Տեսանկյուն

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարը ՀՀ-ում. պետական և հասարակական կառույցներ

21.12.2017

1993թ.-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984թ. կոնվենցիան (հետայսու՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիա), իսկ 2006թ.-ին վավերացրեց այդ կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը (2002թ.), որով նախատեսվում էր ստեղծել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ:

Մինչ մեխանիզմի ստեղծումը, 2005-2006 թվականներից արդեն գործում էին երկու հասարակական դիտորդական խմբեր՝ մեկն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում, մյուսը՝ Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբ

Այս Դիտորդական խումբը գործում է 2005 թվականից՝ ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով, որի նպատակն է ազատազրկվածների և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունը, նրանց նյութակենցաղային պայմանների բարելավմումը հասարակական վերահսկման միջոցով, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում քրեակատարողական օրենսդրության մեջ փոփոխություններով և լրացումներով հանդես գալը:

Դիտորդական խումբը ներկայումս ունի 10 անդամ, ինչպես նաև խմբի աշխատանքներին ներգրավված է 3 փորձագետ. Բոլորը հասարակական ոլորտի ներկայացուցիչներ են: Նրանց իրավունքները և պարտականությունները սահմանված են Կարգով և էթիկայի նորմերով:

Ամեն տարի հրապարակվում է խմբի գործունեության մասին տարեկան հաշվետվություն, ինչպես նաև՝ խումբը հանդես է գալիս հայտնաբերված խախտումների վերաբերյալ հայտարարություններով, ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետազոտություններով և օրենսդրական առաջարկություններով:

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբ

2005թ. հունվարի 14-ին հաստատվեց ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներքին կանոնակարգը, իսկ մեկ տարի անց՝ 2006թ. մարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետի հրամանով ձևավորվեց Դիտորդական խումբն իր տասնմեկ անդամներով:

Խմբի նպատակն է ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) մարդու իրավունքների խախտման դեպքերի բացահայտումը և կանխումը, այնտեղ պահվող անձանց իրավունքների ապահովման վերահսկողությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, ինչպես նաև՝ առկա իրավիճակի վերլուծության հիման վրա իրավական ակտերի բարեփոխման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը ՀՀ ոստիկանությանը և հասարակությանը:

Ներկայումս Դիտորդական խումբն ունի ինը անդամ:

Իր գործունեության ընթացքում խումբը հրապարակում է տարեկան զեկույցներ, հանդես գալիս հրատապ հաշվետվություններով, որոնց նպատակն է հասարկությանը ներկայացնել ՁՊՎ-ներում տիրող իրավիճակը, բարձրաձայնել բացահատված խնդիրների մասին՝ փորձելով լուծումներ գտնել դրանք վերացնելու ուղղությամբ:

Այս երկու հասարակական դիտորդական խմբերը մինչ օրս գործում են միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ, սակայն դրանք չունեն լիազորությունների այն լայն շրջանակը, որը վերապահված է կանխարգելման ազգային մեխանիզմին: Սակայն այս խմբերը մեծ ներդրում ունեն փակ հաստատություններում հասարակական վերահսկողության մշակույթի ձևավորման գործում, ինչպես նաև՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման կամ բացահայտման, ազատազրկման վայրերում առկա խնդիրների հայտնաբերման և լուծման գործում:

Կանխարգելման ազգային մեխանիզմ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումից երկու տարի անց՝ 2008 թվականին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը լրացվեց 6.1-րդ հոդվածով, համաձայն որի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվեց խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:

Սկզբնական շրջանում մեխանիզմը չուներ առանձնացված բյուջե, բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կար նաև մասնագիտական վերապատրաստումների կարիք: Հասարակական սեկտորի հետ համագործակցության և միջազգային կազմակերպությունների աջակցության շնորհիվ, ինչպես նաև՝ օրենսդրական և գործնական ոլորտում կատարված անհրաժեշտ փոփոխություններից հետո, տարեցտարի զարգացում ապրելով, այսօր կանխարգելման ազգային մեխանիզմը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առանձին ստորաբաժանում է՝ առանձնացված բյուջեով, մասնագիտական թիմով, հստակ լիազորություններով և պարտականություններով և կոչվում է Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչություն:

Վարչությունն ունի 5 աշխատակից, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներին ներգրավված է 4 փորձագետ:

Օրենսդրական փոփոխությունները և կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները  

Մեխանիզմը թեև իր գործունեության ընթացքում կառուցվածքային և բովանդակային որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն նպատակը եղել է և մնում է նույնը՝ Հայաստանում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելումն ազատությունից զրկման վայրերում:

2017 թվականը կանխագելման ազգային մեխանիզմի համար կարևոր փոփոխություններով լի տարի էր: 2016թ. դեկտեմբերին ԱԺ-ն ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ նոր սահմանադրական օրենքը, որում մի շարք կարևոր դրույթներ ամրագրվեցին:

Նախ, առանձին հոդվածով հստակ սահմանվեցին ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները (հոդված 28): Այսօր Մեխանիզմը ազատ մուտքի իրավունք ունի ազատազրկման ցանկացած վայր, և կարևոր օրենսդրական երաշիք է նաև այն, որ թե՛ Պաշտպանի, թե՛ նրա անունից հանդես եկող ցանկացած աշխատակցի կամ փորձագետի մուտքը խոչընդոտնելու համար նախատեսված է քրեական պատիժ:

Բացի այդ, օրենքում ամրագրվեց ազատությունից զրկման վայրերի հստակ սահմանումը և ցանկը, որը նախկինում չկար՝ համապատասխանեցնելով կոնվենցիայի կամընտիր արձանագրության սահմանմանը: Նոր օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ ազատությունից զրկման վայրեր են՝ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերը, քրեակատարողական հիմնարկները, հոգեբուժական կազմակերպությունները, կայազորային կարգապահական մեկուսարանները., ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները, ինչպես նաև՝ ցանկացած այլ վայր, որտեղ անձը գտնվում է փաստացի անազատության մեջ և իր սեփական կամքով՝ առանց պետական մարմնի, պաշտոնյայի որոշման կամ թույլտվության, չի կարող լքել:

Սա հնարավորություն է տալիս Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցներին ազատ մուտքի իրավունք ունենալ անգամ որևէ պաշտոնյայի աշխատասենյակ, եթե կա կասկած, որ այդտեղ անձը կարող է գտնվել անազատության մեջ:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը

Կանխարգելման ազգային անկախ մեխանիզմի գործառույթների կատարման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատակազմում ստեղծել է առանձին ստորաբաժանում՝ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը: Նախկինում՝ մինչև 2016թ. հունիսը, այն կոչվել է Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի վարչություն:

Եթե նախկինում վարչությունը զբաղվում էր նաև անհատական դիմում-բողոքերով, ապա վերջին օրենդրական փոփոխություններից հետո այն զբաղվում է միայն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգով, ընդհանուր բնույթի, համակարգային խնդիրների վերհանմամբ, դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացմամբ, զեկույցների պատրաստմամբ: Իսկ անհատական դիմումներով զբաղվում է ՄԻՊ աշխատակազմի Արագ արձագանքման վարչությունը:

Մեխանիզմը ՄԻՊ տարեկան զեկույցից առանձին, իր ամենամյա գործունեության վերաբերյալ առանձին զեկույց է ներկայացնում Ազգային ժողովի հաստատմանը:

Մեկ այլ կարևոր փոփոխություն էր Մեխանիզմի գործունեության ապահովման համար համար բյուջեի առանձնացումը: Նախկինում մոնիթորինգային այցերին մասնակցող ՀԿ ներկայացուցիչները և փորձագետները ներգրավվում էին կամավորության սկզբունքով, չէին վճարվում, չունեին ամրագրված պարտավորություններ: Այժմ Կանխարգելման ազգային մեխանիզմի համար առանձնացված բյուջեն հնարավորություն է տալիս պայմանագրային հիմունքներով ներգրավել անհրաժեշտ մասնագիտական կարողություններով փորձագետների, վարձատրել նրանց, փոխհատուցել գործուղումների ծախսերը և այլն: Փորձագետներն ունեն հստակ իրավունքներ և պարտականություններ, իսկ նրանց աշխատակարգը և վարքագծի կանոնները հաստատվել են Պաշտպանի հրամանով:

Այս տարի Մեխանիզմի կազմում ներգրավվել է 4 փորձագետ՝ բժիշկ, հոգեբան, հոգեբույժ և սոցիոլոգ:

ՄԻՊ առնընթեր ստեղծվել է նաև Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդ, որտեղ ընդգրկված են խոշտանգումների ոլորտում մեծ փորձ ունեցող ՀԿ-ներ:

Վերը նշված բոլոր փոփոխությունները և օրենսդրական մակարդակում ամրագրված երաշխիքները Մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն են տալիս ավելի համակարգված և արդյունավետ կերպով իրականացնելու խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները:

Սակայն, հարկ է նկատել, որ խոշտանգումների դեպքերի բացահայտումը բավականին դժվար գործընթաց է, իսկ վարչությունն, ունենալով 5 աշխատակից և 4 փորձագետ, չի կարող լիարժեքորեն վերահսկել ազատությունից զրկման բոլոր այն վայրերը, փակ և կիսափակ հաստատությունները, որտեղ հնարավոր են խոշտանգման, վատ և անմարդկային վերաբերմունքի դեպքեր: Ի վերջո,խոշտանգումը ոչ միայն ֆիզիկական բռնությունը և ծեծն է, որը ժամանակին հայտաբերելու, վնասվածքներն արձանագրելու դեպքում հնարավոր է ապացուցել, այլ նաև հոգեբանական ուժեղ ցավը, ճնշումները, անմարդկային տառապանք պատճառելը, ինչը դժվար ապացուցելի է: Սա է նաև պատճառը մեր երկրում խոշտանգումների հատկանիշներով հարուցված քրեական գործերի և ապացուցված դեպքերի խիստ սակավաթիվ լինելը:

Հեղինակ՝ Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am