Տեսանկյուն

Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարում, ձևաթղթեր

15.11.2017

Անձնական գործի վարման աշխատանքի հեշտացման, կանոնակարգված մշակման և պրոբացիայի խնդիրների համար առավելագույն տեղեկատվություն ներառելու համար առաջարկվում է գործի վարման հետևյալ ձևաչափը․

1. Անձնական գործի տվյալներ․

Այս բաժնում ներառվում են անձնական գործի թղթապանակի տիտղոսաթերթը, անձնական գործի համարը, անձնական գործի վարման սկզբի և ավարտի ամսաթվեր և այլն։ Բաժինը պետք է ներառի նաև անձնական գործում պահվող փաստաթղթերի ցանկերը՝ փաստաթղթերի անվանումով և էջերի նշումով։

2. ձևաթղթեր, որոնք պարունակում են Պրոբացիայի շահառուի անձնական տվյալները ներառյալ՝

  • անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, ծննդյան ամսաթիվ,
  • քաղաքացիությունը, անձնագրային տվյալներ
  • առնչությունը զինվորական ծառայությանը,
  • կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամարներ, հաշվառման և կամ փաստացի բնակության հասցեներ, էլեկտրոնային հասցեներ,
  • ընտանեկան կարգավիճակ, ընտանիքի կազմ /համատեղ բնակության նշումով/
  • կրթություն /նախկինում ստացած, շարունակվող/
  • աշխատանք /գրանցված աշխատանք, եկամտի այլ աղբյուրներ/
  • գույքային դրություն /շահառուի, ընտանիքի սեփականությունը, սոցիալական ապահովության դասիչներ, շահառուի և նրա ընտանիքի անհրաժեշտ ծախսերը/
  • շահառուի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տվյալներ, նաև նրա հետ համատեղ բնակվող անձանց առողջական վիճակը

Նույն բաժնում պահվում են ձևաթղթում լրացված տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները։

3. Ձևաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն Պրոբացիայի ծառայության կոնկրետ նպատակի, շահառուի իրավական կարգավիճակի վերաբերյալ

  • խափանման միջոցի կամ պատժի տեսակը, կրման պայմանները /հիմք հանդիսացող դատական կամ այլ իրավական ակտը/, կատարմանը վերաբերող տեղեկություններ
  • նախկին դատվածությունները և հանցանքների նկարագիրը,
  • Պրոբացիայի ծառայության հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում շահառուի իրավունքների և պարտականությունների շրջանակը՝ շահառուի կողմից ծանոթացված լինելու հաստատումով։
  • փաստաթղթեր հաշտարարության գործընթացի վերաբերյալ/դատական ակտ, միջնորդություն/
  • հաշտության համաձայնություն

Բաժնին կից պահվում են համապատասխան փաստաթղթերը

4. Պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահաջմունքների գնահատման վերաբերյալ փաստաթղթեր

  • Ռիսկերի և պահանջմունքների գործիքների միջոցով ստացված եզրափակիչ արդյունքները,
  • Ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկներ։
  • Ռիսկերի և պահանջմունքների պարբերական վերագնահատումների արդյունքներ

5. Վերահսկողության պլանի կազմման վերաբերյալ ձևաթղթեր

  • Վերահսկողության տեսակը, կապի տեսակները /այցելություն, տնայց, հեռախոսակապ, տեսակապ/, պարբերականությունը,
  • Վերահսկողության գրանցամատյան՝ կապի յուրաքանչյուր դեպքի տվյալների գրանցման համար
  • Էլեկտրոնային մոնիթորինգ,
  • Վերահսկողության պայմանների խախտումների արձանագրում

6. Անձի վերասոցիալականացմանն ուղղված գործողությունների ծրագիր

  • Պրոբացիայի ծառայողի և շահառուի համատեղ մշակած ծրագիր՝ շահառուի ռիսկերի գնահատման, դրանց վերաբերյալ առաջարկների ուղղությամբ մշակված առաջադրանքներ, կատարման եղանակներ և ժամկետներ, արդյունքների գնահատում,
  • Սոցիալական վերաինտեգրմանը նպաստող ծրագրերի և գործողությունների ցանկ, շահառուի մասնակցության բնույթը, ժամկետները, արդյունքները։

Այս բաժինը չի ներառվում անձնական գործում՝ խափանման միջոցների կիրառման դեպքում

7. Արձանագրություններ․/ըստ անձնական գործի ժամանակագրության/

  • Պրոբացիայի ծառայությանը չներկայանալու, շահառուին չհայտնաբերելու վերաբերյալ
  • Պատժի կամ խափանման միջոցի կրման պայմանները խախտելու վերաբերյալ
  • Պրոբացիայի ծառայողի գործողությունները խոչընդոտելու վերաբերյալ,
  • Պրոբացիայի ծառայողի այցելությունների վերաբերյալ,
  • Օրենքով նախատեսված այլ դեպքերում կազմվող արձանագրություններ

8. Ծանուցումներ

Պահպանվում են գործի վարման ընթացքում շահառուին և այլ անձանց ուղարկված ծանուցումները

9. Շահառուի վերաբերյալ կազմված բնութագրերն ու խորհրդատվական զեկույցները։

Անձնական գործում այս բաժինների առանձնացումը տարբերվում է պետական մարմիններում գործերի վարման ընդունված կարգից, երբ գործի փաստաթղթերը դասավորվում են ըստ կազմման և ստացման ժամանակագրության։ Յուրաքանչյուր բաժին կրկին դասավորվում է ըստ ժամանակագրական հաջորդականության, սակայն բաժինների առանձնացումը նպատակ է հետապնդում դյուրացնել պրոբացիայի ծառայողի առօրյա աշխատանքը, դասակարգել գործում պահվող փաստաթղթերը ըստ բովանդակության և կարևորության։ Օրինակ, եթե շահառուի ռիսկերի գնահատումները կատարվում են տարբեր ժամանակահատվածներում, ավելի հեշտ է լինում գնահատումները համեմատել, երբ դրանք գործում տեղակայված են հաջորդաբար, այլ ոչ թե տարբեր արձանագրությունների և ծանուցումների միջակայքով։

Հեղինակ՝ Հովհաննես Խուդոյան

Այլ հրապարակումներ՝

Պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություն պարունակող փաստաթղթերի փաթեթը

Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարման մեթոդիկան

Աղբյուրը՝ www.hra.am