքները այն գործոններն են, որոնք նպաստում են կրկնահանցագործությանը («Պրոբացիայի մասին» օրենքում օգտագործվում է «պահանջմունքներ» եզրույթը): Ի տարբերություն ռիսկի, կարիքը ոչ ստատիկ/փոփոխական գործոն է, և անհրաժեշտ ու նպատակային միջամտության դեպքում կարող է չեզոքացվել։ Կարիքների գնահատումն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչպիսի աշխատանք պետք է տարվի անձի հետ նրա կողմից կրկնահանցագործության կատարման ընդհանուր ռիսկը նվազեցնելու նպատակով: Խոսքն այստեղ, առաջին հերթին, քրեածին կարիքների մասին է, այսինքն՝ այն գործոնների, որոնք կարող են նոր հանցագործության պատճառ դառնալ:

«Հիմնական յոթ գործոններ կան, որոնք, միջազգային փորձի ուսումնասիրության համաձայն, կարող են ազդել կրկնահանցագործության կատարման հավանականության վրա: Դրանք են՝ զբաղվածությունը և ֆինանսական վիճակը, ընտանեկան հարաբերությունները, շրջապատը կամ միջավայրը, կախվածությունները՝ ալկոհոլից, թմրամիջոցներից կամ խաղամոլությունը, հոգեհուզական վիճակը, ընդհանուր դիրքորոշումը և արժեհամակարգը»,- ասում է Եվգենիա Իվանովան:

ՔՀԻ կողմից մշակված աշխատանքային գործիքը բաղկացած է երկու մեծ բաժիններից՝ ռիսկեր և կարիքներ, և գնահատում է վերը նշված բոլոր ստատիկ և ոչ ստատիկ գործոնները:

Նախատեսվում է, որ անձի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները պրոբացիայի ծառայողը կհավաքագրի նրա հետ ունեցած հարցազրույցից, դատավճիռներից, ոստիկանության տեղեկատվական կենտրոնից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կկատարի տնայց և կզրուցի ընտանիքի անդամների հետ։

Այն բանից հետո, երբ գործիքում էլեկտրոնային տարբերակով ներբեռնվում/լրացվում են պահանջվող բոլոր տվյալները, այն հաշվարկում է ռիսկի մակարդակը (ցածր, միջին, բարձր, շատ բարձր) և բացահայտում է այն գործոնները, որոնք պետք է թիրախավորվեն` նվազեցնելու կրկնահանցագործության ռիսկը:

«Հաշվարկման մեթոդը ավտոմատացված է՝ հիմնվելով միջազգային պրակտիկայի, առկա վիճակագրական տվյալների և փորձագետների խորհրդատվության վրա: Գործիքը փորձարկելուն, բավարար տվյալների բազա հավաքելուն և դրանք վերլուծելուն զուգահեռ, մենք հնարավորություն կունենանք վերանայելու և կատարելագործելու գործոնների ազդեցության կշիռը՝ ավելի համապատասխանեցնելով հայաստանյան իրականությանը»,- ընդգծում է իրավաբանը:

Այդպիսով, պրոբացիայի ծառայողը, գործիքի կանխատեսման, ինչպես նաև իր անձնական փորձագիտական կարծիքի հիման վրա, կմշակի պրոբացիայի տվյալ շահառուի պատժի կրման պլանը, այսինքն՝ կորոշի, թե ինչպիսի վերահսկողություն է անհրաժեշտ սահմանել և ինչպիսի միջամտության միջոցառումներ են պետք` հաշվի առնելով իրավախախտում կատարած տվյալ անձի հատուկ կարիքները:

«Գործիքը ստեղծված է՝ հաշվի առնելով այն հիմնական գործոնները, որոնք, ըստ բազմաթիվ հետազոտությունների և վիճակագրական տվյալների, ազդում են կրկնահանցագործության մակարդակի վրա: Այն օգնում է անհատական մոտեցում ցուցաբերել՝ բացահատել իրավախախտում կատարած կոնկրետ անձին բնորոշ հատուկ գործոնները: Նվազագույնի է հասցված «մարդկային գործոնը», այսինքն՝ ի տարբերություն փորձագիտական գնահատման մեթոդի, սա ավելի չեզոք և օբյեկտիվ պատկեր է տալիս»,- թվարկելով գործիքի առավելությունները՝ նշում է Քաղաքացիական հասարակության ինսիտտուտի իրավաբանը:

Նրա խոսքերով՝ կարիքների և ռիսկերի գնահատման գործիքը հայկական իրականության մեջ աննախադեպ է նաև նրանով, որ հեշտացնում է տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը՝ ստեղծելով տվյալների բազա, որը հետագայում կարող է կիրառվել ռիսկերի և կարիքների գնահատման համար կիրառվող բանաձևը կատարելագործելու համար:

Աղբյուրը՝ www.hra.am