Տեսանկյուն

Դատապարտյալների վերասոցիալականացում զբաղվածության և կրթության հնարավորությունների ապահովման միջոցով. իրավիճակը ՀՀ-ում

12.01.2017

Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս Արդարադատության նախարարության, բազմիցս նշել է, որ պետական քրեական համակարգը պատժիչ բնույթից անցում է կատարում վերականգնողականի: 2016թ. ընդունվեց Պրոբացիայի մասին օրենքը, և արդեն սեպտեմբերին պաշտոնապես սկսեց գործել նաև Պրոբացիայի պետական ծառայությունը: Սա նշանակում է, որ հանցագործություն կատարած անձանց մի մասը կհայտնվի ոչ թե քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), այլ կհանձնվի Պրոբացիայի ծառայության վերահսկողությանը: Պրոբացիայի ծառայությունը պետք է համադրի վերահսկողությունը և վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը։ Ակնկալվում է նաև, որ հատուկ աշխատանքներ կտարվեն ազատազրկվածների հետ ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում՝ շեշտը դնելով ազատությանը նախապատրաստող փուլի վրա:

Ամեն տարի Հայաստանում մոտ 4000 անձ դատապարտվում է հանցագործություն կատարելու համար։ Նրանցից գրեթե կեսը պատիժ է կրում ազատազրկման վայրում, մոտ 20-25%-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, իսկ մնացածի նկատմամբ կիրառվում են ազատազրկման հետ չկապված պատժատեսակներ։ Վերջին տարիներին Հայաստանում ՔԿՀ-ներում պահվողների թիվը կազմում է միջինում 4000-4500 անձ։

Սակայն, կարիքների գնահատման անհրաժեշտ համակարգի և համապատասխան վերականգնողական ծրագրերի բացակայության պատճառով, ազատազրկվածների ճնշող մեծամասնությունը չունի որևէ զբաղվածություն, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ունեցող դատապարտյալների 96%-ը ներկայումս մերժվում է ազատման հարցում, հետևաբար դժվար է գնահատել պատժի կատարման և ազատազրկվածի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված ցանկացած առաջընթաց:

Մինչդեռ վաղաժամկետ ազատման համակարգն արդյունավետ կիրառվում է բազմաթիվ երկրներում՝ հեշտացնելու և սահուն դարձնելու անազատությունից ազատություն անցումը՝ աստիճանաբար նվազեցնելով դատապարտյալի նկատմամբ վերահսկողությունը: Այլապես անձը վերադառնում է հասարակություն՝ բանտային մշակույթի ազդեցության տակ ձևավորված դիրքորոշմամբ, և հաճախ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ որևէ ջանք չի գործադրվել նրա կյանքը հասարակության մեջ առավել արդյունավետ և պարկեշտ դարձնելու համար:

Չկան նաև արդյունավետ միջոցներ՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու այն դատապարտվածների հետ, ում նկատմամբ կիրառվել է այլընտրանքային պատժատեսակ, պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է: Որոշ դեպքերում նրանք չեն հասկանում դատվածություն ունենալու ողջ լրջությունը և հետագա իրավախախտումների դեպքում դրա հնարավոր հետևանքները: Մնալով ազատության մեջ՝ շատերը փորձում են լուծել իրենց խնդիրներն ինքնուրույն, թեև որոշ դատապարտյալներ դիմում են վերահսկող ծառայողի օգնությանը։

Արդյունքում, ներկայումս ազատազրկվածների մեծ մասն առանց զբաղմունքի տարիներ է անցկացնում ճաղերի ետևում: Այս նույն խնդիրը վերաբերում է նաև իրավախախտում կատարած այն անձանց, ովքեր մնացել են հասարակության մեջ, բայց ում հատկացվում է չափազանց քիչ ուշադրություն, թեև նրանք, կարծես թե, գտնվում են ընդամենը մեկ քայլ հեռու կրկնահանցագործությունից և ազատազրկման վայրում հայտնվելուց։

Շատ ազատազրկվածներ լուրջ դժվարություններ են ունենում արտաքին աշխարհի հետ կապը չկորցնելու և ազատվելուց հետո հասարակությանը վերաինտեգրվելու հարցում: Առավել դժվարին իրավիճակը, որին նրանք բախվում են, աշխատաշուկա մուտք գործելն է, ինչն անչափ կարևոր է օրինապահ կյանք վարելու համար: Այս հարցը շատ կարևոր է նաև բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների համար, քանի որ նրանք իրավունք ունեն աշխատելու ՔԿՀ-ից դուրս, սակայն աշխատանք գտնելու հարցում որևէ աջակցություն չեն ստանում։

Ինչպես ցույց են տալիս Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի (ՔՀԻ) ուսումնասիրությունները, հանցագործություն կատարած անձանց զբաղվածության ցուցանիշները և նրանց եկամուտը ցածր են, իսկ կրկնահանցագործների դեպքում՝ զբաղվածության ցուցանիշները դատվածությունների միջև ընկած ժամանակահատվածում ավելի ցածր են, քան մինչ առաջին ազատազրկումը: Նախկին դատապարտյալների պիտակավորումը շատ ուժեղ է, արդյունքում նրանք անցանկալի, անմրցունակ և խոցելի են դառնում աշխատաշուկայում՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ-ում ընդհանուր առմամբ գործազրկության բարձր ցուցանիշը։

Թվում է, թե այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում այս հարցն ավելի հեշտ է լուծվում, սակայն պրոբացիայի աշխատող շահառուներից շատերը գործատուներից թաքցնում են դատապարտված լինելու հանգամանքը, քանի որ վախենում են զրկվել աշխատանքից։

Միջազգային փորձը, այդ թվում՝ ՔՀԻ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ առկա է ամուր կապ զբաղվածության, մասնագիտական կրթության բացակայության և կրկնահանցագործության ցուցանիշների միջև: Այս թեման դարձել է ՔՀԻ-ի կողմից՝ Պրոբացիայի ծառայության, ՔԿՀ-ի աշխատակիցների, Արդարադատության նախարարության, զբաղվածության ու կրթական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված աշխատանքային քննարկումների առանցքային հարցը: Այս հանդիպումների, աշխատաժողովների ու խորհրդակցությունների արդյունքների հիման վրա ՔՀԻ-ն պատրաստել է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումը Պրոբացիայի ծառայության շահառուների համար կստեղծի նոր աշխատանքային և կրթական հնարավորություններ, ինչպես նաև՝ կամրապնդի արդեն գոյություն ունեցողները:

Թեմայի վերաբերյալ հրապարակումներ

Մաս 1-ին - Դատապարտյալների վերասոցիալականացում զբաղվածության և կրթության հնարավորությունների ապահովման միջոցով. Իրավիճակը ՀՀ-ում

Մաս 2-րդ - Դատապարտվածների շրջանում զբաղվածությունը և եկամուտներ ստանալու հնարավորությունները սահմանափակող գործոնները

Մաս 3-րդ - Դատապարտյալների զբաղվածությունը և կրթությունը խթանելուն ուղղված առաջարկություններ

Աղբյուրը՝ www.hra.am