Տեսանկյուն

Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարման մեթոդիկան

22.11.2017

Պրոբացիայի շահառուի անձնական գործը կարող է վարվել ինչպես պարզ թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ընդ որում, հնարավոր է նաև երկու մեթոդների միաժամանակյա օգտագործումը։

Էլեկտրոնային համակարգի ներդրումը կարող է զգալիորեն բարձրացնել պրոբացիայի ծառայության աշխատանքի արդյունավետությունը, խնայել միջոցներ և ժամանակ, նպաստել ոչ միայն առանձին շահառուների գործի վարման որակին, այլև համակարգային խնդիրների լուծմանը։ Էլեկտրոնային համակարգը կարող է շահագործվել ինչպես ներքին փակ ցանցի միջոցով, այնպես էլ ինտերնետ հասանելիության ապահովմամբ։

Գործերի վարման էլեկտրոնային եղանակը ունի հետևյալ առավելությունները․

1. Պրոբացիայի ծառայողի գործունեության ավելի մեծ տարածք

Ունենալով կենտրոնական տեղեկատվական բազա՝ Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինները կարող են ապահովել շահառուի անձնական գործի վարումը միաժամանակ տարբեր վայրերից։ Այսպես, եթե շահառուն հարկադրված է ժամանակավորապես փոխել բնակության վայրը, շահառուի մասնակցությամբ գործողությունները /օրինակ՝ տնայցը/ կարող են կատարվել այլ տարածքային մարմնի ծառայողի կողմից՝ ներքին ցանցի միջոցով ապահովելով անձնական գործի տվյալների թարմացում։ Թղթային տարբերակով համանման գործողությունների իրականացումը Պրոբացիայի ծառայության համար առաջացնում է հավելյալ ծախսեր և աշխատաժամանակ անձնական գործի բոլոր նյութերը մեկ վայրում տեղավորելու հարցում, նվազեցնում է փաստաթղթերի կորստի ռիսկը։ Նույն կերպ, ամբողջական գործի փոխանցումը տարածքային մեկ մարմնից մյուս մարմնին չի պահանջում լրացուցիչ ջանքեր։

Եթե էլեկտրոնային համակարգը շահագործվում է ինտերնետ կապի միջոցով, ինչպես պետական այլ կառույցներում գործող որոշ համակարգեր, պրոբացիայի ծառայողը հնարավորություն կարող է ունենալ ցանկացած վայրից և ժամի ապահովել անձնական գործի թարմացումը։ /Ինտերնետ հասանելիությունը որոշակի ռիսկ է պարունակում տվյալների շտեմարանից տեղեկատվության արտահոսքի համար/։

2. Ձևաթղթերի լրացման դյուրինություն

Համակարգը կարող է առաջարկել լրացման տարբերակներ կամ պրոբացիայի ծառայողի կողմից հաճախ կիրառվող սահմանումներ, ապահովել կրկնվող տվյալների ինքնաշխատ լրացումը։ Համակարգը բացառում է վրիպակների, ջնջումների պատճառով լրացուցիչ աշխատանքի կատարումը։ Համակարգի միջոցով հնարավոր է խուսափել լրացուցիչ արձանագրությունների կազմումից․ օրինակ համակարգը կարող է ձայնագրել շահառուի հետ հեռախոսային զրույցները և տեսազանգերը, ինչը կկրճատի պրոբացիայի ծառայողի աշխատանքը և կապահովի աշխատանքի առավել թափանցիկություն, կօգնի խուսափել կանխակալ վերաբերմունքից և մշտական զգոնություն կապահովի վերահսկողության փուլում։

Այն դեպքերում, երբ փաստաթղթերը կազմվում են տարածքային մարմնի գրասենյակից դուրս՝ թղթային եղանակով, դրանք ներբեռնվում են համակարգ և ոչնչացվում։

3. Տվյալների հետազոտության դյուրինություն

Ինչպես էլեկտրոնային ցանկացած ռեսուրս, համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել հեշտ որոնում։ Հնարավոր է իրականացնել համեմատական վերլուծություն, օրինակ՝ շահառուի ռիսկերի վերագնահատման ժամանակ գրանցված տարբերությունները վերջին գնահատման համեմատ։

4. Լրացուցիչ գործիքներ ծառայողների համար

Համակարգը կարող է պարունակել ծանուցումների և հիշեցումների մեխանիզմ, որը նվազագույնի կհասցնի վերահսկողության պլանի գործողությունների, ինչպես նաև Օրենքով սահմանված ժամկետների խախտման հնարավորությունը։

5. Համատեղելիություն էլեկտրոնային այլ գործիքների հետ

Անձնական էլեկտրոնային գործում հնարավոր է ներառել նաև ռիսկերի և պահանջմունքների ամբողջական գնահատումը։ Էլեկտրոնային համակարգի հետ կարող են համատեղվել նաև գրասենյակային ծրագրերը՝ ապահովելով տարածքային մարմինների աշխատանքի որակը։

6. Վերահսկողություն

Համակարգը հնարավորություն կարող է տալ իրավասու պաշտոնատար անձանց վերահսկելու ենթակա ծառայողների գործունեությունը՝ առանց միջամտելու նրանց առօրյա աշխատանքին՝ ապահովելով ինչպես ժամանակի խնայողություն, այնպես էլ մշտական հսկողություն տարվող աշխատանքաների որակի նկատմամբ։

Համակարգը կարող է կիրառվել նաև ՀՀ ԱՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ առանց լրացուցիչ ռեսուրսներ ծախսելու իրականացնել Օրենքով նախատեսվող վերահսկողությունը։

7. Վիճակագրություն

Էլեկտրոնային համակարգը կարող է ապահովել ցանկացած տեսակի վիճակագրության ստացումը առանց աշխատակազմի ռեսուրսների օգտագործման։ Ընդ որում, վիճակագրությունը կարող է օգտակար լինել ինչպես պրոբացիայի նպատակների իրականացման, այնպես էլ կրիմինոլոգիական հետազոտությունների համար։ Վիճակագրության միջոցով հնարավոր է նաև գնահատել Պրոբացիայի ծառայության աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը։ Շահառուների անձնական գործերի ոչնչացման օրենսդրական պահանջը հնարավոր կլինի հեշտությամբ իրականացնել՝ վերացնելով նույնականացման տվյալները, սակայն պահպանելով բոլոր այլ տվյալները վիճակագրության և կրիմինոլոգիական հետազոտությունների համար։

8. Արխիվացում, անձնական գործի ոչնչացում

Օրենքով նախատեսված այս գործողությունները ժամանակատար և ծախսատար չեն լինի էլեկտրոնային համակարգի ներդրման դեպքում։

Անձնական գործի թղթային օրինակի պահմանման անհրաժեշտության դեպքում հնարավոր է համատեղել էլեկտրոնային գործի վարման եղանակը թղթային եղանակի հետ։ Այդ դեպքում համակարգ ներբեռնվող փաստաթղթերը չեն ոչնչացվում, իսկ էլեկտրոնային եղանակով կազմվող ձևաթղթերը թղթային օրինակով կցվում են գործին։ Տարբեր տարածքային մարմիններում պահվող նյութերի՝ անձնական գործի վարման վայր տեղափոխումը կարող է կատարվել որոշակի պարբերականությամբ՝ խնայելով տեղափոխման ծախսերը։

Հեղինակ՝ Հովհաննես Խուդոյան

Այլ հրապարակումներ՝

Պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություն պարունակող փաստաթղթերի փաթեթը
Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարում, ձևաթղթեր

Աղբյուրը՝ www.hra.am