Տեսանկյուն

Պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություն պարունակող փաստաթղթերի փաթեթը

08.11.2017

Հայաստանի Հանրապետությունում Պրոբացիայի պետական ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար կատարվող աշխատանքների բարձր արդյունավետությունը կարող է մեծապես կախված լինել պրոբացիայի շահառուների անձնական գործերի վարման արդյունավետությունից՝ հաշվի առնելով օրենսդրական պահանջների կատարումը և գործերի վարման մեթոդիկայի ճիշտ ընտրությունը։

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ ձևակերպմամբ՝ պրոբացիայի շահառուի անձնական գործը պրոբացիայի շահառուի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է։ Օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված է անձնական գործում ներառվող տեղեկատվության ցանկը։

Այսպես, պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի անձնական գործը պետք է պարունակի շահառուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ՝

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարին.

3) բնակության, հաշվառման վայրը (հասցեն).

4) ընտանեկան դրությունը.

5) գույքային դրությունը.

6) դատական ակտի կամ կատարման ենթակա այլ իրավական ակտի վերաբերյալ տվյալներ.

7) նախկին դատվածությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն.

8) սոցիալական միջավայրը` սոցիալական և մշակութային պայմաններ, ներառյալ՝ վերաբերմունք, ինչպես նաև ֆիզիկական շրջապատ, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական կյանքը.

9) պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում իրավունքների և պարտականությունների շրջանակը.

10) այլընտրանքային խափանման միջոցները և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ.

11) ռիսկերի և պահանջմունքների պարբերական գնահատման տվյալներ.

12) անձի վերաբերյալ կազմված բնութագրերն ու խորհրդատվական զեկույցները.

13) անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տվյալներ.

14) վերասոցիալականացման միջոցառումները.

Նշված ցանկը սպառիչ չէ․ անձնական գործում կարող են ներառվել նաև օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր և տվյալներ։ Ընդ որում, Օրենքի տարբեր ձևակերպումների համեմատության արդյունքում ի հայտ են գալիս իրավական տեխնիկայի խնդիրներ, որոնք երբեմն կասկած են առաջացնում Օրենքում օգտագործվող եզրույթների վերաբերյալ։

Օրինակ, Օրենքի տարբեր հոդվածներում տարանջատված է անձնական գործի և վերահսկողության պլանի կազմումը, հաշվառման քարտի լրացումը․

  • հոդված 12․ /Այլընտրանքային խափանման միջոցի կատարման ապահովումը/

պրոբացիայի ծառայողը ․․․կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ

  • հոդված 18․ /Անվտանգության միջոցի կատարման ապահովումը/

պրոբացիայի ծառայողը ․․․կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործվերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ

  • հոդված 23․ /Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից խորհրդատվական զեկույցներ տրամադրելը/

Խորհրդատվական զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն ․․․համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում է անձնական գործին և կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործը:

  • հոդված 24․ /Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը/

պրոբացիայի ծառայողը ․․․կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ։

  • Հոդված 50․ /Պրոբացիայի կատարման նկատմամբ վերահսկողությունը/

Վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավասու ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարականով գործող պաշտոնատար անձանց կողմից պրոբացիայի ծառայության ստորաբաժանումներ և պրոբացիայի շահառուների տեղակայման վայրեր այցելելու, վերահսկողության պլանները, անձնական գործերը և այլ փաստաթղթերը պահանջելու և ուսումնասիրելու ․․․ միջոցով։

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պրոբացիայի շահառուի անձնական գործը, վերահսկողության պլանը և հաշվառման քարտը վարվում են առանձին։ Ընդ որում, վերահսկողության պլանը և հաշվառման քարտը որպես առանձին փաստաթղթեր օգտագործվելու հնարավորությունը նախատեսված է Օրենքով․

  • Պրոբացիայի շահառուին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս պրոբացիայի ծառայությունը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատական ակտի և պրոբացիայի շահառուի վերահսկողության պլանի պատճենները: /Հոդված 24/
  • Տվյալների շտեմարանում պրոբացիայի շահառուի անձնական գործը պահվում է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցի կատարման ավարտի պահից 10 տարի ժամկետով, որից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Պրոբացիայի ծառայության արխիվում մշտապես պահպանվում են դատապարտյալի կամ պրոբացիայի շահառուի վերաբերյալ լրացված հաշվառման քարտը․․․։

Սակայն ի տարբերություն հաշվառման քարտի, որը պահպանվում է նաև անձնական գործի ոչնչացումից հետո, վերահսկողության պլանը նպատակահարմար չէ կազմել անձնական գործից առանձին, քանի որ այն իր մեջ ներառում է մի շարք տվյալներ, որոնք, համաձայն Օրենքի, ներառվում են անձնական գործում, օրինակ՝ շահառուի իրավունքները և պարտականությունները, նրա հետ տարվող վերասոցիալականացման միջոցառումները և ծրագրերը։ Հետևաբար, կազմելով և դիտարկելով վերահսկողության պլանը որպես առանձին փաստաթուղթ՝ նպատակահարմար է ներառել այն անձնական գործի փաթեթում՝ տվյալների անհարկի կրկնությունից խուսափելու համար։

Վերահսկողության պլանի առանձին նշումը պայմանավորված է նաև նրանով, որ այն, ի տարբերություն անձնական գործի, Պրոբացիայի ծառայության ոչ բոլոր խնդիրների իրականացման դեպքում է կազմվում, մասնավորապես, չի կազմվում խորհրդատվական զեկույց ներկայացնելիս։

Օրենքը նախատեսում է շահառուի իրավունքը ծանոթանալ իր անձնական գործին, սակայն չունի առանձին սահմանում վերահսկողության պլանին ծանոթանալու իրավունքի վերաբերյալ այն դեպքում, երբ վերահսկողության պլանը հատկապես պետք է բացահայտ լինի շահառուի համար, քանի որ դրանով անմիջականորեն սահմանվում են իր իրավունքներն ու պարտականությունները, վերասոցիալականացման միջոցառում¬ների և ծրագրերի ցանկը, վերահսկողության ենթակա բոլոր գործողությունները և դրանց կատարման ժամկետները ։ Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է համաձայնության սկզբունքը, ըստ որի՝ պրոբացիայի ծառայության կողմից որոշումների կայացման, ինչպես նաև վերահսկողության պլանի մշակման ընթացքում հնարավորինս հաշվի են առնվում պրոբացիայի շահառուի կարծիքը և համաձայնությունը, ինչպես նաև հնարավորինս ապահովվում է նրա ներգրավվածությունը դրանց կայացման և մշակման գործընթացին: Նշված սկզբունքի պահպանումը Օրենքի ներկա շարադրանքի պայմաններում հնարավոր է միայն եթե ապահովված է շահառուի իրավունքը ծանոթանալ նաև իր վերաբերյալ կազմված վերահսկողության պլանին՝ որպես անձնական գործի մաս։

Վերը նշված պատճառաբանությամբ ստորև ներկայացվում են շահառուի անձնական գործի վարման ինչպես Օրենքով ուղղակիորեն նշված չափանիշները, այնպես էլ Օրենքի տրամաբանությունից բխող, սակայն ոչ հստակ ձևակերպում ունեցողները։ Ընդ որում, բացի Օրենքով հստակ սահմանված տեղեկատվությունից, շահառուի անձնական գործում անհրաժեշտ է ներառել տեղեկատվություն, որը անհրաժեշտ կարող է լինել վերջինիս վերահսկողության ծրագրերի մշակման, վերասոցիալականացման ողղությամբ, օրինակ տեղեկություններ ընտանիքի, շրջապատի, առողջական վիճակի և այլնի վերաբերյալ։

Օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ պրոբացիայի շահառուն պարտավոր է

3) կատարել պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները.

․․․

6) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում պրոբացիայի ծառայողին տրամադրել հավաստի տեղեկություններ.

Միևնույն ժամանակ թե՛ գործող քրեական դատավարության օրենսգիրքը, թե՛ Օրենքը չեն նախատեսում այն դեպքերը, երբ պրոբացիայի շահառուն պարտավոր է պրոբացիայի ծառայողին ներկայացնել տեղեկատվություն։ Օրենքը նախատեսում է պրոբացիայի շահառուի՝ ծառայությանը ներկանալու պարտականությունը, իսկ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը՝ չներկայանալու համար պատասխանատվությունը, սակայն պրոբացիայի շահառուն չի կարող պատասխանատվության ենթարկվել, եթե փաստացի ներկայացել է Պրոբացիայի ծառայություն, սակայն հրաժարվում է որևէ տվյալ ներկայացնել։

Հետևաբար, ներկա իրավակարգավորման պայմաններում պրոբացիայի ծառայողը անձնական գործի վարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու երաշխիք կարող է ունենալ միայն պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին հարցումներ կատարելու միջոցով։ Այդպիսի հարցումների արդյունքում ստացված տեղեկատվությունը չի խախտում պրոբացիայի շահառուների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, քանի որ ուղղակիորեն նախատեսված է Օրենքով։ Պրոբացիայի պետական ծառայությունը օրենքով սահմանափակված է միայն ֆինանսական կազմակերպություններից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից բանկային և այլ գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու հարցում։ Ընդ որում, Օրենքը չի սահմանափակում պրոբացիայի շահառուի վերաբերյալ պետական, ռազմական կամ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու՝ Պրոբացիայի ծառայության իրավասությունը։

Պրոբացիայի պետական ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ պրոբացիայի շահառուների պարտականությունների լրացման վերաբերյալ։ Նման պարտականությունների սահմանման դեպքում պրոբացիայի ծառայողը հնարավորություն կունենա պարտավորեցնել շահառուին ներկայացնել անձնական գործի վարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Բացի Օրենքում նշված տվյալներից, որոնք համապատասխան օրենդրական փոփոխություններից հետո պարտադիր կլինեն շահառուի կողմից ներկայացման համար, պրոբոցիոն ծառայությանը կարող են պիտանի լինել շահառուի կողմից կամավոր ներկայացվող տվյալներ՝ անձնական ունակությունների, ընտանիքի անդամների, շրջապատի, բանկային տվյալների վերաբերյալ։ Այդպիսի տվյաներ կարող են պահանջվել նաև այն դեպքում, երբ պրոբացիայի շահառուն իր պարտականությունների կատարման անհնարինության կամ դժվար լինելու վերաբերյալ առարկություններ կներկայացնի։ Օրինակ, շահառուն կարող է պարտականության չկատարման համար որպես պատճառ ներկայացնել ֆինանսական վատ դրությունը, ինչի դեպքում կարող է կամավոր ներկայացնել իր հարցմամբ ստացված տեղեկատվություն իր բանկային հաշիվների վերաբերյալ, իսկ չներկայացման դեպքում պրոբացիայի ծառայողը շահառուի առարկությունը կարող է համարել չհիմնավորված։

Հեղինակ՝ Հովհաննես Խուդոյան

Այլ հրաարակումներ՝

Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարում, ձևաթղթեր
Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարման մեթոդիկան

Աղբյուրը՝ www.hra.am