Տեսանկյուն

Խոշտանգման դեպքերը չեն ապացուցվում, խոշտանգողները մնում են անպատիժ

22.12.2017

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) խոշտանգումների հատկանիշներով հարուցված սակավաթիվ քրեական գործերը, որպես կանոն, նախաքննության փուլում կարճվում են հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով և չեն հասնում դատարան:

Հայաստանի Հանրապետությունը 1993թ.-ին վավերացրեց «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն ՀՀ քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթը Կոնվենցիայի ձևակերպմանը համապատասխանեցվեց միայն վերջերս:

Նախկինում պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնություն գործադրելու դեպքերը քննվում էին ՔՕ 309 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2015թ.-ի հունիսի 9-ին Քրեական օրենսգրքում ավելացվեց 309.1 հոդվածը՝ խոշտանգումը, որը պաշտոնատար անձի կողմից, նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելն է՝ տեղեկություն, խոստովանություն ստանալու կամ պատժելու նպատակով:

Խոշտանգելու համար նախատեսված է 4-8, իսկ ծանրացուցիչ հանգամանքների դեպքում՝ 7-12 տարվա ազատազրկում, նաև՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2014թ.-ին Քաղաքացիական օրենսգրքում կատարվեց նաև լրացում, ըստ որի՝ խոշտանգման զոհը պետությունից կարող է ստանալ մինչև 3 մլն դրամի ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի համար պետական պաշտոնյաները գրեթե միշտ անպատիժ են մնում:

ՀՀ քրեական օրենսգրքի լրացումից ի վեր 309.1-րդ հոդվածի հատկանիշներով քննվել է 20 գործ, որոնցից 15-ը կարճվել է, 2 գործով քրեական գործ հարուցելու մասին որոշումները վերացվել են, իսկ 3-ով նախաքննությունը 2017թ. փետրվար ամսվա դրությամբ դեռևս շարունակվում էր:

Այս պահին 309.1 հոդվածով Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում որևէ քրեական գործ չկա:

Խոշտանգման հատկանիշներ պարունակող շատ դեպքեր շարունակում են որակվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը և նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Այս հոդվածով նույնպես բացահայտման ցուցանիշը չափազանց ցածր է: Տարեկան կտրվածքով եղած մոտ 100 հաղորդումների մոտավորապես կեսով է քրեական գործ հարուցվում, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան է հասնում ընդամենը 1-2 գործ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խոշտանգումների վերաբերյալ բողոքների գերակշիռ մասը ստացվում է ոստիկանության դեմ: Օրինակ՝ 2015թ.-ին ստացված 108 բողոքներից 97-ը ոստիկանության վերաբերյալ է եղել, 8-ը՝ քրեակատարողական վարչության աշխատակիցների, իսկ 3-ը՝ քննչական կոմիտեի վերաբերյալ:

Ինչո՞ւ են քրեական գործերը կարճվում և անգամ չեն հասնում դատարաններ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի կարծիքով՝ դա պայմանավորված է խոշտանգման փաստի առկայությունն ապացուցելու դժվարությամբ, մասնավորապես՝ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի փաստը: Այդ պատճառով հաճախ քրեական գործերը հարուցվում են և արարքները որակվում են ոչ թե խոշտանգման, այլ՝ 309-րդ հոդվածի հատկանիշներով, որպես պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազրություններն անցնելը:

Մասնագետի կարծիքով՝ խոշտանգումների կանխարգելման գործում կարևոր դեր կարող է ունենալ անաչառ, անկողմնակալ բժշկի կողմից պատշաճ և ժամանակին իրականացված բուժզննությունը: «Առաջին հերթին պետք է ապահովել բժշկական անձնակազմի անկախությունը, երկրորդ հերթին պետք է ապահովել բժշկական անձնակազմի պատշաճ վերապատրաստումը Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված՝ խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման, փաստաթղթավորմանը ներկայացվող չափանիշներին համապատասխան»,- նշում է Սիմոնյանը:

Մյուս կարևոր հանգամանքը փաստաբանի ժամանակին և արագ հասանելիությունն է: Ըստ Գոհար Սիմոնյանի՝ փաստաբանի ազատ մուտքը և շփումն իր պաշտպանյալի հետ, նրա ներկայությունն, ինքնին, կարող է լուրջ խթան լինել անձի նկատմամբ վատ վերաբերմունքի բացառման համար:

Ի վերջո, ինչո՞ւ են իրավապահ կառույցներում խոշտանգում կիրառում: Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ, սովորաբար, խոշտանգում կիրառվում է տեղեկություններ և ցուցմունքներ կորզելու նպատակով, հիմնականում՝ ինքնախոստովանական ցուցմունք: Իսկ խոշտանգումների շարունակական կիրառմանը նպաստում է անպատժելիության մթնոլորտը, արձանագրված դեպքերով արդյունավետ քննություն չապահովելը, ոստիկանության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների, հմտությունների պակասը, նրանց բավարար նյութատեխնիկական միջոցներով չապահովելը և այլն: Բացի այդ, ոչ բոլոր դատավորներն են պատշաճ արձագանքում և համապատասխան ընթացք տալիս դատարանում խոշտանգման մասին արված հայտարարություններին։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am