Տեսանկյուն

Զբաղվածությունը՝ դատապարտյալի վերականգնման ու վերաինտեգրման լավագույն միջոց

06.12.2017

Ազատազրկման վայրում գտնված անձը, անկախ իր մարդկային և մասնագիտական որակներից, աշխատաշուկայում բախվում է խտրական վերաբերմունքի և բազմաթիվ փակ դռների: Պետությունը, նրան աջակցելով, ոչ միայն լուծում է զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման խնդիր, այլև՝ կանխում է տվյալ անձի կողմից նորից հանցագործություն կատարելու ռիսկը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ «դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումն է, ինչպես նաև վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը՝ դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման և զարգացման նպատակով»: Իսկ ուղղման հիմնական միջոց, բացի նշանակված պատժից, համարվում են նաև դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական գործունեության մեջ ներգրավվելը:

Միջազգային պրակտիկայում «ուղղում» եզրույթի փոխարեն ընդունված է օգտագործել վերականգնում (rehabilitation) և վերասոցիալականացում (re-socialization) եզրույթները:

Ամեն տարի Հայաստանում մոտ 4000 անձ դատապարտվում է հանցագործություն կատարելու համար։ Նրանց գրեթե կեսը պատիժը կրում է ազատազրկման վայրում, մոտ 20-25%-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, իսկ մնացածի նկատմամբ կիրառվում են ազատազրկման հետ չկապված պատժատեսակներ։

Վերջին տարիներին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվում է միջինում 4000 անձ։ Սակայն, կարիքների գնահատման գործուն մեխանիզմի և համապատասխան վերականգնողական ծրագրերի բացակայության կամ խիստ սահմանափակ լինելու պատճառով, ազատազրկվածների ճնշող մեծամասնությունը առանց որևէ զբաղմունքի տարիներ է անցկացնում ճաղերի ետևում: Ի դեպ, զբաղվածության խնդիր կա նաև իրավախախտում կատարած այն անձանց դեպքում, ովքեր ազատազրկված չեն:

Բազմիցս նշվել է, որ իրավախախտում կատարած անձանց վերականգնման և վերաինտեգրման գործում կարևոր դեր են խաղում կրթությունը և զբաղվածությունը: Միջազգային փորձը, այդ թվում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ առկա է ամուր կապ զբաղվածության, մասնագիտական կրթության բացակայության և կրկնահանցագործության ցուցանիշների միջև:

Միջազգային չափանիշներ և գնահատականներ

ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) չափանիշներով՝ «…ազատազրկված անձանց նորմալ կեցության համար ծայրահեղ կարևոր է իրագործել միջոցառումների բավարար ծրագրեր (աշխատանք, կրթություն, սպորտ և այլն): Այս ծրագրերի իրականացումը կարևոր է բոլոր հիմնարկների համար՝ անկախ նրանից, թե ում համար են նրանք նախատեսված՝ դատապարտյալների, թե կալանավորվածների»:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) 2016թ. գործունեության մասին տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվում կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածության խնդրին: Մասնավորապես նշվում է, որ փակ և կիսափակ ուղղիչ հիմնակներում պատիժ կրող դատապարտյալները և նախնական կալանքի տակ գտնվող անձինք օրվա մեծ մասը գտնվում են խցերում և փաստացի չեն կարող ներգրավվել հիմնարկների կենցաղային սպասարկման հետ կապված աշխատանքներում (այդ աշխատանքներում հիմնականում ներգրավվում են կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալները): Նրանք գրեթե չեն մասնակցում նաև ժամանցային միջոցառումներին, զրկված են մարմնամարզությամբ և սպորտով զբաղվելու հնարավորությունից:

Հայաստան կատարած այցելության ժամանակ ԽԿԿ-ն նույնպես արձանագրել է քրեակատարողական հիմնարկներում զբաղվածության խնդիրը: 2010թ. զեկույցում նշվել էր, որ. «…իրենց այցելության ընթացքում պարզ է դարձել, որ քրեակատարողական հիմնարկում պահվող սահմանափակ թվով անձինք են ներգրավված օրինակ՝ արհեստագործության, հեռավար ուսուցման ծրագրերում, կազմակերպված սպորտային գործունեության մեջ։ ԽԿԿ-ն կցանկանար կրկին շեշտել, որ դատապարտյալներին լայնամասշտաբ և նպատակային զբաղվածությամբ ապահովելը նրանց սոցիալական վերականգնման ու վերաինտեգրման էական մասն է կազմում»։

2016թ. զեկույցում նույնպես ԽԿԿ-ն մտահոգություն է հայտնում, որ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձինք օրական 21-23 ժամ փակված են իրենց խցերում՝ հարկադիր պարապուրդի մատնված: Սա հատկապես լուրջ խնդիր է երկար ժամկետով, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում:

Ազատությունից զրկված անձանց օգտակար բնույթի աշխատանքով ապահովելու, ժամանցի հնարավորություն ընձեռելու (սպորտ, խաղեր, մշակութային միջոցառումների և ժամանցի այլ ձևեր), կրթական ծրագրերը հասանելի դարձնելու վերաբերյալ մանրամասն չափանիշներ են պարունակում նաև Եվրոպական բանտային կանոնները: Օրինակ՝ նշվում է, որ ազատությունից զրկված անձանց կրթությունը պետք է գործնականում հնարավորին չափ ներհյուսված լինի երկրի կրթական և մասնագիտական վերապատրաստման համակարգի մեջ, որպեսզի ազատ արձակվելուց հետո նրանք կարողանան առանց դժվարությունների շարունակել իրենց մասնագիտական կրթությունը:

Զբաղվածության առկա հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից Քաղաքացիական հասարակության ինստիտուտին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կալանավորված անձանց և դատապարտյալների վերասոցիալականացման նպատակով, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ՔԿՀ-ներում պարբերաբար կազմակերպվում են մշակութային, լուսավորչական, մարզական և կրոնական միջոցառումներ:

2017 թվականի ընթացքում անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի առաջնություններ, կազմակերպվել են տոնական միջոցառումներ, համերգներ, կինոդիտումներ, ՔԿՀ-ների բակային տարածքի կանաչապատման աշխատանքներ և ծառատունկ:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համագործակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների համար կազմակերպվել է վարսահարդարման դասընթաց (ևս 2 դասընթաց կազմակերպվել էր 2016թ.-ին):

Իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է խեցեգործության, փայտամշակման և փայտի փորագրության, համակարգչային հմտությունների և ոուսաց լեզվի տարրական գիտելիքների դասընթացներ:

Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` ծիսական տոնակատարություններ:

Ինչպես տեսնում ենք, ՔԿՀ-ներում հիմնականում կազմակերպվում են սպորտային կամ ժամանցային բնույթի մեկանգամյա միջոցառումներ, իսկ կայուն զբաղվածություն ապահովող նպատակային ծրագրերի թիվը խիստ սահմանափակ է: Կարծում ենք, ինչպես դատապարտյալների, այլնպես էլ՝ կալանավորված անձանց համար զբաղվածության բավարար և բազմազան ծրագրեր մշակելու և իրականացնելու հարցը շարունակում է արդիական մնալ: Նաև կարևոր է, որ հաշվի առնվեն առանձին խմբերի (անչափահասներ, կանայք, ցմահ ազատազրկվածներ, կալանավորվածներ և այլն) կարիքներն ու առանձնահատկությունները:

Մասնագիտական կրթություն և վերապատրաստում [1]

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխություններից հետո ազատմանը պատրաստվող դատապարտյալները նույնպես հնարավորություն ստացան ընդգրկվելու աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացմանն ուղղված պետական ծրագրերում:

Այն դատապարտյալները, որոնց պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս, հիմնարկի վարչակազմի կողմից գրավոր և բանավոր ծանուցվում են մասնագիտական ուսուցման պետական ծրագրերում ընդգրկվելու իրավունքի մասին: Դատապարտյալի ցանկությամբ նրա տվյալները փոխանցվում են լիազոր պետական մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությանը:

Պաշտոնական տվյալներում՝ այս տարվա ընթացքում 107 դատապարտյալ ստացել են հանրակրթական, մասնագիտական, արհեստագործական, բարձրագույն և հետբուհական կրթություն:

Աշխատանք և եկամուտ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից տեղեկացնում են, որ ընթացիկ տարում աշխատանքով ապահովվել է 415 դատապարտյալ, այդ թվում՝ ներգրավվելով տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից կազմակերպված աշխատանքներում, ընդգրկվելով ինքնագործ միավորումներում, իսկ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալները՝ աշխատանքի տեղավորվելով նաև հիմնարկի սահմաններից դուրս՝ այլ գործատուների մոտ:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2015թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց 20.3%-ն ընդգրկվել է տարբեր բնույթի աշխատանքներում: 2016թ. աշխատանք և զբաղվածություն ունեցողների թիվը կազմել է 34.8%, մասնավորապես 165 անձ ընդգրկվել է ՔԿՀ-ների տեխնիկական-տնտեսական սպասարկման աշխատանքներում, 626 դատապարտյալ ներգրավվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից առաջարկված տարաբնույթ աշխատանքներում, որից 223-ն իրենց համաձայնությամբ ընդգրկվել են ոչ վճարովի աշխատանքներում: Ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 276 անձ (տվյալները վերցված են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան զեկույցներից):

Ի դեպ, բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի 2016թ. կատարած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ՔՀԿ տարածքում սանիտարահիգիենիկ մաքրման աշխատանքներում (սանհանգույցների մաքրություն, աղբահանության) հիմնականում ներգրավված են նույնասեռական կամ այդպիսին համարվող դատապարտյալները: Պատճառն այն է, որ քրեական ենթամշակույթում նման բնույթի աշխատանքները համարվում են «ոչ հարիր», և դրանք կատարում են միայն բանտային հիերարխիայում ամենաստորին օղակը զբաղեցնող, մեկուսացված անձինք (քրեական ենթամշակույթը մանրամասն ներկայացված է երը՝ ՔՀԻ կողմից իրականացված՝ «Ոչ ֆորմալ հարաբերությունները Հայաստանի ազատազրկման վայրերում» զեկույցում [2]: Միաժամանակ, կա կալանավորված անձանց և դատապարտյալների մի մեծ զանգված, որոնք ցանկություն ունեն աշխատելու, եթե հարմար աշխատանք լինի, սակայն, իրենց խոսքերով, նման հնարավորություն չկա:

Ամփոփում

Այսպիսով, իրավախախտում կատարած անձանց վերականգնման և վերասոցիալականացման ծրագրերում շատ կարևոր դեր ունի զբաղվածության ապահովումը, այդ թվում՝ մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացները, աշխատելու և կայուն եկամուտ ունենալու հնարավորության ստեղծումը:

Ազատազրկման վայրում գտնված անձը, անկախ իր մարդկային և մասնագիտական որակներից, աշխատաշուկայում բախվում է խտրական վերաբերմունքի և բազմաթիվ փակ դռների: Պետությունը, նրան աջակցելով, ոչ միայն լուծում է զբաղվածության ապահովման խնդիր, այլև՝ կանխում է կրկին անգամ հանցագործություն կատարելու ռիսկը: Նման դասընթացների կազմակերպումը կարևոր է ոչ միայն ազատազրկված, այլև այլընտրանքային պատիժ կրող և ազատության մեջ գտնվող իրավախախտների համար:


[1] Դատապարտյալներին կընձեռվի մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն

[2]Ոչ ֆորմալ հարաբերությունները հայաստանի ազատազրկման վայրերում. Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի օրինակով

Վերականգնողական ծրագրերի վերաբերյալ՝

Վերականգնողական արդարադատություն. ի՞նչ անել իրավիճակը բարելավելու համար

Ազատազրկված կանայք սովորում են վարսահարդարում

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am